11/11/2026

EU – Armenia

Մահացել է հանցագործության հետեւանքով․ Հովհաննես Խուդոյան

Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը, ըստ տարածված տեղեկությունների, մի քանի օր շարունակ բողոքել է կրծքավանդակի շրջանում ցավերից:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանից Հրապարակ թերթը հետաքրքրվել է` որքանո՞վ էր իրավաչափ ընտրակաշառքի մեղադրանքով անձին կալանավորելու որոշումը, եւ եթե Արսեն Գեւորգյանն օրեր շարունակ գանգատներ է ունեցել, գործ ունենք մասնագիտական անփութությա՞ն, թե՞ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված միտումնավոր անգործության հետ:

– Շատ բարդ հարց եք տալիս, ես ուզում եմ հավատալ, որ այդ ցածր օղակի կադրերը՝ բժիշկները, սովորական քրեակատարողականի ծառայողները, պատրաստված չեն այդ կարգի նշանակության գործերով, այլ, ավելի շուտ՝ ուղղակի համակարգի վատ աշխատանքի արդյունքն է:

– Արդյո՞ք այս մեղադրանքի պարագայում պարտադիր էր կալանավորումը:

– Քանի որ դետալներին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե ինչ մեղադրանք էր, բայց այն, որ ինքն իր ոճով, տեսագրությունների տարածումներով, հայտարարություններով ու ընտրությունների նախաշեմին էր` նմանեցրել եմ բոլոր այն գործերին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ձեւով անում էր, վերջում պարզվում էր, որ հանցագործություն չկա: Շատ ավելի հակված եմ հավատալու, որ այս պարագայում էլ ոչինչ չի եղել, ու քաղաքական հետապնդման էր ենթարկվում:

– Արսեն Գեւորգյանի մահը, ըստ Ձեզ, իշխող ուժի՞, թե՞ առանձին գերատեսչությունների պատասխանատվության տակ է:

– Այստեղ խոսքը հասարակական պատասխանատվության մասին չէ՝ քրեական պատասխանատվության մասին է՝ մարդը մահացել է հանցագործության հետեւանքով: Հիմա դա մի հանցանք է, թե մի քանի հանցանք՝ դեռ պետք է պարզվի: Այսինքն, դա ծառայության անփութություն է, հատկապես եթե ասում եք, որ բողոքներ ունեցել է, թե՞ մենակ ապօրինի քրեական հետապնդման արդյունքում է՝ դեռ պետք է պարզվի: Բայց որ ապօրինի միջամտության շղթայի հետեւանքով է դրան հասել՝ միանշանակ է:

– Իսկ քաղաքական պատասխանատվություն ո՞վ պետք է կրի, օրինակ, արդարադատության նախարարը պե՞տք է հրաժարական տա Արսեն Գեւորգյանի մահից հետո:

– Դե, արդարադատության նախարարը, երբ իրեն ասում են՝ պայմանները լավը չեն, ցինիզմով ասում է՝ այդ մարդկանց չեմ բերելու, մեր տանը պահեմ, թեպետ իր պարտականությունն է պայմանների բարելավումը, այդ մարդկանցից որեւէ պատասխանատվության զգացում, խղճի խայթ ակնկալելը սուտ բան է: