ԵՄ-ի մասին երազող Հայաստանի իշխանությունները, թվում է, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երազանքն այդպես էլ իրականություն չդառնա՝ չգիտես՝ հատուկ դիտավորությա՞մբ, ապաշնորհությա՞մբ, թե՞ իրենց էությունը զսպելու անկարողությամբ։
Մեր պետության ցանկացած ոլորտում ԵՄ-ի քիմքին ոչ հաճո գործընթացներ ու զարգացումներ են լինում, որոնք Հայաստանի համար բոլորովին էլ դեպի Եվրոպական միություն ճանապարհ չեն ուղենշում, հակառակը՝ ավելի ու ավելի են հեռացնում այդ ուղուց։ Վերցնենք կամայական որևէ ոլորտ։
Թեկուզ հենց վերջին ժամանակաշրջանում մեր պետության թերևս ամենախնդրահարույց ոլորտը՝ արտահանման շուկայի, որը դիվերսիֆիկացնելու խոստումներով օրվա իշխանությունները ճգնաժամի առաջ կանգնեցրեցին և տևական ժամանակ է՝ չեն կարողանում խնդիրը հարթել՝ հատկապես հայ ֆերմերներին, գյուղացիներին սննկացման եզրին հասցնելով։
Իր անհեռանկարային ու չհավասակշռված քայլերով հենց Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի համար փակի արտահանման հիմնական շուկան՝ դրանից առաջ հայկական արտահանման շուկան ամենամեծ կախվածության մեջ դնելով հենց ռուսական շուկայից։
Եվ դա անմիջապես սառը ցնցուղի ազդեցությամբ անդրադարձավ գյուղատնտեսության վրա՝ գրեթե զրոյացնելով մեր տնտեսության վրա այդ ոլորտի ունեցած դրական ազդեցությունը։ Եվ այս ամենի ֆոնին օրակարգային դարձավ սննդի արտադրության ոլորտում առկա անվերահսկելի վիճակը, ինչի մասին անգամ Փաշինյանն է տարբեր առիթներով ու մի քանի անգամ խոսել՝ գյուղացիներին, ֆերմերներին մեղադրելով անորակ սնունդ արտադրելու մեջ։ Ոչինչ, որ իր բնորոշմամբ՝ այդ անորակ սնունդն ըստ պատշաճի չի վերահսկվում, այդտեղ նա խնդիր չի տեսնում, բայց որ գյուղացին չի կարողանում հաշվարկել, թե բերքը աճեցնելուց ինչ քանակությամբ պարարտանյութեր պետք է օգտագործի կամ ձկնարտադրության մեջ ինչ կեր պետք է օգտագործվի, դա իր կարծիքով սննդի որակը կանխորոշող հիմնական խնդիրն է։
Նման զարգացումների ժամանակ էլ սկսեցին բարձրաձայն խոսել այն մասին, որ հայկական արտադրության մթերքը չի համապատասխանում ոչ միայն ԵՄ չափորոշիչներին, այլ անգամ ԵԱՏՄ չափորոշիչներին, ինչի պատճառով էլ ԵԱՏՄ երկրներն արգելեցին դրանց ներմուծումն իրենց շուկաներ։
Խնդիրը տևական ժամանակ է՝ առկա է. ՀՀ իշխանությունները դրա պատճառները շտկելու և այդ ուղղությամբ քայլեր ու ծրագրեր իրականացնելու փոխարեն զբաղված են գյուղացիների ու արտահանողների գլխների տակ փափուկ բարձ դնելով, թե իրենց համար եվրոպական շուկաների դռները կրնկի վրա կբացվեն ու ավելի մեծ շահութաբերություն կապահովվեն, քանի որ եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի գինն ավելի բարձր կլինի։ Ի հեճուկս այդ հավաստիացումների՝ եվրոպական շուկաները շարունակում են փակ մնալ տեղական արտադրանքի համար, քանի որ դրանք համապատասխանեցված չեն եվրոպական չափորոշիչներին՝ որքան էլ ոլորտի պատասխանատուները պնդեն, թե նույն եվրոպական հումքով ու տեխնոլոգիաներով են աճեցվում ելակը և այլ գյուղմթերքները։
Եվրոպայի համար չի կարող խնդրահարույց չլինել նաև Հայաստանի դատաիրավական համակարգում առկա վիճակը, երբ մեկ հոգու քմահաճույքով ու հանրային հրամաններով ուժայինները գործեր են հարուցում քաղաքական, հանրային, մշակութային գործիչների, խոշոր տնտեսվարողների, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեմ, որոնք ընդամենը իրենց այս կամ այն հայտարարությամբ զայրացրել են երկրի վարչապետին կամ որոնք իրենց հայրենանպաստ գործունեությամբ «համարձակվել» են Ալիևի հետ Փաշինյանի խաղաղասիրական պայմանավորվածությունները վտանգի տակ դնել։
Դիցուք՝ Արցախի հայկականության համար պայքարող Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ՀՀ իշխանությունների պայքարն ավելի անողոք փուլ մտավ այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն Շվեյցարիայում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շրջանակում, խոսեց Արցախի բռնազավթման, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքների, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու պատանդների, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության մասին։ Կամ բարերար ու գործարար, այսօր քաղբանտարկյալ համարվող Սամվել Կարապետյանի դեմ գործ հարուցվեց այն բանից հետո, երբ նա անհանդուրժելի համարեց Եկեղեցու դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը և հայտարարեց, որ թույլ չի տալու դա։ Սամվել Կարապետյանը դրանից հետո ոչ միայն հայտնվեց փակի տակ, այլև նրանից հանդգնորեն խլվեց ՀԷՑ-ը՝ այն պետականացնելու ճանապարհով։ Նման օրինակները բազմաթիվ են։
Կա՞ եվրոպական որևէ երկիր, որտեղ Հայաստանում նման պատրվակներով բանտարկված քաղաքացիների գոնե մեկ երրորդի չափով քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներ լինեն։ Դա քիչ է. ողջ ՔՊ-ական թիմով, նախքան գործի դատական քննությունը, ամեն ինչ արվում է այդ մարդկանց վարկանիշն ու անունը արատավորելու, նրանց հանցագործ, անգամ գործակալ ու ազգի թշնամի հռչակելու համար՝ հնարավոր բոլոր տարբերակներով խախտելով այդ մարդկանց անմեղության կանխավարկածը։ Եվրամիության անդամ որևէ պետության մեջ նման մեկ դեպքն անգամ վստահորեն քաղաքական պարսավանքի կարժանանար ԵՄ պաշտոնյաների կողմից, և չի բացառվում, որ աղմկահարույց պաշտոնանկություններ լինեին։ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում՝ դատաիրավական համակարգի նկատմամբ նման վերաբերմունքով ինչպե՞ս պետք է կարողանա շարունակել պաշտոնավարումը, եթե ինչ-որ հրաշքով կարողանա մուտք գործել ԵՄ։
ԵՄ-ի կողմից առանձին քննության ու քննադատության կարժանանային նաև Փաշինյանի՝ խոշոր գործարարների ձեռքից նրանց բիզնեսները խլելու գործողությունները՝ որքան էլ Փաշինյանը ջանք գործադրեր նրանց համոզելու, թե այդ բիզնեսներն անօրինական ճանապարհով են հայտնվել տվյալ մարդկանց ձեռքում։ Այդ դեպքում հարց կառաջանար՝ հանցավոր լռությո՞ւն է պահպանել Փաշինյանը և հանցավոր համաձայնությա՞ն է եկել իր կողմից մեղադրվող անձանց հետ՝ կառավարման նախորդ տարիներին թույլ տալով, որ տնտեսվարողները հաջողությամբ իրականացնեն իրենց բիզնեսը և անգամ որոշակի արտոնություններ սահմանելով նրանց համար։
Պատկերացնո՞ւմ եք՝ ԵՄ որևէ պետության ղեկավար անվանարկել Հռոմի Պապին, նրան ամենուրեք կոչել իր ավազանի անունով ու հայտարարել, թե չի ընդունում նրա հոգևոր գերակայությունը և նրան Հռոմի Պապ չի համարում։ Ավելին՝ դատական գործեր հարուցեր նրա դեմ և քայլեր ձեռնարկեր Հռոմի Պապին աշխարհիկ իշխանությունների միջոցով այլ անձով փոխարինելու՝ ոտնահարելով բոլոր եկեղեցական ու հոգևոր օրենքները։ Այդ ղեկավարին, չի բացառվում, որ խելապակաս համարեին ու դատաբժշկական փորձաքննության ուղարկեին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվ վերջապես, Եվրոպական ընտանիքի անդամ դառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը և իր թիմի որոշ անդամներ լավ կլինի բարեվարքության դպրոց ավարտեն ու հիմնովին վերանայեն թե՛ իրենց բառապաշարը, թե՛ խոսույթը։ Եվրոպական միության անդամ ո՞ր երկրի ղեկավարն եք տեսել, որ սպառնալի ու հայոյախառը, հիստերիայի հասնող տոնով, ոչ ցենզուրային ու փողոցային բառերով համեմված խոսույթ բանեցնի, հանրայնորեն հայտարարի ու բղավի, որ իր քաղաքական ընդդիմախոսներին «կզցնելու», «չոքցնելու» է, որ նրանց վրա ոչ միայն մատ է թափ տալու, այլև նաև «ուրիշ բան»՝ այդ արտահայտության սեռական իմաստով, որ իրեն չենթարկվող դատավորների մասին օգտագործի «պատերի տակ վնգստացողներ» որակումը, որ ԱԺ բարձր ամբիոնից արտաբերի «համբալ» բառը, որ իր թեթև ձեռքով տեղահանված արցախցիների մասին ասի՝ «փախածներ», ինչը նաև Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից քննադատության արժանացավ։
Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսից ընտրված պատգամավոր Կոստաս Մավրիդեսն անընդունելի համարեց Արցախից բռնի տեղահանվածների մասին Փաշինյանի որակումը՝ ասելով, որ թեև քաղաքականությունում, հատկապես ընտրարշավների ժամանակ, քաղաքական գործիչները երբեմն թույլ են տալիս բավական ծայրահեղ արտահայտություններ, սակայն նա «երբեք չէր սպասի, որ Հայաստանի վարչապետը նման լեզու կկիրառի և այդպես կվարվի այն արցախահայերի հանդեպ, ովքեր ստիպված լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Հայաստանում»։ Փաշինյանի այսօրինակ բառապաշարը բավականին հարուստ է. թող որևէ մեկը դրանում չկասկածի, և որքան էլ նա դրանք փորձի կոծկել իր եվրոպացի բարեկամներին սրտիկներ ուղարկելով, միևնույն է՝ նման վարչապետ ունեցող երկիրը դժվար թե հավակնի հայտնվել ԵՄ բարեկիրթ ընտանիքում, որտեղ երկրների ղեկավարների շարքում մերը իր այդ վարքով ամենայն հավանականությամբ վայրենու տպավորություն կթողներ։
Այնպես որ, ԵՄ-ի ճամփան բռնելուց առաջ պետության ղեկը ստանձնած անձը նախևառաջ պետք է ինքն իրեն բարեփոխի ու համապատասխանեցի ԵՄ ղեկավարների վարքագծի ու պահվածքի չափորոշիչներին, նոր գնա ու կամացուկ թակի նրանց դուռը։

Բաց մի թողեք
Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում․ Միքայել Սրբազան
Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ
Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից