Կիրակի օրը Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի տաղավարում լրագրող Բորիս Մուրազիի եւ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջեւ ծեծկռտուքը մի քանի օր է՝ քննարկվում է։ Մինչ սկանդալային միջադեպը, արդեն իսկ սուր եւ ոչ կոռեկտ խոսակցություն էր ընթանում, իսկ իրավիճակը թեժացավ, երբ Հարություն Մկրտչյանը հայտարարեց, թե, «ըստ մամուլի հրապարակումների, Մուրազին Սերժ Սարգսյանին սեռական ծառայություններ է մատուցել», ինչից հետո հայհոյանքներ տեղացին, եւ հաջորդեց ծեծկռտուքը: Մենք զանգահարեցինք Պետրոս Ղազարյանին, սակայն նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։
Հրապարակը զրուցել է «Մեծ բանավեճի» վարող, լրագրող Տաթեւ Դանիելյանի հետ:
– Ծեծկռտուքից հետո քննարկվում է այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքով եք ընտրում հաղորդման հյուրերին:
– Ինչպես բոլոր հաղորդումների պարագայում, այնպես էլ այս հաղորդման ժամանակ որոշում կայացնում է խմբագրակազմը՝ հաղորդավարների հետ մասին:
– Քաղաքական բանավեճերի ընդունված պրակտիկան այնպիսին է, որ ընդդիմադիր եւ իշխանական բանախոսները հավասար մասնակցություն պետք է ունենան: Սակայն «Մեծ բանավեճ»-ի այդ թողարկմանը մեկ ընդդիմադիր բանախոս` Բորիս Մուրազին, 3 իշխանական բանախոսների դեմ էր հանդես գալիս: Ինչո՞ւ էիք խախտել համաչափությունը:
– Մենք միշտ հրավիրում ենք ընդդիմադիրներին եւ այնպես ենք անում, որ բանախոսները հավասար լինեն: Կոնկրետ այս հաղորդման շրջանակներում գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրել ենք, սակայն նրանք՝ բոլորը, հրաժարվել են մասնակցել հաղորդմանը: Մի քանիսը որպես պատճառ նշել են Արսեն Գեւորգյանի մահվան հանգամանքը՝ պնդելով, որ քաղաքում չեն լինելու, եւ մենք ստիպված ենք եղել հյուրերին ընտրել այս եղանակով: Երեւի սկսենք արդեն հրապարակել այն ցուցակները, թե ում ենք զանգում, քանիսին ենք հրավիրում, եւ նրանցից քանիսն են գալիս եթեր, եւ հետո մեզ մեղադրում են կողմնակալության մեջ, ասում են, թե իբրեւ հավասարություն չենք ապահովում, բայց նրանք՝ բոլորը, շատ լավ գիտեն, որ մենք հրավիրում ենք իրենց, սակայն իրենք մերժում են:
– Մի քանի անուն կնշե՞ք, թե որ գործիչներին եք կոնկրետ կիրակի օրվա թողարկման համար հրավիրել, որ մերժել են:
– Այս թողարկման համար «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակի հետ ենք կապվել, սակայն նրանք օբյեկտիվորեն ասացին, որ Ստեփանավանում են լինելու այդ օրը եւ չեն կարողանա գալ: «Հայաստան» խմբակցությունը մերժեց, Նաիրի Սարգսյանը նույնպես մերժեց, Արամ Մանուկյանը մերժեց` ՀԱԿ-ից: Ավետիք Չալաբյանին զանգահարեցինք՝ անհասանելի էր, Արմեն Բաղդասարյանը, Մեսրոպ Առաքելյանը մերժեցին եւ այլն: Ամեն հաղորդումից առաջ մոտ 20 ընդդիմադիրի դիմում ենք, նրանք՝ բոլորը, մերժում են գալ եթեր: Գրեթե բոլոր թողարկումների պարագայում էլ այդպես է:
– Կիրակի օրվա թողարկման ժամանակ Հարություն Մկրտչյանը Բորիս Մուրազիին մեղադրեց Սերժ Սարգսյանին սեռական ծառայություններ մատուցելու մեջ, կարծիք կա, որ Հ1-ի հաղորդավարները պետք է կանխեին նման անձնական վիրավորական արտահայտությունները, ասենք՝ բանախոսին տաղավարից դուրս հրավիրեին, լռեցնեին: Ինչո՞ւ նման դեպքերում տաղավարից չեք հեռացնում բանախոսներին:
– Ես ընդհատել եմ Հարություն Մկրտչյանին, երբ նա դեռ իր խոսքը չէր ավարտել: Խնդրել եմ անջատել նրա բարձրախոսը, ոչ ոք չի խրախուսել նրա հայտարարությունները, չեմ կարծում, որ հաղորդավարները սխալ են իրենց դրսեւորել էթիկապես:
– Իսկ ինչո՞ւ այդ հատվածը չէր մոնտաժվել:
– Որոշման հարց է, եթե այդ հատվածը մոնտաժեինք, կողմերից մեկն անպայման ասելու էր, որ մենք կողմնակալ ենք եւ մոնտաժեցինք ինչ-որ մեկին պաշտպանելու համար: Հանրային հեռուստաընկերության դեմ կգրոհեն, եթե մոնտաժենք: Հեռուստադիտողը տեսավ ամեն բան եւ թող տա իր գնահատականը՝ ով էր մեղավոր եւ ով՝ ոչ: Ես չեմ կարծում, որ Հանրայինի տաղավարում նման միջադեպ հրահրելն ընդունելի է: Ազգային ժողովում էլ վերջերս ծեծկռտուք տեղի ունեցավ, լրագրողները չլուսաբանեցի՞ն: Լուսաբանեցին, չէ՞: Նման միջադեպերը կոծկելն անիմաստ է, եթե եղել է, ապա պետք է հրապարակվեն:
– Շատերը նաեւ ասում են, որ Հարություն Մկրտչյանը չունի բարձրագույն կրթություն: Հյուրերին ընտրելու հարցում հաշվի չե՞ն առնվում անձի կրթությունը, մասնագիտական որակները, պրոֆեսիոնալիզմը….
-Ես չեմ ցանկանում որեւէ մեկին թիրախավորել եւ կրթության թեման քննարկել: Խնդրում եմ նայեք, թե «Հրապարակը» երբեմն ում է հրավիրում եթեր: Արդյո՞ք նայում եք, թե նրանք ինչ կրթություն ունեն:
– «Հրապարակը» մասնավոր լրատվամիջոց է, Հ1-ը` հանրային, հետո՝ մենք եւս ուշադրություն ենք դարձնում մեր բանախոսների կրթական ցենզին, գիտելիքներին… եւ բանավեճի չենք հրավիրում մարդկանց, հարցազրույց ցանկացած մեկի հետ կարելի է անել։
– Խիստ սուբյեկտիվ են նման գնահատականները: Մեկի համար Հարություն Մկրտչյանն է ոչ հարիր եթերի համար, մյուսի համար` ընդդիմադիր մեկը: Նայեք, թե այլ լրատվամիջոցներ ում են եթեր տալիս: Նայեք մեր հաղորդումների մեկնաբանությունները, ընդդիմադիր մարդիկ համարում են, որ իշխանականներին չպետք է եթեր տրամադրենք, իշխանականներն էլ գրում են` էս ո՞ւմ եք եթեր հրավիրել: Այնպես որ, այդ բոլոր գնահատականները սուբյեկտիվ են:


Բաց մի թողեք
Գրիգորյանը մեզ պատկերացնում է որպես ծայրագավառ. պետք է բանակցել ՌԴ-ի հետ՝ վտանգավոր իրավիճակ կստեղծվի
Մի խաբվեք
Այս վոյաժների նպատակը փող խնդրելն է