18/08/2026

EU – Armenia

«Բյուրոկրատական խոչընդոտը» երկուստեք հանվա՞ծ է

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը առաջաարկել է «ստեղծել պարսկալեզու երկրների և տարածաշրջանների միություն»։

Ինչպես տեղեկացրել է իրանական IRNA պետական գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Տաջիկստանի էներգետիկայի նախարար Դադեր Ջումայի հետ օգոստոսի 15-ին Թեհրանում կայացած հանդիպմանը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի ձևակերպմամբ՝ «այդ միությունը կարող է նպաստել պարսկալեզու աշխարհատարածքում մշակութային և քաղաքակրթական համագործակցությանը»։

Արեֆը ընդգծել է Իրանի և Տաջիկստանի «պատմական, մշակութային, քաղաքակրթական և լեզվական ընդհանրությունը» և քննադատել «բյուրոկրատիան, որ խոչընդոտում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը»։

Նա ընդգծել է «այդ արգելքները հաղթահարելու համար միասնական ջանքերի անհրաժեշտությունը»։ Ըստ IRNA-ի, Տաջիկստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև տրանսպորտի նախարար Ազիմ Իբրոհիմը, «Օրիյոնբանկի» նախագահ Հասան Ասադուլզոդան և Իրանում դեսպան Նիզամիդին Զոհիդին»։

Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքախոս պետությունն է։ Կարելի է ենթադրել, որ վերջերս ձևավորված կամ ձևավորվող՝ Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան ձևաչափում, որ անկասկած վայելում է Թուրքիայի հովանավորությունը, Տաջիկստանը որոշակի «անհարմարություն ունի», իսկ Իրանին չի կարող չանհանգստացնել Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «պաշտպանական դաշինքը»։

Այս իրավիճակում տարածաշրջանում «պարսկական ինքնության միավորման» Թեհրանի նախաձեռնությունը միանգամայն հասկանալի է։ Բայց Իրանի առաջին փոխնախագահը նշագծել է ոչ միայն Իրան-Տաջիկստան, այլև «պարսկալեզու աշխարհատարածքի միություն ստեղծելու» նպատակ։

Կենտրոնական Ասիայի երկրներից ամենահոծ տաջիկ բնակչություն ունի Ուզբեկստանը։ Ընդ որում, տաջիկները համահավաք ապրում են Բուխարայում և Սամարղանդում։ Զգալի թվով տաջիկներ ապրում են նաև Աֆղանստանում։

Այս եւ այլ իրողությունների նկատառմամբ՝ «պարսկալեզու աշխարհատարածքի միավորման» իրանական նախաձեռնությունը կարող է Տաջիկստանի և Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի միջև լարվածության առիթ հանդիսանալ։

Թեհրանում հազիվ թե այդ վտանգը չեն կանխատեսել, բայց Իրանի փոխնախագահի հայտարարությունը, երևի, «այստեղ և այժմ» քայլերի մասին չէ, այլ՝ աշխարհաքաղաքական հեռանկարի, որի հրապարակայնացումը թույլ է տալիս ենթադրել, որ ներիրանական դիսկուրսում էթնիկ-քաղաքակրթական ինքնությունը և այդ հիմքով տարածաշրջանային «հակակշռի կառուցումը» կարևորվում է։

Ընդ որում, Իրանի այդ «նախագիծը» կարող է աջակցություն ստանալ նաև Ռուսաստանից։ Խնդիր է, որ Տաջիկստանը ոչ Ռուսաստանի հետ ունի ըդհանուր սահման, ոչ՝ Իրանի։ Պաշտոնական Դուշանբեն տասնամյակներ շարունակ Թեհրանից հեռավորություն է պահել՝ զգուշանալով Տաջիկստանում «կրոնապետության հաստատման վտանգից»։ Այդ «բյուրոկրատական խոչընդոտը» երկուստեք հանվա՞ծ է։