Երեկ` նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գործով երկրորդ դատական նիստը։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հերքել իր հասցեին հնչած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։ Ընդհանուր առմամբ՝ 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Հայցը վերաբերում է հունիսի 9-ին Hraparak.am-ում հրապարակված՝ «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հարցազրույցին։
Երեկվա դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ավագյանը որևէ միջնորդություն չներկայացրեց։ Փոխարենը միջնորդություններով հանդես եկավ պատասխանող կողմը՝ Սոֆյա Հովսեփյանի պաշտպան Ռաֆայել Իշխանյանը։
Մասնավորապես, առաջին միջնորդությունը վերաբերում էր Փաշինյանի պահանջած 6 միլիոն դրամ փոխհատուցմանը։ Պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել Սոֆյա Հովսեփյանի աշխատավարձի և ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկանքներ՝ հիմնավորելով, որ հայցվորի պահանջած գումարը չի համապատասխանում Հովսեփյանի այսօրվա ֆինանսական հնարավորություններին և պատասխանողի համար անհամաչափ բեռ է։
Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ֆայլին։ Պաշտպանական կողմը պարզաբանել է, թե ինչու է այն փոխանցվել կրիչով։ Պարզվել է, որ ֆայլը հնարավոր չի եղել անմիջապես ներբեռնել և բացել ԿԸՀ-ի համակարգչով, ինչի պատճառով այն ստիպված են եղել ներկայացնել կրիչով։
Երրորդ միջնորդությունը վերաբերում էր վիճարկվող հոդվածի և դրա հիմքում ընկած ձայնագրության բովանդակությանը։
Մասնավորապես վիճարկելի են Հովսեփյանի հետևյալ խոսքերը. «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և…», ինչը հայցվոր կողմն այլ կերպ է ներկայացրել։ Պաշտպանական կողմը, ներկայացնելով ձայնագրությունը, փորձելու է ցույց տալ, որ հարցազրույցի ամբողջական բովանդակությունը և հոդվածում ներկայացված միտքը պետք է դիտարկել համատեքստում։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։ Այդ ընթացքում դատարանը կքննարկի ներկայացված միջնորդությունները։


Բաց մի թողեք
Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
Ինչպես միշտ` ուշացած
Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում