16/09/2026

EU – Armenia

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա

Ցանկացած դիվանագետ, գիտնական կամ քաղաքական գործիչ հայկական պատմամշակութային արժեքների վերաբերյալ դույզն-ինչ կասկած ունենալու դեպքում կարող է այցելել Մատենադարան եւ անձամբ ծանոթանալ դրանց՝ բնօրինակի տարբերակով:

Ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ օկուպացված Արցախում Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանն ի պատասխան, թե Գանձասարն աղվանական է, Հասան-Ջալալյանն էլ աղվան է։

Ալիեւի օգնականի այս ցինիկ հայտարարությունը, հիշեցնենք, հնչել է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների՝ օկուպացված Արցախ կատարած վերջին ուղեւորության ժամանակ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-12-ին Հաջիեւը նրանց համար (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից եւ 9 միջազգային կազմակերպությունից) այց էր կազմակերպել Արցախ: Այս ուղեւորությունը եւ Հաջիեւի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության եւ արդարացի քննադատության ալիք են բարձրացրել։ Հիշյալ աղմկահարույց այցի ժամանակ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես՝ Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։ Առանձնապես ցինիկ շոու էր, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիեւը դիվանագետներին ցուցադրում էր թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում)։ Ալիեւի օգնականը ծաղրել է եւ դա ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

Մի քանի օր անց Մատենադարանն արձագանքեց Հաջիեւին՝ ընդունելով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, որը նույնպես Արցախ այցելած դիվանագետների թվում էր։ «Չկա որեւէ կրկնօրինակ՝ այնտեղ (Արցախում) ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չկա։ Բացի այդ, բնական է, որ կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետեւ խոսքը բացառիկ ձեռագրական գանձերի մասին է»,- ասված է Մատենադարանի հայտարարությունում։ Ադրբեջանի «հայացքը» հայկական պատմամշակութային ժառանգությանը, ինչպեսեւ անցյալում, «ծուռ հայելիների» տրամաբանության, պատմությունը նենգափոխելու, կեղծելու սիստեմատիկ քաղաքականության շրջանակներում է։ Հայաստանի հետ իբր «խաղաղության» լեզվով խոսող Բաքուն շարունակում է իր քայլերով եւ ռեժիմին հպատակ մանկլավիկ չինովնիկների միջոցով իբր «պատմական լուսավորչական ակտեր անել», իրականում՝ հեգնել հայ ժողովրդին, արեւելյան թամաշաներ մոգոնել՝ իրենց չեղած քաղաքակրթական տարիքն ու ազգային մշակույթը «ներկայացնելու» համար։

Բայց գիտական ու պատմական փաստերը հերքում են այս մտացածին այցերը, հուսահատ հայտարարություններն ու բեմադրված միջազգային շոուները։ Համաշխարհային առաջադեմ, այդ թվում՝ գիտական համայնքը նման երեւույթներին ինքն է հեգնանքով նայում, եւ արձագանքն էլ համարժեք է դրան, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական իշխանահպատակ մասմեդիան գրում է․ «Սա պաշտոնապես սովորական դիվանագիտական միջոցառում էր. Բաքուն վերջին հինգ տարիների ընթացքում նման այցելություններ պարբերաբար կազմակերպում է, բայց այցի մասշտաբը՝ գրեթե 60 երկրից ավելի քան 150 ներկայացուցիչ, այն դարձրել է հարմար պատրվակ՝ Ադրբեջանի, նրա դիվանագետների եւ նրանց երկրների հասցեին ուղղված քննադատության նոր ալիքի համար»։ Ադրբեջանից իշխանամերձ վերլուծաբան Մաքսուդ Սալիմովն ավելի հեռուն է գնում եւ պնդում, թե դեսպանների՝ «Լեռնային Ղարաբաղ այցի շուրջ հիստերիան ղեկավարվում է Երեւանի կողմից, իսկ խմբավարը Նիկոլ Փաշինյանն է»։ Սա արդեն հստակ կեղծիք է․ Փաշինյանը հնար ունենար՝ կարգելեր դրա մասին բառ անգամ ասելը։

«Հատկանշական է, որ քննադատությունն ուղղված է ոչ միայն Բաքվին, այլեւ անմիջապես այցին մասնակցող երկրներին, հիմնականում՝ նրանց, որոնք տասնամյակներ շարունակ եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Լոբբիստները խորապես վրդովված էին, մասնավորապես՝ այցին Ֆրանսիայի դեսպանի մասնակցությամբ։ Այս ամենը ենթադրում է, որ հակամարտությունից հետո ստեղծված իրականությունը վերջապես ընդունվել է բոլորի կողմից։ Սակայն, ըստ էության, մի շարք երկրների դիվանագետներին ասվում է, որ նրանք իրավունք չունեն ինքնուրույն որոշել, թե որտեղ ճանապարհորդել միջազգային հանրության կողմից պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչված տարածքում»,- զառանցում է հիշյալ գրչակը։ Ապա նրա երեւակայությունն ավելի մեծ «հորիզոններ» է ընդգրկում՝ «փաստարկների ժամանակացույցը եւ համաժամանակյա կիրառումը կասկած չեն թողնում. արշավը տարվում է անմիջապես Երեւանից եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից: Մենք դա վաղուց հասկացանք, երբ գրեցինք այն մասին, թե ինչպես է ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Օկամպոն հանդես եկել որպես Ադրբեջանի դեմ արշավի համակարգող՝ հրահանգներով եւ համակարգմամբ, որոնք իրականացվել են անմիջապես ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ»։
Սա պետք է գնահատել որպես Բաքվի շանտաժ՝ եւս մեկ անգամ իրենց դրածո Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին վախեցնելու ուղղությամբ։ Սրանք լավ գիտեն, թե ոնց են սարսափում այս անձինք ադրբեջանական սպառնալիքներից եւ անմիջապես քայլեր ձեռնարկում՝ հայ հանրությանը հնազանդեցնելու եւ ադրբեջանական ստոր ծրագրերն իրականություն դարձնելու ուղղությամբ։