16/09/2026

EU – Armenia

Yerra և 1SQ AGRO ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Ներկայացնում եմ Yerra և 1SQ AGRO ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակը նկարագրող՝ ՀՀ կառավարությանը ուղղված գրության պատճենը ի գիտություն։

Միաժամանակ այն հասցեագրվել է ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին և ՀՀ գլխավոր դատախազությանը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ընկերությունների բաժնեմասը կառավարման վերցնելու և բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Գրությամբ ՀՀ կառավարության և հասցեատեր պետական մարմինների ուշադրությունն եմ հրավիրում պետական աջակցությամբ իրականացվող երկու խոշոր գյուղատնտեսական ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, որը չի կարող դիտարկվել միայն որպես ընթացող դատական վեճի շրջանակներում առաջացած մասնավոր խնդիր։

Ստեղծված իրավիճակի չկարգավորման դեպքում իրական վտանգի տակ են հայտնվում շուրջ 380 հա բազմամյա նուշի այգիներ, ծրագրերում կատարված միլիարդավոր դրամների մասնավոր ներդրումներ, հարկատուների միջոցներով տրամադրված պետական աջակցությունը, աշխատատեղերը, սահմանամերձ և նախկինում ցածր արտադրողականություն ունեցող տարածքների տնտեսական զարգացումը, ինչպես նաև ծրագրերի հետագա շարունակականությունը։

Խնդրի առանցքն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանում գույքը պետության տիրապետությանը հանձնելու և դրա կառավարումն ու պահպանումը պետության կողմից իրականացնելու դեմ առարկել է, ի թիվս այլնի, այն պատճառաբանությամբ, որ այդ գույքի կառավարումն ու պահպանումը պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ, որոնք պետությունը չի կարող ստանձնել և պետությունը չունի այդ գույքը կառավարելու շահագրգրվածություն։

Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ համապատասխան կառավարման գործառույթների համար ՀՀ գլխավոր դատախազությունը 2020-2025 թվականների համար բյուջետային հայտ չի ներկայացրել և համապատասխան նպատակային բյուջե չի ունեցել։

Այս հանգամանքը սկզբունքային է. բյուջեում միջոց չնախատեսելը և պետության կողմից
այդ ծախսը կրելու օբյեկտիվ անհնարինությունը նույնը չեն։ Առավել ևս, երբ համապատասխան ֆինանսավորման հարցը նույնիսկ չի ներկայացվել բյուջետային ընթացակարգով գնահատման։ Պետական մարմնի կողմից օրենքով նախատեսված հնարավոր գործառույթի համար ֆինանսավորում ժամանակին չպլանավորելու հետևանքները չեն կարող տեղափոխվել մասնավոր ներդրողի, գործող ընկերությունների և, առավել ևս, հարկատուների արդեն իսկ ծախսված միջոցների վրա։

Հարգանքով՝ Արմեն Սաքապետոյան