Վերջին շրջանում ուսուցիչները դժգոհություններ են հայտնում հանրակրթական միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործելու եւ անհրաժեշտ տեղեկատվություն մուտքագրելու գործընթացից։
Նրանցից շատերի խոսքով՝ համակարգը նորմալ չի աշխատում, առաջանում են տեխնիկական տարբեր խնդիրներ, ինչի հետեւանքով նյութերն ու գնահատականները տեղադրելու համար նախատեսված աշխատանքը վերածվում է ժամանակատար գործի: Ուսուցիչների պատմելով՝ էլեկտրոնային հարթակը, որը պետք է հեշտացներ գնահատման եւ ուսումնական գործընթացի կազմակերպումը, հաճախ հակառակ արդյունքն է տալիս։ Համակարգի դանդաղ աշխատանքի, խափանումների եւ տվյալների մուտքագրման ընթացքում առաջացող դժվարությունների պատճառով մանկավարժները ստիպված են լինում բազմիցս կրկնել նույն գործողությունները։ Արդյունքում ուսուցիչները ոչ միայն լրացուցիչ ժամանակ են ծախսում անհրաժեշտ տեղեկությունները համակարգում տեղադրելու վրա, այլեւ ստիպված են լինում աշխատանքային ժամերից դուրս զբաղվել այդ գործով: Մանկավարժների դժգոհության հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեխնիկական խնդիրների լուծումը փաստացի դրվում է հենց իրենց ուսերին, իրենք նաեւ մեխանիկական աշխատանք են կատարում, մինչդեռ պետք է իրենց հիմնական ժամանակն ու ուշադրությունը կենտրոնացնեին դասավանդման, աշակերտների հետ աշխատանքի եւ դասապլանների պատրաստման վրա։ Ուսուցիչներից շատերի կարծիքով՝ թվայնացումը պետք է նվազեցներ վարչարարական բեռը, ոչ թե ավելացներ։ Եթե էլեկտրոնային գնահատման համակարգը չի ապահովում բնականոն եւ անխափան աշխատանք, ապա դրա կիրառումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում կրթական գործընթացի մասնակիցների համար։ Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, որ համակարգի տեխնիկական թերությունների պատճառով ուսուցիչները ստիպված են լինում ժամանակ կորցնել մի աշխատանքի վրա, որը պատշաճ գործող հարթակի պայմաններում կարող էր իրականացվել րոպեների ընթացքում եւ առանց ավելորդ դժվարությունների։ Պարզ ասած` անհարմար է, որ 21-րդ՝ տեխնոլոգիական դարում մի քանի թվային հարթակ չեն կարողանում պատշաճ աշխատեցնել եւ այնպիսի ծրագիր գրել, որ դրանից օգտվելիս ուսուցիչների նյարդերը չքայքայվեն:
Օրերս մանկավարժ Նատալյա Նալբանդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Արդեն չորս ժամ է՝ նստած թեմատիկ պլաններ եմ ներբեռնում այս անիծյալ էլեկտրոնային հարթակում։ Չորս ժամ անընդհատ աշխատանք, նյարդեր, ժամանակ ու համբերություն… Եվ ի՞նչ արդյունք։ ՈՉԻՆՉ։ Բացարձակապես ոչինչ չի պահպանվել։ Հարթակը դատարկ է։ Չորս ժամվա աշխատանքս՝ ջուրը լցված։ Հնարավոր հարցին նախապես պատասխանեմ՝ այո՛, մշտապես պահպանել եմ։ Սա պարզապես խայտառակություն է։ Չորս ժամ կյանքիցս կորցնել մի հարթակի պատճառով, որը նույնիսկ տարրական գործառույթը՝ աշխատանքը պահպանելը չի կարողանում կատարել։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Ո՞վ է փոխհատուցելու մեր կորցրած ժամանակը, նյարդերն ու անիմաստ վատնած աշխատանքը։ Բավական է ուսուցիչներին դարձնել այս անպատասխանատու համակարգի տեխնիկական ձախողումների պատանդը։ Եթե չեք կարողանում ապահովել հարթակի բնականոն աշխատանքը, գոնե մի՛ ստիպեք մարդկանց իրենց ժամանակն ու համբերությունը վատնել ձեր անկարողության պատճառով։ ԱՄՈ՛Թ։ Ուղղակի ամո՛թ։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ուսուցիչը տեխնիկական համակարգի ստրուկը չէ։ Մեր ժամանակն էլ արժեք ունի»:
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանից, որը ժամանակին ԿԶՆԱԿ-ի տնօրենն էր, «Հրապարակը» հետաքրքրվեց` տեղյա՞կ են խնդրից, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Մի քանի շաբաթից ավարտվելու է առաջին ուսումնական կիսամյակը, սակայն փաստացի խնդիրը մինչ այս պահը լուծված չէ, ձեռնարկվո՞ւմ են համապատասխան քայլեր՝ հարցին լուծում տալու համար, թե՞ ոչ: Արտաշես Թորոսյանն ասաց. «Կիսամյակն ավարտվում է դեկտեմբերի վերջին, հարթակը նոր է` այն փոխվեց, եւ հիմա ավելի լավ տարբերակ է տեղադրվել, եւ, ինչպես գրեթե բոլոր դեպքերում, այս պարագայում եւս փոփոխված տարբերակը կիրառման ժամանակ ինչ-որ խնդիրներ է առաջացնում, որոնք, սակայն, անմիջապես կարգավորվում են: Ուսուցիչների լրացման մասով կա խնդիր, երբեմն այն կապված է լինում ինտերնետի հետ, մարդիկ լրացնում են, ինտերնետը գնում է, գալիս է, դրա հետեւանքով չի լինում ներբեռնում, հիմնական պրոբլեմները կապված են դրա հետ: Բայց ես որքան գիտեմ, այս վերջին մի քանի օրերին խնդիրը բավականին կարգավորվել է, եւ ուսուցիչները կարողանում են հիմնական գրանցումները կատարել: Այս խնդիրը ժամանակավոր է, հարցը կլուծվի: Սկզբնական շրջանում, երբ ուսուցիչները համակարգում տեղադրում էին պլանները, խնդիրներ էին առաջանում, երբեմն թեմատիկները չէին տեղադրվում: Այժմ դպրոցները ստացել են արհեստական բանականություն, այն կիրառում են, այլ տեսակի բանականություններից են օգտվում, ահագին աշխատանք են անում եւ այլն: Իհարկե, կան մանկավարժներ, ովքեր ահագին դժվարություններ են ունենում, սակայն նրանց օգնում են, դպրոցի տնօրենները զանգում են, բարձրաձայնում են այդ հարցերը, եւ հարցերին տրվում են լուծումներ: Հավանաբար, դեռ կան դպրոցներ, որոնք ունեն նման խնդիրներ, սակայն այդ հարցը կկարգավորվի»:


Բաց մի թողեք
Բուհական գրաքննություն
Ատեստավորու՞մ, թե՞ ուսուցչի աշխատանքի արժեզրկում․ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչների համախմբված բողոքը
Ի՞նչ է կաթուցիչով ծխում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը․ Լուսանկարներ