03/10/2026

EU – Armenia

Շաքի գյուղում տեղի ունեցածի իրական վտանգները

Շաքի գյուղում օրերս տեղի ունեցածը հազարից մեկ պատահող փորձանք չէ, այլ՝ սպասվող ապագայի նախերգանքն է։

Արդեն մի քանի օր է՝ հասարակությանը ցնցած այդ դեպքի վերաբերյալ պետական մարմինները պատշաճ և հստակ պատասխան չեն տվել։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ Ադրբեջանից Հայաստան ներխուժած զինված անձի մասին հանրությունը տեղեկանա միայն այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել է մտնել բնակավայր և վնասել մարդկանց, իսկ դրանից հետո միայն պարզվի, որ հատուկ մարմիններն այդ ներխուժման մասին ավելի վաղ են իմացել:
Նորմալ պետությունում համապատասխան մարմինները նման իրավիճակում պետք է գործեին անհապաղ։ Առաջին քայլերից մեկը պետք է լիներ տեղի բնակիչներին զգոնության կոչ անելը, նրանց պատշաճ տեղեկացնելը և անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը։ Բայց դա չի արվել։ Փոխարենը՝ մարդը կարող է խաղաղության մասին բղավել, իսկ այսօր գնալ և մասնակցել դեղին ավտոբուսի շահագործման միջոցառման։

Սակայն այս պատմության ամենավտանգավոր կողմն այն է, որ հասարակության մոտ միանգամայն բնական հարց է առաջանում՝ իսկ վաղը ի՞նչ է լինելու, եթե ոչ թե մեկ, այլ մի քանի տասնյակ զինված մարդ անցնի սահմանը և հայտնվի հայկական որևէ գյուղում։ Արդյո՞ք պետական մարմինների արձագանքն այդ դեպքում նույնպես նույնը կլինի։

Եթե պետությունը ժամանակին չի տեղեկացնում իր քաղաքացիներին, չի ներկայացնում կատարվածի ամբողջական պատկերը և չի ձեռնարկում նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ քայլերը, ապա քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ այդ դեպքում ո՞ւմ անվտանգությունն է պետությունն իրականում ապահովում։

անկախությունն ու անվտանգությունը հայտարարություններով չեն ապահովվում։ Անվտանգությունը նախևառաջ այն է, որ սահմանամերձ գյուղում ապրող մարդը վստահ լինի՝ իր պետությունը տեսնում է իրեն, լսում է իրեն և անհրաժեշտ պահին պաշտպանելու է իրեն։

Իսկ երբ իշխանության պատկերացմամբ անվտանգությունը սահմանափակվում է պաշտոնյաների թիկնապահներով, ոստիկաններով և իշխանական շքախմբով, ապա դա արդեն հասարակության համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։

Շաքիի դեպքը պետք է ոչ թե լռեցվի կամ մոռացվի, այլ դառնա լուրջ հարցերին պատասխանելու պահանջի առիթ։ Ո՞վ գիտեր ներխուժման մասին, ե՞րբ է իմացել, ինչո՞ւ ժամանակին չի տեղեկացվել բնակչությունը, և ի՞նչ է արվելու, որպեսզի նման իրավիճակը չկրկնվի։

Որովհետև անվտանգության մասին խոսելը մի բան է, իսկ քաղաքացու անվտանգությունն իրականում ապահովելը՝ բոլորովին այլ բան։