Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկինքը կարծես որոշել է մեզ համար բացել իր ամենագաղտնի էջերից մեկը։ Երազանք պահեք՝ սիրո, ամուսնության, երեխա ունենալու մասին։ Ասում են՝ այսպիսի գիշերներին երկինքը լսում է… Իսկ գուցե նաև իրականացնում։
Մի քանի ժամվա ընթացքում տիեզերքը կդառնա մեծ բեմ, որի վրա իրար կհաջորդեն երեք հազվագյուտ ու հիասքանչ երևույթներ։
Վեց մոլորակների շքերթը
Լուսաբացից դեռ շատ առաջ երկնքում իրար կողք կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Վեց հեռավոր աշխարհներ՝ կարծես մեկ ակնթարթում միավորվելով երկնային մի խորհրդավոր երթի մեջ։ Դիտել արժե արևածագից մի քանի ժամ առաջ, երբ գիշերվա լռությունը դեռ չի նահանջել լույսի առաջ։
Արեգակի լրիվ խավարումը
Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև՝ մի պահ իր ստվերով ծածկելով Արեգակի սկավառակը։ Երևանի ժամանակով խավարման առավելագույն փուլը կլինի 21:47-ին։ Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով, իսկ Եվրոպայի մի շարք երկրներում այն կերևա մասնակի։
Լրիվ խավարման գոտին կձգվի մոտ 294 կիլոմետր, իսկ Արեգակի ամբողջական մթագնումը կտևի ընդամենը մոտ 2 րոպե 18 վայրկյան։ Երկնքի այդ վիթխարի ներկայացումը, սակայն, Հայաստանից տեսանելի չի լինի՝ մեր երկիրը չի հայտնվի ո՛չ լրիվ, ո՛չ մասնակի խավարման գոտում։
Եվ հետո՝ Պերսեիդները
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը երկինքը կշարունակի իր հրաշքը՝ հասնելով նաև Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն ակտիվությանը։ Մութ ու պարզ երկնքի տակ հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ լուսավոր հետքեր՝ այն, ինչ մենք մանկուց անվանում ենք «ընկնող աստղեր»։
Եվ գուցե հենց այդ պահին արժե մի պահ լռել, հեռախոսը մի կողմ դնել ու պարզապես նայել վերև։
Որովհետև երբեմն տիեզերքը մեզ ոչինչ չի ասում բառերով։
Նա պարզապես բացում է իր անսահմանությունը մեր գլխավերևում՝ հիշեցնելով, թե որքան փոքր ենք մենք, և միաժամանակ՝ որքան հրաշալի է այն աշխարհը, որի մի մասն ենք։

Բաց մի թողեք
«Ուզո՞ւմ եք ավելի մուգ լինել»․ Արևի լրիվ խավարման իդեալական երգացանկը. Տեսանյութեր
Ալեքսանդր Դյուման, Կովկասը եւ հայերը
Տղային տվեցին աղջկան. Լուսանկար