21/11/2026

EU – Armenia

Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ այցելելու է Ռուսաստան, ինչի մասին հայտարարեց Եվրոպա այցելության ժամանակ: Ի՞նչն է նրան դրդում եվրոպամետ հայտարարություններից ու այցերից հետո դեմքը նորից դեպի Ռուսաստան շրջել:

– Նիկոլ Փաշինյանին հիմա ավելի շատ մտահոգում է ներքաղաքական իրավիճակը. խոսքը հնարավոր հանրաքվեի մասին է, կամ եթե դա չլինի, ինչպես ինքն է ասում, բուլդոզերով գնալ նոր ընտրությունների: Նա ցանկանում է ցույց տալ, որ սա ավելի շուտ պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրություն է լինելու եւ ոչ թե Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ։ Նա այդպիսի խնդիր ունի: Որքան էլ հայ հասարակությանն ավելի դուր գա Արեւմուտքը, այնուամենայնիվ, տնտեսական, սոցիալական թելերով ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ: Մարդիկ հասկանում են, որ եթե գազը, էներգակիրները թանկանան, շուկան ընդհանրապես փակվի, մարդկանց վիճակը վատանալու է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ցույց տալ, որ ինքն ամեն դեպքում փորձելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այսինքն՝ պետք չէ վախենալ դրանից եւ իրեն ձայն չտալ։ Դա է իր մտահոգությունը:

– Բուլդոզերով նոր ընտրությունների գնալու հայտարարությամբ ցանկացած քայլի գնալու պատրաստակամության մասի՞ն է ակնարկում։

– Նա չի ակնարկում, ուղիղ ասում է, որ կդիմի ամենակոշտ մեթոդների: Բուլդոզերի իմաստն ի՞նչ է՝ իր ճանապարհին հարթել, ոչնչացնել, վերացնել ամեն ինչ, ուղիղ գնալ իր նպատակին: Նա ուղիղ է ասում եւ ասում է իր նպատակը, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում չհայտնվի: Մարդն ուղիղ տեքստով ասում է, չի ակնարկում: Ասում է՝ ես ձեզ կվերացնեմ, կհեռացնեմ:

– Այսինքն, փաստացի վտա՞նգ է տեսնում խորհրդարանական ընդդիմությունից, ինչքան էլ հանրության մի հատված ասի, որ ընդդիմությունը թույլ է, չի կարողանում հեռացնել Փաշինյանին: Թե՞ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումները դեր ունեն:

– Այո, աշխարհաքաղաքական իրավիճակը բացասաբար է ձեւավորվում: 5 ամիս առաջվա ընտրություններից հետո ի՞նչ է փոխվել՝ փոխվել է այն, որ Իրանը շատ հստակ, կտրուկ կոշտացրել է իր դիրքորոշումը TRIPP-ի ուղու նկատմամբ, հստակ է, որ Արեւմուտքի հետ տեսանելի ապագայում հույսեր կապել հնարավոր չէ: Պարզ եղավ, որ ԵՄ շուկան բացելը մեր տնտեսությանը որեւէ էական օգուտ չտվեց, պարզվեց, որ Ռուսաստանն արդեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկեց ՀԱՊԿ-ում, քննարկվում է ԵԱՏՄ-ում Հայաստանի արտոնությունների կասեցման հնարավոր ուղիների հարցը։ Այսինքն՝ իրավիճակը վատացել է, եւ խնդիրը միայն ընդդիմությունը չէ: Նիկոլ Փաշինյանի խնդիրն ընդդիմությունը չէ, պրոբլեմն այն է, որ ինքը 5 ամիս առաջ չկարողացավ 50 տոկոս հավաքել: Ոչ թե ընդդիմությունից է վախենում, այլ վախենում է, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում, մեծամասնությունն այլեւս իր ասածները հալած յուղի տեղ չի դնում՝ սա է իր վախը: Դրա համար էլ ինքն իրեն հավասարեցնում է խաղաղության հետ, ասում է. ես կլինեմ՝ կլինի խաղաղություն, ես չլինեմ՝ կլինի պատերազմ:

– Իսկ հնարավո՞ր է, որ թուրք-­ադրբեջանական տանդեմը Փաշինյանին աջակցելու համար ինչ-ինչ քայլեր ձեռնարկի:

– Նրանք, իհարկե, կցանկանան, որ Փաշինյանը շարունակի պահպանել իշխանությունը Հայաստանում: Կոնկրետ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, չգիտեմ, կոշտ հայտարարություններից բացի` այս փուլում որեւէ այլ բան: Պիտի ասեն նույն բանը, ինչ Փաշինյանը. պիտի ասեն, որ եթե ռեւանշիստական ուժերը գլուխ բարձրացնեն, ուրեմն խաղաղություն չի լինելու, իսկ նրանք դա հայտարարում են շատ կայուն պարբերականությամբ:

– Այսինքն, ռեալ գործողու­թյուններ՝ հարձակման քայլեր Ադրբեջանը չի անի:

– Ոչ, եթե նման բախում լինի, դա կվնասի Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ կպայթեցնի այն թեզը, թե իբր խաղաղությունն արդեն կայացել է վերջնականապես: Արդեն քանի տարի է՝ Փաշինյանն ասում է՝ գետնի վրա խաղաղություն է. դա է մնացել իր միակ քարոզչական հենարանը, այդ գաղափարը՝ Ադրբեջանն ինչո՞ւ պիտի պայթեցնի դա:

– Ռուսական կողմն ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի «վերադարձին»՝ գրկաբա՞ց կընդունեն, թե՞ չուզենալով, կամ ՀԱՊԿ-ի սցենարը կրկնվի:

– Կարծում եմ՝ այնտեղ Փաշինյանին, իհարկե, չեն հավատա, բայց արտաքուստ կժպտան, գրկաբաց կընդունեն եւ դրա դիմաց շատ մեծ գին կպահանջեն Հայաստանից․ կպահանջեն, որ Հայաստանը սեփական արտաքին քաղաքականություն չունենա, ամեն ինչ համաձայնեցնի իր հետ, ներքաղաքական խնդիրներում լիբերալացման գնա, ռուսամետ ուժերի նկատմամբ ճնշումներ չիրականացնի, ռուսական բիզնեսները հանգիստ թողնի, օրինակ՝ բաշխիչ ցանցերը, երկաթուղին, գազամուղները եւ այլն, եւ այլն։ Այսինքն` գին է պահանջելու դրա համար:

– Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի տարանջատումը թիմից արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանին փոխարինող են պատրաստում:

– Ես չեմ կարող ասել, ես նրա այդ հոդվածն այսպես ընկալեցի. ասում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ավելի ծանր հետեւանքներ է ունենալու, քան թվում է: Ինքն ասում է, որ պետք չէ պատրանքներ ունենալ Եվրոպայի հետ կապված, բայց չի ասում, որ դրա փոխարեն պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնել։ Նա ուղղակի ասում է, որ Եվրոպան մոռացեք, այդ քաղաքականությունը եթե ճիշտ է՝մեր բաժին Արեւմուտքը Թուրքիան է: Իր ասածը սա է: Այսինքն, պատրանքների գիրկը մի ընկեք, իմացեք, որ մեր բաժին ԵՄ տանող ճանապարհն անցնում է Թուրքիայով, սա է՝ ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք, բայց ճշմարտությունն իմացեք: