12/08/2026

EU – Armenia

Երկու ամիս է անցել, իսկ նրանք դեռ հաշվում են ու գնահատում

Հունիսի 19-20-ը տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջեւան գյուղերին։ Խոշոր, հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների, անասնագոմերի, տներին կից սարայների ու այլ շինությունների ասբոշիֆերի ծածկերը, վնասել դրսում կայանած ավտոմեքենաները:

Հրապարակ թերթը գրել է․ Կարկուտը վնասել է Ոսկեպարի 3 ընտանիքներին պատկանող արեւային կայանները։ Կիրանցին կից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում կայացած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներ կարկուտից վնասվել են։ Իջեւանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանների հանձնաժողովները կարկտահարությունից տուժած գյուղացիների դիմումների հիման վրա տեղերում հաշվարկել են կարկտահարության պատճառած վնասները, այդ տվյալները ներկայացրել Տավուշի մարզպետարան։
Հուլիսի 15-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Որքա՞ն է գնահատված, հաշվարկված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հունիսի 19-20-ի կարկտահարության պատճառած վնասները։ Կառավարությունը նախատեսո՞ւմ է կարկտահարությունից տուժածներին ցուցաբերել օգնություն, եթե այո՝ ե՞րբ , ի՞նչ ձեւով»։

Հուլիսի 24-ին ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է․ «2026թ․ հունիսի 19-20-ը Իջեւան եւ Նոյեմբերյան համայնքում կարկտահարության վնասների հետ կապված բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել եւ ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում եւ հրապարակում է արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 23․06․2026թ․N 547-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական եւ ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաեւ կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման եւ դրա ազդեցության գնահատման նպատակով»։

Տավուշի գյուղերում ուժեղ կարկտահարություններից անցել է գրեթե 2 ամիս, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի ամփոփել, հրապարակել կարկտահարությունների պատճառած վնասների չափերը, այդ վնասները փոխհատուցելու մասին էլ չենք խոսում։