«Մենք մեզ պետք է մի հարց տանք՝ ի՞նչն է հիմա կարեւոր: Արդյոք կարեւո՞ր է, օրինակ, Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրումը, ո՞րն է պատմական արդարության վերականգնումը եւ կամ ԼՂ-ի եւ Հայաստանի միավորո՞ւմը, թե՞ կարեւոր է այլ բան. որ Հայաստանի Հանրապետությունը լինի, լինի այսօր, լինի վաղը եւ հարատեւ»,- սեպտեմբերի 15-ի նիստում կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենսդրական փոփոխությունը ներկայացնելիս ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մեր հայրենիքը ՀՀ-ն է, եւ, ուրեմն, մեծագույն հպարտությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ ընթերցում եմ կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ զարգացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության եւ սահմանադրական կարգի ամրապնդմանը եւ գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- ասել է նախարարը:
Հրապարակ թերթը գրել է․ Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արման Եղոյանն էլ ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակամիջոցում որեւէ խմբակցություն որեւէ առաջարկ չի ներկայացրել, ինչը նա տարակուսելի է համարում, որովհետեւ բանավոր մակարդակում բազմաթիվ առաջարկներ են հնչել: Ապա, անդրադառնալով տեքստի փոփոխությանը, ասել է. «Դաշնակցականությունը պետք է մինչեւ արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Նա պետք է լինի հայ քաղաքական մտքի վերջին դաշնակցականը: Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատեւության, անկախության եւ ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը եւ իրենց գաղափարախոսությունը բերել են մեր պետությանը, Հայաստանը, ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը երբեք իրենց պատմության մեջ չեն առնչվել այն աղետներին, որոնց առերեսվել են այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է ամբողջ քաղաքական միտքը եւ շարունակում է դա անել մինչեւ հիմա»:
Եղոյանի ելույթը դահլիճի զայրույթն է առաջացրել, եւ տեղից ռեպլիկներ են արձակվել, ինչն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձել է զսպել․ պատգամավոր Արթուր Խաչատրյանին է հորդորել` տեղից չարձագանքել: Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այս հայտարարությանը, ասաց. «Մարդիկ պետք է հասկանան, որ Արման Եղոյանի եւ նրա նմանների համար «Հայաստանի անկախություն» ասվածն իշխանություն ունենալը կամ իշխանության մեջ լինելն է: Նրանք համարում են, որ Հայաստանն անկախ է, եթե իրենք ունեն իշխանություն, իսկ իրենք իշխանություն ունեն, եթե կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, իսկ այդ պահանջներից մեկը, որն ամենաառաջնայիններից է, Դաշնակցության դեմ պայքարն է: Թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ եթե կա Դաշնակցություն, ուրեմն Հայաստանը ոչնչացնելու թուրքական ծրագիրը չի կատարվելո։ Այս է պատճառը, որ Դաշնակցությունը փորձում են արմատախիլ անել: Արման Եղոյանը եւ նրա նմանները ովքե՞ր են՝ ընդամենը թշնամու ծրագիրն իրականացնողները Հայաստանում, հետեւաբար, մեր դեմ պետք է պայքարեն: Նա այսօր հերթական անգամ պատռեց իրենց դիմակը եւ բացահայտեց, որ թուրքերը, ադրբեջանցիներն ինչպես որ պայքարում են ՀՅԴ-ի դեմ, այնպես էլ իրենք են անում, ավելի ճիշտ` իրենք թուրքերի ծրագրերն իրականացնողներն են: Արման Եղոյանի դեմքի արտահայտությունը միայն հերիք էր՝ այդ ամենը հասկանալու համար: Մենք խանգարում ենք իրենց ծրագրերի իրականացմանը, այդ պատճառով էլ Դաշնակցության դեմ պայքարում են բոլոր հնարավոր ուժերով, որոնցից մեկը հոգեկան հիվանդին վայել վարքագծով ԱԺ ամբիոնից խոսելն է»:

Բաց մի թողեք
Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը
Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր
Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ