13/08/2026

EU – Armenia

Ալիևի իշխանությունը անկեղծ չէ առաջին հերթին հայ-ադրբեջանական կարգավորման հարցում

Հայաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցի առթիվ Վլադիմիր Զելենսկին սոցցանցային գրառում է կատարել և ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները «ավելի կառուցողական են դառնում»։

Ուկրաինայի նախագահը ըժտեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվել են «շփումները շարունակել»։ Նախօրեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան Հայաստանի պաշտոնակից Միրզոյանին «վերանշանակման առթիվ շնորհավորել» է։

Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում «կառուցողականության ամրապնդումը», իհարկե, դրական է։ Ուկրաինայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Կիևյան -Պեչորայի մայրավանքի հիմնադրման տարեդարձի առթիվ շնորհավորանքի համար՝ կարևորել նրա նշանակությունը «տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների համար»։

Այս համատեքստում ուկրաինական telegraf կայքը մի հրապարակում է արել, ինչից պարզ է դարձել, որ Ուկրաինայում տպագրության է պատրաստվում «Հարավային Կովկասի ավելի վաղ պատմության մասին» գիրք, որը նվիրված է «մի անհետացած քաղաքակրթության»։

Լրատվամիջոցի անոնսից հետևում է, որ «պատմական փաստերի վրա հիմնված աշխատությունը նվիրված է Հայաստանի տարածքում թյուրքական քաղաքակրթությանը, որ հետևողականորեն վերացվել է ցարական Ռուսաստանի, ապա և Խորհրդային Միության տիրապետության շրջանում»։

Ո՞վ է այդ գրքի իրական հեղինակը, կասկածել պետք չէ, այն գրվել է Ադրբեջանի իշխանությունների պատվերով և սպասարկում է տարածաշրջանի պատմական անցյալի մասին ադրբեջանական կողմի «գիտական շահերը»։

Ուկրաինան, իհարկե, Ռուսաստանի հետ իր խնդիրները ու նաև քաղաքակրթական «բանավեճը» ունի, բայց դրանից չի հետևում, թե այն պետք է տարածվի նաև Հայաստանի, հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնությունը կասկածի տակ առնելու՝ Ադրբեջանի նկրտումները «հիմնավորելու» վրա։

Կարելի է ասել, որ Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, գրքի հեղինակները «մասնավոր տեսակետ են հայտնել», բայց դա կլինի զուտ դիվանագիտական «ձեռնալվա»։ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները աավելի կառուցողական, Երեւան-Կիև շփումները վստահելի չեն լինի, եթե Կիևում գիրք է քարոզվում, որ բացահայտ կեղծում է Հայաստանի պատմությունը և աջակցում Ադրբեջանին։

Պաշտոնական Բաքուն, անկասկած, հայ-ուկրաինական երկխոսությամբ և կառուցողական հարաբերություններով շահագրգռված չէ։ Ադրբեջանին ձեռնտու է ներկայանալ որպես Հարավային Կովկասում Ուկրաինայի «միակ գործընկեր», դա երկու երկրների խնդիրն է։

Բայց երբ փորձ է արվում այդ նպատակին հասնել Հայաստանի, նրա պատմության և քաղաքակրթական ինքնության հաշվին, պետք է արձանագրել, որ Ալիևի իշխանությունը անկեղծ չէ առաջին հերթին հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։