02/08/2026

EU – Armenia

ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը շնորհավորել է իններորդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ և ասել, որ այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը:

«Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա ընտրած ներկայացուցիչների միջոցով»,- ասել է նախագահը:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ քաղաքացիներին՝ Խաչատուրյանը նշել է՝ նրանց ակտիվ մասնակցությունը ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանտվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը:

«Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, միաժամանակ շնորհավորում եմ ԱԺ անցած քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ասել է նախագահը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը: