17/09/2026

EU – Armenia

«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան

««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում՝ հայտնի հարթակներում և ամբիոններում, խոսվում է այն մասին և հետապնդվում է օրակարգը, որ մենք, ինչպես ձևակերպվում է, պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը։

Ես նկատի ունեմ, որ այս երևույթներին և այս հարցադրումներին մենք հանրայնորեն ՀՀ-ում անդրադարձ չենք անում։ Եվ ընդհանրապես, սա ֆունդամենտալ խնդիր է, և այդ ֆունդամենտալ խնդրին մենք բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ և զուգահեռ ընկալումներ։ ՀՀ-ի ներքին կյանքում մենք այլ հարցադրումներ և շեշտադրումներ ենք արել, իսկ բանակցային սեղանների շուրջ բոլորովին այլ հարցեր են քննարկվել, բոլորովին այլ տրամաբանությամբ»:

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ այն պահին, երբ հայտնվել են սոցիալական ցանցերը, ջնջել են ներքին և արտաքին խոսակցության սահմանները։

«Բայց հիմա մենք ուրիշ մարտահրավերների ենք առերեսվում, երբ մենք գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ:

Իմ կարծիքով՝ այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց մենք պետք է առնչվենք։ Իհարկե, սահմանների ջնջված լինելը՝ ինտերնետի տրամաբանությամբ, մեզ այլ ինֆորմացիա էլ է տալիս, որ, օրինակ, զուգահեռաբար նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես բոլորիս արդեն հայտնի «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար, և որը սպառնալիք է ՀՀ-ի տարածաշրջանային անվտանգության համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: