15/09/2026

EU – Armenia

Դատավոր Սամվել Թադևոսյանի «երկրորդ հրաժարականը»

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի լիազորությունները դադարեցվել են՝ նրա հրաժարականի դիմումի համաձայն։ Այս մասին մեզ փոխանցում են Բարձրագույն դատական խորհրդից։ Բայց ամենաուշագրավն այն է, որ Սամվել Թադևոսյանն այս քայլին է դիմում արդեն երկրորդ անգամ:

Առաջին անգամ նա նույն պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2023 թվականի հունիսին, ինչից հետո նրա լիազորությունները դադարեցվել էին: Սակայն որոշ ժամանակ անց նա մասնակցեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին, հաջողությամբ անցավ բոլոր փուլերը և 2024 թ․ փետրվարի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին վերանշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:

Վերադարձից հետո նա շարունակեց պաշտոնավարել, բայց հազիվ մեկուկես տարի տեւեց դա՝ այժմ, սեփական դիմումի համաձայն նա կրկին լքում է դատական համակարգը: ԲԴԽ-ն էլ քննարկելով դիմումը, համապատասխան որոշմամբ դադարեցրել է նրա լիազորությունները: Թե ինչ կա այս հրաժարականի ներքո կփորձենք առաջիկայում պարզել։