Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարը «աղվանական» հռչակելու հայտարարությունը հաշվարկված էր նաև հայկական արձագանքի վրա։ Բաքուն շատ լավ գիտի մեր հասարակության ամենազգայուն նյարդերը՝ Արցախը, եկեղեցին, պատմությունը։ Բավական է դիպչել դրանցից մեկին, և քաղաքական բանավեճը հեշտությամբ վերածվում է ազգային վիրավորանքի շուրջ մրցավազքի։
Հենց այդ պատճառով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի այցը Մատենադարան և դրանից հետո հնչեցրած խոսքերը շատ ավելի կարևոր են, քան առաջին հայացքից կարող է թվալ։
Գրոնոն հստակ ասաց, որ չի վիճարկում Ղարաբաղում անցյալի հայկական ներկայությունն ու հարուստ մշակութային հետքը։ Ավելին՝ նշեց, որ անցած շաբաթ Քելբաջար և Աղդարա կատարած այցերի ժամանակ անձամբ հնարավորություն է ունեցել համոզվելու դրանում։
Սա կատարյալ ձևակերպում չէ։ «Հայկական ներկայությունը» դեռ նույնը չէ, ինչ Գանձասարի հայկական պատկանելության անվերապահ արձանագրումը, բայց դիվանագիտության մեջ կարևոր է նաև շարժման ուղղությունը։ Նախօրեին Գրոնոն խոսում էր կողմերի «խորապես տարբերվող տեսակետների և նարատիվների» մասին՝ վտանգավոր համաչափություն ստեղծելով պատմական փաստի և դրա պետականորեն կազմակերպված վերագրության միջև։ Այսօր նա արդեն արձանագրում է այն, ինչը վիճաբանության առարկա դարձնել չի կարելի՝ Ղարաբաղի հայկական պատմական ներկայությունը։
Եվ դա տեղի է ունենում Մատենադարանում։ Սիմվոլիկան դժվար է չնկատել։ Հաջիևը դիվանագետներին տարավ Գանձասար՝ նրանց պատմելու, թե ումն է վանքը։ Երևանը Գրոնոյին տարավ Մատենադարան՝ ցույց տալու, թե ինչպես է գրվում պատմությունը։
Մեկը պատմություն է պատմում։ Մյուսը՝ բացում է արխիվը։ Սա է այն տարբերությունը, որի վրա Հայաստանը պետք է կառուցի իր պատասխանը։ Գանձասարը հայկական է ոչ այն պատճառով, որ մենք ավելի բարձր ենք ասում դա, քան Բաքուն։
Այն հայկական է իր ճարտարապետությամբ, արձանագրություններով, ձեռագրական ժառանգությամբ, եկեղեցական պատմությամբ և այն քաղաքակրթական միջավայրով, որի ներսում ստեղծվել ու դարեր շարունակ գործել է։ 2019-ին հենց Գանձասարի Մատենադարանի գիտամշակութային կենտրոնում անցկացվում էր միջազգային հայագիտական գիտաժողով։ Այն ժամանակ արդեն արձանագրվում էր, որ պատմական փաստերի քաղաքականացված վերաշարադրանքին լավագույն պատասխանը գիտական ուսումնասիրությունն ու միջազգային ներկայացումն է։
Յոթ տարի անց այդ սկզբունքն ավելի արդիական է։ Բաքվի ռազմավարությունը հասկանալի է։ Երբ տարածքը վերցված է ռազմական ուժով, հաջորդ փուլը դրա հիշողության վերաձևակերպումն է։ Սահմանները փոխելը բավարար չէ․ անհրաժեշտ է փոխել նաև քարտեզի վրա մնացած անունների իմաստը։ Այդ պատճառով մշակութային ժառանգությունը հետպատերազմյան քաղաքականության երկրորդ ռազմաճակատն է։
Հայաստանը այստեղ չպետք է կռվի Ադրբեջանի ընտրած զենքով։ Եթե յուրաքանչյուր ադրբեջանական հայտարարությունից հետո Երևանը մտնի հուզական ինքնապաշտպանության ռեժիմ, Բաքուն կշարունակի թելադրել թե՛ թեման, թե՛ լեզուն, թե՛ ժամանակը։ Փոքր պետությունների դիվանագիտության ուժը աղմուկի ծավալը չէ՝ այն սեփական փաստը միջազգային հաստատությունների լեզվով անառարկելի դարձնելու կարողությունն է։
Այդ իմաստով Գրոնոյի Մատենադարան այցը օգտակար օրինակ է։ Հայկական կողմը պարտավոր չէ եվրոպացի պաշտոնյային համոզել, որ զգա մեր պատմական ցավը։ Պետք է նրան դնել փաստերի առջև՝ ձեռագիրը, արձանագրությունը, քարտեզը, եկեղեցական վավերագիրը, գիտական ուսումնասիրությունը։ Այնուհետ պահանջել պարզ բան՝ փաստը չանվանել «նարատիվ»։
Խաղաղությունը պատմական ճշմարտության չեզոքացում չէ։ Հաշտեցումը չի նշանակում, որ յուրաքանչյուր փաստ պետք է բաժանել երկու հավասար «տեսակետների», որպեսզի ոչ ոք չնեղանա։ Եվրոպան հատկապես պետք է զգույշ լինի այդ լեզվի նկատմամբ։ Երբ փաստն ու դրա ժխտումը ներկայացվում են որպես երկու մրցակցող պատումներ, դիվանագիտական չեզոքությունը ակամա դառնում է պատմության վերագրության գործիք։
Գրոնոյի Երևանում արտաբերված խոսքը այդ սխալից հեռանալու քայլ է։ Այն պետք է գնահատել, բայց նաև շարունակել աշխատանքը։ Հայաստանի պատասխանը Հաջիևին պետք է լինի ոչ թե հերթական վրդովված հայտարարությունը, այլ Գանձասարի հայկական ինքնության միջազգային փաստաթղթավորումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, եվրոպական կառույցներում, համալսարաններում, թանգարաններում, եկեղեցիներում և դիվանագիտական շրջանառության մեջ, որովհետև Բաքուն այսօր պայքարում է ոչ միայն այն բանի համար, թե ով է վերահսկում Գանձասարը։ Նա փորձում է որոշել, թե ինչ անունով է աշխարհը հիշելու Գանձասարը։ Այդ պայքարում Հայաստանի ամենաուժեղ զենքը զայրույթը չէ։ Մատենադարանն է։

Բաց մի թողեք
Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացիների ազատ արձակումն ապահովելու նպատակով
ՀՀ-ի հետ անվիզա ռեժիմի կոնկրետ ժամկետ չնշելը ցույց է տալիս Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը. Գալուզին
Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին