06/11/2026

EU – Armenia

Վարպետաց դասեր թավշյա հեղափոխականներին․ Շուկայում ի՞նչ արժե կարտոֆիլը, կամ՝ ինչպես Հովհ. Շիրազը «ուշունցակապ» արեց Հրաչյա Քոչարին

Անցյալ դարի 50-ականների սկզբին Հայաստանի կառավարությունը Հովհաննես Շիրազին գործուղում է Մոսկվա՝ Գ. Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում վերապատրաստվելու և կատարելագործվելու…

Ամիսներ անց պատահական, կամ մտածված, նույն Մոսկվայում, նույն գրականության ինստիտուտի մուտքի մոտ հանդիպում են Հայաստանի Գրողների Միության նախագահ Հրաչյա Քոչարը և Հովհ. Շիրազը: Քոչարը հարց ու փորձ է անում համեմատաբար “երիտասարդ”, 35-ամյա բանաստեղծի որպիսությունից և Շիրազը, առանց նախաբանի, բաց տեքստով ուշունցակապ է անում.

– Ես Ձեր պահած ուսանողը, ես Ձեր պահած ժողովրդական բանաստեղծը, ուղարկել- մոռցել եք` ծո’, դուք մարդ ե’ք, թե՞ անասուն եք, Մոսկվան թանկուկրակ քաղաք, ես “խասյաթով տղա”, ձեռքս ջեբս կտանիմ՝ դափ-դատարկ, մկները ծափ կուտան ու շախ-շուխ կենեն, հազար մարդ կա, որ կուզեն թարգմանել ընձի, կուզեն որ կաֆե կանչեմ, ռեստորան հրավիրեմ, կուզեն մոտիկից ճանաչեն ձեր ոչ բարով ժողովրդականին…

-Ծո’, դուք հացակեր ե’ք, թե՞ էն մեկից եք, ծո’, ընձի աշե ոտից-գլուխ, ո՛չ հագս կա, ո՛չ վրես կա, քաղաք եք ղրգել, որ Գիքո՞ր սարքեք, ինչըղ ուրիշ ձև չկըրցա՞ք ընձի սաստել, ուրիշ ձև չկըրցա՞ք ընձի պատժել…

Հրաչյա Քոչարը ձե՜ն չի հանում, Հովհաննես Շիրազի թևն է մտնում ու քայլելով Տվերսկոյ բուլվարից գնում են Վարովսկայա-Գերցեն փողոցների արանքում գտնվող, Լև Տոլստոյի հայտնի վեպի, կոմս Վալկովսկու հայտնի դղյակը իր բոլոր կալվածքներով, որտեղ արդեն ԽՍՀՄ Գրողների Միությունն էր 1917թ. հեղափոխությունից հետո աջ ու ձախ ֆռֆռում ու անսահմանափակ տնօրինում: Մի խոսքով տանում է հայտնի դղյակի ամենահայտնի հատվածը, որտեղ սովետմիության մայրաքաղաքի ամենահայտնի` գրողների կենտրոնական տան ռեստորանն էր՝ “ЦДЛ,, -ի ռեստորանը, որը հետագա սերունդները հիշում են արդեն Միխայիլ Բուլգակովի <Վարպետը և Մարգարիտան> վեպից…

Նստում են ռեստորանում, Քոչարը շռայլաբար ճոխ սեղան է բացում, նախ սառը օղին թթվեղենով, պանրի տեսականիով, հետո ձկնեղենը, հետո մսեղենը, մի խոսքով ազնվական ռեստորանի ամենալավ ուտելիքները շարում ու մի քանի բաժակ որ գցում են ու Շիրազի ագրեսիվ տրամադրությունը կոտրվում է, Քոչարս ծոցագրպանից մի մեծ կապ դրամ է հանում, դնում բանաստեղծի առաջ ու ասում.

-Օնո ջան, նոր գիրքդ տպագրել ու հոնարարդ անձամբ եմ բերել, էստեղ համ հագուկապի, համ կաֆե-ռեստորանի, համ էլ ուղիղ մեկ տարի արժանապատիվ ապրելակերպի համար կհերիքի, դու հանգիստ սովորիր, ստեղծագործիր մենք էլ քեզ պարբերաբար կտպագրենք ու հոնարարդ տեղը-տեղին կուղարկենք…

Մատուցողը հերթական անգամ նորից բաժակներն է լցնում։

Քոչարը նորից բարձրացնում է բաժակը.

-Օնո ջան, կենացդ, ժողովրդական կենացդ, սիրված ու գնահատված կենացդ, օղուր լավ եղիր և իմացիր, որ օր ու գիշեր քեզ կարդում, հիշում, սիրում ու կարոտում են հայրենիքում ու հանուն էդ սիրո, երբ ծանոթ թե անծանոթ կհարցնեն քո որպիսության մասին, ավագ եղբոր իրավունքով խնդրում ու պահանջում եմ, ասա.

-Տո ինձ ինչ կա, ըշտե ամեն ինչով ապահովված եմ, գլխիս գլխարկ ու տանիք կա, փորս կուշտ է, տեղս տաք է, գրիչս անդադար ստեղծագործում է, դուք առաջին հերթին պատմեք թե ո՞նց է ապրում իմ հայ ժողովուրդը, խանութներում հաց կա՞, շուկայում կարտոֆիլը ի՞նչ արժե, հասկացա՞ր…

Շիրազը գոհունակությամբ ծոցագրպանն է դնում դրամների կապոցը և իր օղու գավաթը Քոչարի գավաթին զարկելով դատարկում ու պատասխանում.

-Ըշտե հասկըցա, բա ո՞նց չհասկըցա։

Էս հանդիպումից որոշ ժամանակ անց Մոսկվա մեկնող մի կուսակցական պաշտոնյայի հետ Հրաչյա Քոչարը հերթական “հոնարար”-ն է ուղարկում Շիրազին ու խնդրում վերջինիս, որ հարց ու փորձ անի ժողովրդական բանաստեղծի որպիսությունից ու վերադառնալուց հետո էլ իրեն տեղյակ պահի։

Պաշտոնյան պարտաճանաչ կերպով կատարում է գրողների միության նախագահի խնդրանքը ու վերադառնալուն պես զանգահարում ու բարձր տրամադրությամբ զեկուցում.

-Ընկեր Քոչար, զարմացած եմ, շատ է փոխվել Հովհաննես Շիրազը, շատ մեծ ազդեցություն է գործել նրա վրա ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվան, կարող եմ վստահաբար ասել, որ իմ ճանաչած բանաստեղծը 180%-ով փոխվել, անճանաչելի ու իսկապես, իսկական ժողովրդական, ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի մասին գիշեր ու զօր մտածող բանաստեղծ է դարձել։

-Դե ինչ, ուրախալի է, խնդրում եմ այդ մասին հայտնես քո բարձր ղեկավարությանը։

-Անշուշտ, ես հենց այսօր կզեկուցեմ Առաջինին,- խանդավառված ասում է կուսակցական պաշտոնյան։

-Հա, բայց չասացիր, թե ինչից զգացվեց քո ընդգծած այդ մեծ փոփոխությունը,- իմիջիայլոց հետաքրքրվում է Հայաստանի գրողների միության նախագահը։

-Ընկեր Քոչար, ես նրան հարցրի, ինչպե՞ս եք, ընկեր Շիրազ, նա պատասխանեց.
-Է՜, ինձ ինչ կա, ամեն ինչով ապահով եմ, մեր մեծ երկրի, մեծ սրտի կենտրոնում եմ ուսանում, երբ ուզում` Մեծ թատրոն եմ գնում, երբ ուզում` Պուշկինի, Տոլստոյի, Դոստոևսկու տուն-թանգարաններ, Տրետյակովսկու անվան պատկերասրահ, էլ կինոն ու թատրոններն էլ չեմ ասում,դու ինձ ասա’, ոնց է ապրում իմ ժողովուրդը, խանութներում հաց կա՞, շուկայում կարտոֆիլն ի՞նչ արժե։

-Իսկապես մեծ առաջընթաց է, շնորհակալ եմ, որ խնդրանքս չմերժեցիք,- եզրափակում է Հրաչյա Քոչարը…

Գալով մեր “թավշյա հեղափոխականներին”.

-Քոչարի ու Շիրազի պատմությունը թող ձեզ համար ամենօրյա դաս ու դասընթաց լինի, առավոտյան գործի գնալիս ոտքով քայլեք, խանութում տեսեք հացի որակն ինչպիսին է, մեկ-մեկ շուկա մտեք, կարտոֆիլը տեսեք, կիլոգրամն ի՞նչ արժե, էնպես չանեք, որ ձեր աթոռները կպչեն ձեր համապատասխան տեղից, ձեզ իրենց գերին դարձնեն ու կործանեն, մի խոսքով մի կտրվեք ձեզ ծնող ժողովրդից, թե չէ վատ կլինի, էդ ժողովուրդը` ինչպես սիրել, էնպես ու բազմապատիկ ավել ատել ու պատժել գիտի…

Հ.Գ. Ասում են Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը ոտքով էր չափում մեր հայրենիքի սահմանները և օրինակի համար, ոչ միայն հովիվներին էր ճանաչում անուններով, այլ նաև հովվաշներին ու դրանից ոգևորված բոլոր ղեկավարները` մեծից-փոքր պարտավորված էին զգում անուն առ անուն ճանաչել և’ հովիվներին, և’հովվաշներին և մնացած բնագավառների աշխատավորներին…

Վանուշ Շերմազանյան