Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման շուրջ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին տարեդարձին։
Հայտարարության մեջ ասված է.
«Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովեց՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վկա լինելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը (Trump Route for International Peace and Prosperity)։
Վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումը գործնական առաջընթացի վերածելու ուղղությամբ։
TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։Խաղաղությունը հնարավորություն է ստեղծել խորացնելու Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։
Այսօր ուրախ եմ հայտարարել, որ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամն (Trans-Caspian Enterprise Fund) արդեն սկսել է գործել։ Հիմնադրամը ղեկավարում է նորընտիր տնօրենների խորհուրդը, իսկ դրա կապիտալը կազմում է 201 մլն ԱՄՆ դոլար (խմբ. ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանն օրերս հայտնել էր, որ հիմնադրամի կապիտալը կրկնապատկվել է՝ հասնելով 402 միլիոն դոլարի)՝ տրամադրված ԱՄՆ կառավարության կողմից։ Նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) երկայնքով։
Այս առաջընթացը վկայում է մի պարզ ճշմարտության մասին՝ խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ամրապնդում են միմյանց։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո։
Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա հետագա քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Մենք շնորհավորում ենք երկու երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած խիզախության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին»։

Բաց մի թողեք
Ոչ թե ժողովրդի պահանջով, այլ արտաքին օրակարգի սպասարկման համար
Գանձասարի վերջին դրվագը ևս մեկ անգամ ցույց տվեց Մատենադարանի նման հաստատությունների արժեքը
Այս պատկերազարդ գրքույկն ում ասես ցույց չի տվել, ում ասես չի նվիրել. Լուսանկար