03/10/2026

EU – Armenia

Ժողովուրդն ավելի խոր ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը

ՊՆ Պապիկյան Սուրենի զորամասային և հատկապես ճաշարանային ստուգումներն անհեթեթ քարոզչական ակցիաներ են: Գրեթե նույն բնույթի էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից օլիգարխիական մասնավոր ինքնաթիռի սալոնում «նասկիներ, տապոչկեք կամ լոսյոն» ցուցադրելու պահը:

Հրապարակ թերթը գրել է․ Իշխանության իններորդ տարում Նիկոլենք վարվում են այնպես, ինչպես անում էին իշխանափոխության առաջին ամիսներին: Երբ դեռևս «դուխով» Նիկոլը ֆեյսբուքյան լայվեր էր անում նախագահական պալատից կամ Կոնդի կառավարության առանձնատնից, ցուցադրում էր առանձնատան սանհանգույցն ու խոհանոցը:

Ինչը ժամանակին հսկայական ազդեցություն էր թողնում կիսագրագետ զանգվածների վրա: Բայց նրա վարչապետությամբ երկրին պատուհասած այդքան արհավիրքներից հետո նույնը կամ նման բան անելն ընդամենը հիմարության նշան է: Քանի որ վաղուց պատմության գիրկն են անցել թե՛ «դուխով» գրությամբ կեպին և թե՛ դրա ազդեցությունը զանգվածների վրա:

Այսօր մեր ժողովրդի թե՛ գրագետ ու թե՛ կիսագրագետ հատվածներին առաջին հերթին հուզում է անվտանգության խնդիրը: Ինչը գեներացվեց «չշշկռվելիք» գերագույնի հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությամբ: Ու ծայրահեղ լարվածության հասցվեց կրկին վերջինիս կողմից ԱԺ ընտրությունների քարոզչության ժամանակահատվածում:

Ինչի համար ինքն ամենամեծ պատժի է արժանի իշխանափոխությունից հետո՝ եթե նույնիսկ վերացարկվենք մնացած ողբերգություններից: Որովհետև, ինչը բազմիցս եմ ասել, երբեմնի «դուխով» Նիկոլը, որպես խայտառակ պարտության խորհրդանիշ, ԱԺ քարոզչության օրերին ջարդեց այն ամենի մնացորդը, ինչը ձևավորվել էր Արցախյան հաղթական պատերազմի շնորհիվ: Այսինքն, 100 տարի առաջվա ցեղասպանվածի հոգեբանության աստիճանական վերացմանը հայ մարդու միջից:

Չգիտեմ, գիտակցում էր նա դա, թե ոչ: Եթե գիտակցում էր, ինչն ավելի է ճշմարիտ է թվում, ապա գիտակցորեն փորձում էր ձևավորել խեղճ ու կրակ հավաքականություն: Որը պետք է անմռունչ կրեր բոլոր հալածանքներն ապագա «արևմտյան Ադրբեջանում»: Բայց այդ դեպքում ինքը ևս դժվար թե մնար իր պաշտոնին: Իսկ այդ անձի համար պաշտոնն ու կյանքը գտնվում են նույն հարթության վրա: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ ինքը դա չէր անում գիտակցորեն:

Որովհետև նրա ուղեղը մթագնվել էր իշխանությունը կորցնելու սպառնալիքից: Ու ամեն ինչ անում էր դա թույլ չտալու համար՝ առանց հետևանքների մասին մտածելու: Այսօր դժվար է ասելը, թե որ տարբերակն է, այնուամենայնիվ, համապատասխանում իրականությանը: Սակայն հստակ է մի բան՝ նախընտրական քարոզչությունն էլ ավելի խեղճացրեց պարտությամբ խեղճացված ողջ հասարակությանը: Ու առօրեական իրադարձություններից դուրս եկող յուրաքանչյուր դիպված ծանր հարված է հասցնում մարդկանց հոգեվիճակին:

Դրա վերջին դրսևորումը զենքով զորամասը լքած ադրբեջանական զինվորի պատմությունն է: Այն ցուցադրեց, թե որքան վախեցած և անպաշտպան է իրեն զգում հանրությունը, որքան էլ նրա կին անդամը համարձակորեն փորձեր դանակով պաշտպանվել ավտոմատավոր թշնամուց: Ով կմնա թշնամի, քանի Ադրբեջանի ղեկավարը հայատյացություն սերմանող Իլհամն է՝ թեկուզ Նիկոլը վերածվի իսկական խաղաղության աղավնու: Էլ չասած, որ պարտված հարևան երկրի տարածք փախած՝ զորամասը լքած ադրբեջանցին իրեն չի պահում փախստականի նման:

Այդ պատմությունը միաժամանակ վկայեց, որ ադրբեջանական զորամասից փախած մեկ ավտոմատավոր զինվորը Փաշինյանի վարչապետության պատճառով հայաստանյան երկու ռազմական գերատեսչություն՝ ԱԱԾ և ՊՆ, արժե: Այդ պատմությունը նաև հերթական անգամ վկայեց, որ հայաստանյան ուժայինների գաղտնապահությունը քոռ կոպեկի արժեք չունի:

Եվ իբր թե հանրությանն անհիմն չանհանգստացելու պրակտիկան ավելի շատ հակառակ ազդեցություն է գործում: Այնպես որ, հունիսի 7-ին կրկին Նիկոլ, բայց այս անգամ «խեղճ ու հարիֆ» Նիկոլ, ընտրելով՝ մեր ժողովուրդը «տեր չեղավ խաղաղությանը», ինչպես վարչապետի աթոռից կառչած անձն էր քարոզում: Այս անգամ ավելի մեծ խորությամբ ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը: