05/08/2026

EU – Armenia

Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի

Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի շտապօգնության խումբը մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այգետնակի հարակից տարածքում հայտնաբերել է տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա և խայթել բժշկուհուն։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս Օ․-ին պատկանող մեղվի փեթակները տեղափոխելու ժամանակ փեթակներից դուրս են եկել մեղուները և հարձակվել ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Վաչագան Հ․-ի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։ Նա ստացել է բազմաթիվ մեղվի խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։