24/08/2026

EU – Armenia

Նոր մեղադրանքներ՝ ընդդեմ Վրաստանի նախկին վարչապետի

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանքներ են առաջադրվել։

Այս մասին հայտարարվել է գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Ղուլուաշվիլիի խոսքով՝ գործը վերաբերում է կոռուպցիային, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը։ Ղարիբաշվիլին մեղադրվում է համագործակցաբար գործող անձանց խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար։

2025 թվականի հոկտեմբերին Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Հետաքննիչների տվյալներով՝ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոններում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել անօրինական եկամուտ։

Ըստ մեղադրանքի՝ Ղարիբաշվիլին այդ եկամուտը լվացել է կեղծ գործարքների և ընտանիքի անդամների անունով գրանցված գույքի միջոցով։

Նա մեղքի խոստովանության համաձայնագիր է կնքել դատախազության հետ և ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Հետաքննության հետ համագործակցության և մեղքի խոստովանության շնորհիվ նրա ազատազրկման ժամկետը կրճատվել է (ի սկզբանէ նրան սպառնում էր 9-ից 12 տարվա ազատազրկում)։