09/09/2026

EU – Armenia

Հեքիաթներին չենք հավատում

Մարդիկ Հայաստանում ապրում են մշտական տագնապի մեջ, վատ իրադարձությունների սպասումով` անհանգիստ, լարված, մտահոգ: Դա, իհարկե, միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի: Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի:

Հրապարակ թերթը գրել է․ Վերջին տարիներին գրեթե ոչ մի լավ, դրական իրադարձություն մեր կյանքում տեղի չի ունենում, իսկ վատ բան՝ ինչքան ասես: Նաեւ դա է պատճառը, որ մարդիկ հեշտությամբ հավատում են վատ լուրերին, իսկ այդ լուրերի հերքումներն արժանահավատ չեն թվում:

Ինչո՞ւ մարդիկ արագ հավատացին, որ ադրբեջանական զինուժը փորձում է Կոռնիձորից առաջ շարժվել։ Որովհետեւ վերջին 6 տարում շարունակ տեսել ենք առաջ շարժվող հակառակորդ, կոտրված եւ թուլացած հայկական բանակ, որին հրահանգված է ոչ մի պարագայում ուժ չկիրառել, եւ անգամ դեպք է եղել, երբ թշնամուն հակազդեցություն ցուցաբերած եւ կրակոցներով նրա առաջխաղացումը կանգնեցրած զինվորականները պատժվել են, նրանց նկատմամբ հետաքննություն է ծավալվել` «մեղքը պարզելու» պատճառաբանությամբ:

Դա նաեւ նրանից է, որ ոչ ոք չի հավատում խաղաղություն հաստատելու մասին իշխանական խոստումներին, եւ հասկանում են, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ընդամենը թղթի կտոր է, որն իրականում մեծ արժեք չունի: Հասկանում են նաեւ, որ իր զորքը հետ չքաշող, մեր գերիներին ազատ չարձակող, շարունակ «Արեւմտյան Ադրբեջան» բարբաջող թշնամին չի պատրաստվում մեզ հետ խաղաղություն հաստատել:

Այդ խաղաղությունն ավելի շատ ցանկություն է, իշխանական պատրանք, որով ՔՊ-ն փորձեց քվե ստանալ եւ իր դիրքերն ամրապնդել: Խաղաղությունն ու Արցախում հայկական մշակույթի ավերը, հայության հասցեին արտաբերված ագրեսիվ հռետորաբանությունը բացարձակապես չեն վկայում խաղաղության հաստատման մասին: