«Նախօրեին Ազգային ժողով է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը փակ, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՔՊ խմբակցության ամբողջ կազմը։ Քննարկման հիմնական թեման եղել է Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնելու գաղափարը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները Հակոբյանին տարբեր հարցեր են ուղղել, ներկայացրել իրենց մտահոգություններն ու ստացել պատասխաններ։ Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, խմբակցության ներսում ձևավորվել է այն մոտեցումը, որ Հակոբյանի նախաձեռնությունը պետք է կյանքի կոչվի և խորհրդարանում ստանա իշխանական մեծամասնության աջակցությունը։
Բայց ի՞նչ է իրականում առաջարկում Աննա Հակոբյանը։
Հակոբյանը դեռ օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության մեջ անհրաժեշտ է ընտանեկան բռնությունը ճանաչել որպես ինքնուրույն, առանձին հանցագործություն։ Նրա ներկայացրած մոտեցմամբ՝ խոսքը միայն գործող օրենքներում տեխնիկական փոփոխությունների մասին չէ։ Նախաձեռնության նպատակը, ըստ Հակոբյանի, ավելի ամբողջական և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմների ստեղծումն է։
Նրա հայտարարած ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մշակել օրենսդրական կարգավորումների ամբողջական փաթեթ և այն ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։ Հակոբյանը հայտարարել էր, որ մինչ այդ գործընթացը քննարկումներ է նախաձեռնել Հայաստանից և Սփյուռքից անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս թեմայով աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը և իրավակիրառ խնդիրները հասկանալու համար։
Այս նախաձեռնության երկրորդ փուլը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է սկսվի օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն նախատեսում է հանրային իրազեկման լայն արշավ, համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստում և նոր կարգավորումների արդյունավետ կիրառման ապահովում։ Միաժամանակ նախատեսվում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ տվյալներ հավաքագրելու նպատակով։
Հետաքրքիր է, որ Հակոբյանը սկզբից իսկ հայտարարել էր՝ ցանկանում է գործընթացում ներգրավել նաև խորհրդարանական ընդդիմությանը։
Նա հատուկ հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին՝ առաջարկելով քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն սահմանելու գործընթացը։
Սակայն ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հանդիպման առաջարկը մերժեցին»։


Բաց մի թողեք
Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանն էլ են հետապնդվում․ մանրամասներ․ Լուսանկար
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի