Երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանն այն սցենարին, որ ԵԱՏՄ անդամակցությունից Ռուսաստանի նախաձեռնությամբ հեռացվելու և հետևաբար այդ կառույցի արտոնություններից զրկվելու դեպքում ռուսական գազը զգալիորեն կարող է թանկանալ և կկարողանա՞ արդյոք կառավարությունն այնպես անել, որ հայաստանցիները չզգան այդ թանկացման ազդեցությունը, պատասխանեց, որ անկախ գազի թանկանալ-չթանկանալուց իրենք պատրաստվում են նաև այդ ոլորտը դիվերսիֆիկացնել՝ այլ շուկաներ մուտք գործելով։
Վարչապետը նաև համոզմունք հայտնեց, որ անգամ այս պահի դրությամբ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազն ամենևին էլ մատչելի չէ և դրանում մեղադրեց «Գազպրոմ Արմենիային», թե իբր ընկերությունը գերշահույթներ է ստանում։ «Հայաստանում գազը էժան չէ, սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ մենք պետք է արձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, թե չկա այդպիսի ոլորտ, որը ՀՀ իշխանությունը չդիվերսիֆիկացնի։ Սակայն նա չհստակեցրեց՝ այս պահի դրությամբ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե նման բան լինելու դեպքում զուտ իրավիճակային լուծումներ են լինելու, ինչպես պատահեց հայկական արտադրանքի նկատմամբ ռուսաստանյան սահմանափակումների դեպքում, և մի ամբողջ ոլորտ անհաշվելի վնասներ կրեց, որոնց համար պետական բյուջեից չնախատեսված միլիոնավոր միջոցներ են ծախսվում սուբսիդավորման ու փոխհատուցման նպատակով։
Փաստացի Փաշինյանը բացարձակ պատրաստ չէր նման զարգացումներին, և կարելի է ենթադրել, որ նաև գազի գնի հետ կապված հնարավոր բացասական զարգացումները հերթական ցնցումն են դառնալու մեզ համար, որովհետև Հայաստանի իշխանությունները սպասում են Ռուսաստանի քայլին, որպեսզի հետո միայն իրենց շախմատային քայլն անեն, որը թերևս նույն հաջողությամբ կձախողվի։
Ու թեև այսօր Փաշինյանը, երևի հատուկ Ռուսաստանի ականջների համար, հայտարարում է, թե անկախ այն բանից՝ ռուսական կողմը գազի գինը կբարձրացնի, թե չի բարձրացնի, Հայաստանը քաղաքական որոշում է կայացրել այդ ոլորտում դիվերսիֆիկացման գնալու համար․ «Անկախ ամեն ինչից մենք դիվերսիֆիկացնելու ենք այդ ոլորտը ևս՝ թանկանա, չթանկանա։ Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ, չորրորդ տեղից բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով, եթե կա հնարավորություն, որ ԹՐԻՓ-ով գազամուղ անցնի Հայաստանով, որից մենք տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ։ Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներով»,- մեր հարցին պատասխանեց Փաշինյանը։
Բայց պետք է փաստենք, որ համենայն դեպս այս պահի դրությամբ գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և այդ ուղղությամբ բանակցությունների մասին տեղեկատվություն գոյություն չունի։ Ավելին, նոր գազամուղների կառուցման կամ եղած գազամուղները արդիականացնելու ծրագրեր էլ չեն նախանշվում։
Գուցե այս դեպքում ևս Փաշինյանի այլընտրանքը Ռուսաստանի հասցեին արված սպառնալիքներն են, որոնցով, ի դեպ, նա ապարդյուն փորձում էր շտկել ռուսաստանյան սահմանափակումների հետևանքով մեր տնտեսությունում առաջացած անելանելի վիճակը։ Երեկ էլ սպառնաց, որ եթե Ռուսաստանը գնա թանկացման, ապա Հայաստանի իշխանություններն էլ կնայեն, «թե ինչ կարող են թանկացնել նրանց համար, կամ ինչ կա, որ ձրի է, և դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ։ Այնպես որ իրենք նորմալ են վերաբերում երևույթին, քանի որ իրենց կարծիքով հանգիստ աշխատանքային ոլորտում հանգիստ կարող են քննարկել այդ հարցը»։
Եթե Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ընկրկել նրա սպառնալիքների առաջ, ապա չափազանց միամիտ է ու ինքնավստահ և դաս չի քաղում արդեն իսկ ռուսական շուկայից Հայաստանին զրկելու ռուսաստանյան «հանդգնությունից»։
Ինչպես որ ԵՄ գնալու ճանապարհին ԵԱՏՄ արտոնություններից առատորեն օգտվելու ճարպկությամբ էր ուզում Փաշինյանը Ռուսաստանին հիմարացնել, հիմա էլ գազի գնի վերանայման հնարավոր քայլը իբրև կանխելու համար նախապես մատ է թափ տալիս Ռուսաստանի վրա, որ պատասխան քայլերը չեն ուշանա։
Սակայն ակնհայտ է, որ մինչև բանը հասնի գազի գնի վերանայմանը, հնարավոր է Ռուսաստանի հետ բոլոր հնարավոր կապերն արդեն խզված լինեն, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն երկու աթոռին հավասարաչափ նստելու նույն «ճարպիկ» քաղաքականությունը վարել, և «վախենալու, ահաբեկվելու» առիթ էլ չի ունենա Ռուսաստանը։
Այս ամենի մեջ առանցքայինն այն է, որ Փաշինյանն այդպես էլ չնշեց բոլոր այն երաշխավորված քայլերը, որոնցով իր կառավարությունը աշխատելու է հայ ժողովրդին զերծ պահել գազի հնարավոր թանկացման ազդեցությունից։ Եվ նման սցենարի դեպքում Հայաստանի բնակչությունն ընկնելու է հայ գյուղացիների ու ֆերմերների օրը՝ սոցիալական առավել սրված խնդրի առաջ մնալով մեն-մենակ։

Բաց մի թողեք
Որսի ժամանակ ոտքը սայթաքել է․ Արարատի մարզում 39-ամյա տղամարդը պատահաբար կրակել է ընկերոջ վրա
Խոշոր ավտովթար Ծաղկաձորում․ բախվել են Rolls-Royce-ն ու BMW-ն, կան վիրավորներ․ Լուսանկար
Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել