12/08/2026

EU – Armenia

Ադրբեջանին վերագրվել է «տարածաշրջանային կայունացնողի» դերակատարություն

Եգիպտոսը չի միանա «Մեքքայի համաձայնագրին»,- տեղեկացրել է Turkiye պարբերականը, որի գնահատմամբ՝ Կահիրեի այդ որոշումը պայմանավորված է Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմավարական հարաբերություններով։

Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ «բանակցությունների ընթացքում եգիպտական կողմը նշել է նաև Հնդկաստանի հետ տնտեսական ամուր կապերը, ինչպես նաև Իսրայելի հավանական արձագանքը»։

Իսրայելական vesty-ն իր հերթին մտավախություն է հայտնել, որ «եռյակ դաշինքի» երկրներից մեկը կարող է «Իսրայելի զգոնությունը բթացնել և նրա դեմ հարձակում նախապատրաստել»։ Ակնարկը վերաբերում է Թուրքիային, որ «կարող է Սիրիային մղել Իսրայելի հետ հաշտության, բայց իրականում Դամասկոսին մղել ռազմական բախման»։

Սիրիայի շուրջ իրավիճակը վերջին օրերին լարվել է, երբ Իսրայելը պահանջել է արաբական հանրապետության տարածքից դուրս բերել «միջուկային տարրերը»։ Խոսքը սիրիական միջուկային օբյեկտի մասին է, որ Իսրայելի կողմից ռմբակոծվել է 2007թ․-ին։ Երուսաղեմում մտավախություն ունեն, որ «պահպանված տեխնոլոգիաները կարող են անցնել Թուրքիայի վերահսկողությանը»։

Իրականում, հավանաբար, Իսրայելում մտավախություն ունեն, որ Սիրիայի «միջուկային օբյեկտը» Թուրքիայի միջոցով կարող է անցնել Պակիստանին, որ փաստացի միջուկային երկիր է։ Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Սիրիայից «միջուկային տարրերը» դուրս բերելու բանակցություններին ներգրավվել է նաև ԱՄՆ-ը։ Կարծես թե համաձայնություն է ձեռք բերվել, որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը «կստանձնի սիրիական օբյեկտի վերահսկողությունը»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, մինչդեռ, «Մեքքայի համաձայնագրին» Եգիպտոսի մասնակցության հավանականությունը «բարձր» է գնահատել։ Նրա կարծիքով՝ «կողմերին մնում է կարգավորել մի քանի տեխնիկական խնդիրներ»։

Այդ ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ՝ նա չի մանրամասնել։ Իսրայելական ybet-ի մեկնաբանը իրավիճակը ձևակերպել է այնպես, որ հրեական պետության շուրջ «շիադավան առանցքը թուլացել է, չի կարելի թույլ տալ, որ այն փոխարինվի սուննիականով»։

Ըստ նույն աղբյուրի, Իսրայելը «պետք է կարողանա համաձայնության հասնել Արաբական միացյալ էմիրությունների և Հորդանանի հետ»։ Բաքվի minval politika-ն Ադրբեջանին վերագրել է «տարածաշրջանային կայունացնողի» դերակատարություն՝ ակնարկելով Իրանի հետ հարաբերությունների «զգալի բարելավումը»։

Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների տարեդարձի առթիվ ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել և վերահաստատել խաղաղության հաստատման հանձնառությունը։