2018-ին փողոցի ուժով Հայաստանի վարչապետ կարգվելուց հետո (հիշենք, որ կա՛մ ինքը կլիներ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չէր ունենա) «դուխով» Նիկոլը ոստիկանության աշխատակիցներին խումբ առ խումբ սկսեց ուղարկել սահմաններ:
Հրապարակ թերթը գրել է․ Դրանք միմյանց փոխարինելով ծառայում էին իր հեղափոխական խոստումների հիման վրա: Ինչը տևեց մեկ տարուց մի փոքր ավելի. 2019-ի աշնանը գնացածները վերադարձան, փոխարինողները չգնացին: Արդեն այդ ժամանակ գիտակցեց, որ չի կարելի իրենից օտարել այն ուժը, որի վրա հենվելու էր կառավարման մնացած տարիներին:
Գանք մեր օրերը: Նախորդ օրը «Հրապարակ»-ը հրապարակել էր փաստաբան Գևորգ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը հանրային պաշտպաններին (ՀՊ) մեկ ամսով վարժական հավաքների «հրավիրելու» (չակերտները դրվել են իմ կողմից) մասին: Որտեղ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանը (իր անունն առկա չէ ՀՊ ցուցակում) խոսում է մասնագիտական զբաղվածության տեսակետից 78 պաշտպանի այդ գործում ներառելու անթույլատրելիության մասին: Ու բարձրացնում է այն հարցը, թե ինչու չեն «պետության կողմից ներգրավված մյուս հանրային մասնակիցները հրավիրվում վարժական հավաքների»:
Այդ հարցապնդմանն առաջին ռեակցիան, բնականաբար, համահունչ է փաստաբանի գաղափարին: Որպես օրինակ վերցնենք պարեկներին: «Որքա՞ն է պարեկային ծառայության աշխատակիցների քանակը» հարցին ստացա նման պատասխան: «ՀՀ ՆԳՆ-ն գաղտնի է պահում Պարեկային ծառայության աշխատակիցների (պարեկների) հստակ ընդհանուր քանակը։ Ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման՝ այդ տվյալները հանդիսանում են պետական կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն»: Ինչն, իհարկե, անհեթեթություն է՝ փողոցը կարգավորող ոստիկաններին փոխարինող պարեկների թիվը չի կարող լինել փակ տեղեկատվություն: Բայց Գուգլը միաժամանակ տվյալներ հաղորդեց, ինչը ենթադրել է տալիս, որ դրանց քանակն ավելի է 2,000-ից: Ինչևէ, սահմանափակվենք հենց 2 հազարով:
Ի՞նչ է ստացվում: Եթե 78 հոգուց հնարավոր է վարժական հավաքների տանել թեկուզ առնվազն մեկին, ապա նույն տրամաբանությամբ 2000-ից կարելի է տանել ավելի քան 25-ի պարեկի: Եվ եթե հանրային մեկ պաշտպանի բացակայության դեպքում 193 քաղաքացի զրկվում է պատշաճ պաշտպանությունից, ինչպես հաշվարկել է փաստաբանը, ապա չեմ կարծում, թե 25 պարեկի բացակայությունը նույնիսկ կնկատվեր: Նույնն ամբողջությամբ կարող ենք ասել քննիչների առումով՝ ուղղակի այդ դեպքում կբացակայեր 14 քննիչ: Քննիչների քանակի վերաբերյալ հարցը գուգլելը բերեց այսպիսի պատասխան. մոտ 1000 մարդ քննչական կոմիտեում, 40-50 հակակոռուպցիոն կոմիտեում ու X մարդ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում: Ենթադրաբար մի 40-50-ն էլ այնտեղ. ընդամենը 1080-1100 հոգի:
Բայց ողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը մեծ հաճույքով միանգամից 78 փաստաբանի մեկ ամսով կկտրի գործից, քան թե նույնիսկ 10-ական պարեկի կամ քննիչի: Որովհետև այդ իշխանությունը հիմնված է հենց ոստիկանական, նաև քննչական կամ դատախազական «կաստաների» վրա: Ցավում եմ, որ պետական մտածողությամբ օժտված փաստաբանը դա չի գիտակցել: Կամ էլ գիտակցելով հանդերձ՝ առաջ է քաշել ֆանտաստիկ այդ գաղափարը երկրում ինչ-որ բան փոխելու մտադրությամբ: Բայց նույնիսկ այդ դեպքում գոյության իրավունք ունեցող այդ հարցադրումը կարող է կյանքի կոչվել միայն այն իշխանության պարագայում, որի թիվ մեկ խնդիրն ինքն իրեն պաշտպանելը չէ:
ՀԳ. Առաջինը պարեկներին հիշելը պատահական չէր ստացվել: ՔՊ-ական պատգամավոր Կոնջորյան Հայկի եղբայր Ավետի՝ գիշերները կատարվող փողոցային «հերոսությանն», ըստ լրագրողների, ուղեկցել է պարեկային մեքենա: Եվ եթե իրենք այդքան ազատ են, ապա դա նշանակում է, որ իրենց կողմից «իրական» Հայաստանի սահմանները պաշտպանելը դժվար թե բացասաբար անդրադառնա հասարակական կարգ ու կանոնի պահպանության վրա:

Բաց մի թողեք
Փաշինյանը հերթով «փչացնում» է թիմակիցներին
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն
Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. Լուսանկար