12/08/2026

EU – Armenia

Կրքերը չեն հանդարտվում. լարված իրավիճակ էր ԱԺ-ում

Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ։

Վարդանյանի այն հայտարարությունից հետո, թե իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է «Փաշազադեի ու Ալիևի» պահանջներով, ՔՊ խմբակցության պատգամավորները սկսել են տեղից արձագանքել։

Ի պատասխան՝ Վարդանյանը ասել է․ «Ամոթը Ալիևի ու Փաշազադեի պահանջներն իրականացնելն է»։

ԱԺ նիստում Սահմանադրության փոփոխության թեմային անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ իշխանության դիրքորոշումը կապելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ։

Վարդանյանը նշել է, որ 2021 թվականին Ալիևը խոսել է Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։

«Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները փաստացի համընկնում են Ադրբեջանի նախագահի առաջադրած պահանջների հետ։

«Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը»,- հայտարարել է Վարդանյանը։

Քննադատությանը արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։