Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարվել է։ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր լարվածությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ ինչո՞ւ է վերսկսվել հակամարտությունը, արդյոք այն կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, և ինչ դեր կարող է ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող այցը Վաշինգտոն։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է կրկին սրվել իրավիճակը, իրանագետ Էմմա Բեգիջանյանն ասաց. «Նորից Իրանի դեմ հարձակումը սկսվեց, քանի որ ԱՄՆ-ն հույս ուներ, որ Օմանի կողմից բացված նոր նավային երթուղու շնորհիվ Հորմուզի նեղուցի հարցը կլուծվի։
Այդ հրադադարը որոշ չափով լուծեց խնդիրը, այսինքն՝ համաշխարհային ծովագնացության համար հնարավորություն ստեղծվեց օգտվել Օմանի ուղղությունից։ Սակայն 1982 թվականի կոնվենցիայի համաձայն՝ որոշակի իրավական կարգավորումներ գործում են նաև Իրանի վերահսկողության գոտում։ Դրանից հետո Իրանը, բնականաբար, արձագանքեց, սահմանափակեց որոշ նավերի տեղաշարժը, եղան նաև միջադեպեր, և իրավիճակը կրկին սրվեց, ինչից հետո ԱՄՆ-ն սկսեց հարվածներ հասցնել»։
«Այժմ հարձակումները դադարեցվել են, իսկ Իրանը հայտարարում է, որ ինքը միայն պատասխան գործողություններ է իրականացնում և առաջինը չի հարձակվում։ Կարծում եմ՝ մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները պարբերաբար սրացումներ լինելու են։ Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը վերսկսվի, սակայն ԱՄՆ-ն ունի նաև իր շահերը, և այս պատերազմը ձեռնտու չէ ոչ Միացյալ Նահանգներին, ոչ էլ համաշխարհային տնտեսությանը»,- ասաց իրանագետ Բեգիջանյանը։
Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության և հնարավոր էսկալացիայի վերաբերյալ։ Միաժամանակ Պարսից ծոցի մի շարք երկրներ դիմել են ամերիկյան վարչակազմին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել Իրանի նկատմամբ։
Մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանի հարևան երկրներին թշնամի չի համարում, իսկ իր գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի դեմ։ Նա նաև ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո Թեհրանը մտադիր է վերականգնել վստահությունը հարևանների մոտ և շարունակել երկխոսությունը։
Շատ միջազգային փորձագետներ չեն բացառում, որ հակամարտությունը կարող է կրկին վերածվել լայնամասշտաբ պատերազմի։ Այս առնչությամբ իրանագետն ասաց, որ ոչինչ բացառել պետք չէ, ամեն ինչ հնարավոր է։
Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ Սպիտակ տանը նախատեսված է նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ իրանագետի՝ հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է հենց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այս պահին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հակապատերազմական դիրքորոշում ունի, և նկատվում է բանակցային գործընթացի ակտիվացում։ Սակայն Նեթանյահուն կարող է փորձել փոխել իրավիճակը և ազդել հետագա զարգացումների վրա»,- եզրափակեց Էմմա Բեգիջանյանը։

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»
Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի