Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու ԵՄ-ի ջանքերը կրկին բացահայտել են ԵՄ կառույցների միջև ազդեցության ոլորտների համար մղվող պայքարը, որի առանցքում այն հարցն է, թե ով պետք է վերահսկի արտաքին քաղաքականությունը։
Թերթը գրել է, որ Ուկրաինայի հարցում առաջատար դեր ստանձնելուց բացի, Եվրոպական հանձնաժողովը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարությամբ, փաստացի իր վերահսկողության տակ է առել ԵՄ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները։
Ըստ հրապարակման՝ սա հանգեցրել է գործառույթների կրկնության. խոսքը այն գործառույթների մասին է, որոնք նախկինում իրականացվել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ)՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ստորաբաժանման կողմից՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գլխավորությամբ։
Բրյուսելում նաև մտահոգություն կա Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնության վերաբերյալ, որը միտված է բարեփոխել ԵԱԳԾ-ն՝ միգուցե այն ավելի խորը ինտեգրելով Եվրոպական հանձնաժողովի կառուցվածքի մեջ։ Որոշ պաշտոնյաներ սա դիտարկում են որպես ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնը ԵՄ գործադիր իշխանության վերահսկողության տակ դնելու փորձ։
Նոյեմբերի 13-ին Դուբլինում գագաթնաժողովի ժամանակ ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Կալլասի ղեկավարած ԵՄ դիվանագիտական ծառայությունը չի ընդգրկվի յոթ անդամից բաղկացած այն խմբում, որին հանձնարարված է Ռուսաստանի հետ տեխնիկական բանակցություններ վարել (այս ձևաչափը կոչվում է «EU2+E5»)։ Այն ներառում է ԵՄ երկու կառույց (Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը) և հինգ երկիր՝ այսպես կոչված «Կամավորների կոալիցիայից», այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, որն այլևս ԵՄ անդամ պետություն չէ։ Կալլասն իր հերթին պնդնում է, որ Ռուսաստանի հետ այս բանակցություններից իր բացառումը խաթարում է Եվրոպական միությունում օրենքի գերակայության սկզբունքը և լրացուցիչ ծախսեր է առաջացնում ԵՄ բյուջեի համար։


Բաց մի թողեք
Լիտվան ևս քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ զոհեր կան
Կոսը «ափսոսանք է հայտնում» ԵՄ միջոցառմանը սերբական ազգայնական երգ հնչելու կապակցությամբ