Ոչ բոլոր դեպքերում է ճանապարհային ոստիկանության կողմից մեքենան կանգնեցնելը նշանակում, որ վարորդը կարող է շարունակել երթևեկությունը։ Օրենքով սահմանված են մի շարք իրավիճակներ, երբ տրանսպորտային միջոցի երթևեկությունը կարող է արգելվել, իսկ որոշ դեպքերում մեքենան կարող է տեղափոխվել հատուկ տարածք։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է։
1. Վարորդը ոչ սթափ վիճակում է
Եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում, կամ հրաժարվում է սթափության վիճակի զննությունից կամ որևէ կերպ խուսափում է դրանից, մեքենայի երթևեկությունն արգելվում է։
2. Վարորդը զրկված է վարելու իրավունքից
Եթե վարորդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նա չի կարող շարունակել երթևեկությունը։
3. Վարորդը չունի տվյալ կարգի մեքենա վարելու իրավունք
Երթևեկությունն արգելվում է նաև, եթե անձը տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունի։
4. Վարորդական իրավունքի վկայականը վարորդի մոտ չէ
Օրենքը նախատեսում է նաև երթևեկության արգելում այն դեպքում, երբ վարորդը մեքենան վարում է՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական։
5. Կեղծ կամ ուժը կորցրած վարորդական վկայական
Եթե վարորդն օգտագործում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայական, մեքենայի երթևեկությունը կարող է արգելվել։
6. Բացակայում են վարորդական վկայականում նշված անհրաժեշտ փաստաթղթերը կամ պարագաները
Երթևեկությունը կարող է արգելվել նաև այն դեպքում, երբ մեքենան վարում են՝ առանց վարորդական վկայականում նշված անհրաժեշտ փաստաթղթերի կամ պարագաների։
7. Կեղծ կամ բացակայող հաշվառման վկայագիր
Երթևեկությունն արգելվում է, եթե մեքենան վարում են կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի։
8. Խնդիրներ կան հաշվառման համարանիշների հետ
Երթևեկությունն արգելվում է, եթե մեքենան ունի կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներ։ Ժամանակավոր համարանիշների դեպքում հիմք կարող է լինել նաև դրանց ժամկետի լրանալը։ Նույնը վերաբերում է համարանիշների բացակայությանը։
9. Բացակայում են օրենքով պահանջվող փաստաթղթերը
Եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի, դրա երթևեկությունը կարող է արգելվել։
10. Մեքենան կամ դրա ներսում գտնվող անձը հետախուզման մեջ է
Երթևեկությունը կարող է արգելվել, եթե մեքենան կամ դրա ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ մեքենայի միջոցով կատարվել է հանցագործություն կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք։
11. Մեքենան չի անցել տեխնիկական զննություն կամ ունի շահագործումն արգելող անսարքություն
Եթե տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննությամբ հայտնաբերվել է շահագործումն արգելող անսարքություն կամ պայման, դրա երթևեկությունը կարող է արգելվել։
12. Մեքենան անօրինական է վերասարքավորված
Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է նաև այն դեպքում, երբ այն անօրինական վերասարքավորված է։
13. Մեքենան մասնակցել է վնաս պատճառած վթարի
Երթևեկությունն արգելվում է, եթե մեքենան պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով վնաս է պատճառվել մարդու կյանքին կամ առողջությանը, կամ մեքենան այդպիսի պատահարի մասնակից է։
14. Չի վճարվել ճանապարհային հարկը
Օրենսգրքի 18-րդ հոդվածը նախատեսում է նաև երթևեկության արգելում այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված ճանապարհային հարկը վճարված չէ համապատասխան բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար։
15. Առանց թույլտվության հատուկ սարքավորումներ կամ նշումներ
Երթևեկությունն արգելվում է, եթե մեքենան առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշաններով։
Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ մեքենայի թափքի արտաքին մակերևույթին առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ կամ այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենքի կամ ստանդարտների պահանջներին։
16. Կեղծված կամ փոփոխված համարներով ագրեգատներ կամ հանգույցներ
Մեքենայի երթևեկությունը կարող է արգելվել, եթե այն կահավորված է կեղծված կամ փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով։
17. Վարորդի ֆիզիկական վիճակին վերաբերող սահմանափակումներ
Օրենքը նախատեսում է նաև երթևեկության արգելման հիմք, եթե վարորդի մոտ բացակայում է աչքը, վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են օրենքում նշված շարժումները սահմանափակող ձևախախտումներ։
Այս դրույթը չի կիրառվում տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու դեպքերում։
18. Օրենքով նախատեսված այլ դեպքեր
Տրանսպորտային միջոցի երթևեկությունը կարող է արգելվել նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
Իսկ ո՞ր դեպքերում մեքենան կարող են տեղափոխել հատուկ տարածք
Օրենսգրքի 18-րդ հոդվածը կարգավորում է նաև կայանման հետ կապված իրավիճակները։
Եթե տրանսպորտային միջոցը խոչընդոտ է ստեղծում երթևեկության մասնակիցների համար կամ կանգնած է կայանումն արգելված վայրում, այն կարող է տեղափոխվել հատուկ տարածք, եթե՝
վարորդը տեղում չէ,
վարորդը հրաժարվում է վերացնել ստեղծված խոչընդոտը,
վարորդը հրաժարվում է վերացնել կայանման կանոնների խախտումը։
Կարո՞ղ է մեքենան հետախուզվել
Այո։ Հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ մեքենայով կատարվել է իրավախախտում։
Ի՞նչ է տեղի ունենում առանց ճանապարհային հարկի երթևեկող մեքենայի դեպքում
Եթե ոստիկանությունը հայտնաբերում է առանց ճանապարհային հարկի վճարումը կամ համապատասխան արտոնությունը հավաստող փաստաթղթի երթևեկող տրանսպորտային միջոց, դրա երթևեկությունը դադարեցվում է։
Երթևեկությունը կարող է շարունակվել օրենքով սահմանված կարգով և չափով ճանապարհային հարկի ու դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելուց հետո

Բաց մի թողեք
Հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. այրվում է էլեկտրական ենթակայան. Լուսանկար
«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց. Լուսանկար
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը պետք է լինի համազգային առաջնահերթություն