Հաագայում ներգաղթի դեմ կազմակերպված ակցիայի ընթացքում Նիդերլանդների հատուկ նշանակության ոստիկանական ուժերը բախվել են մոտ 500 ծայրահեղ աջակողմյան ցուցարարների հետ։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և ծառայողական շներ այն բանից հետո, երբ ցուցարարները հրավառության միջոցներ են նետել և նացիստական ողջույնի ժեստեր կատարել։
Շաբաթ օրը Հաագայի կենտրոնում Նիդերլանդների հատուկ նշանակության ոստիկանությունը բախվել է մոտ 500 ծայրահեղ աջակողմյան ցուցարարների հետ՝ կիրառելով մահակներ, հատուկ վարժեցված շներ և ջրցան մեքենաներ՝ ամբոխը ցրելու նպատակով, երբ բռնություն է բռնկվել։
«Մենք ենք ժողովուրդը» (We Are The People) կարգախոսով անցկացվող ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր՝ ի նշան ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցում կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ հրավառության միջոցներ և այլ առարկաներ են նետել, հակասեմական կոչեր հնչեցրել և նացիստական ողջույնի ժեստեր կատարել։
«Մենք կորցնում ենք մեր երկիրը։ Մենք բառացիորեն կորցնում ենք մեր երկիրը զանգվածային միգրացիայի պատճառով», – դեպքի վայրում լրատվական գործակալություններին ասել է 31-ամյա մեխանիկ Թայս Յանսենը։
Ցուցարարները մտադիր էին երթով անցնել քաղաքով, սակայն տեղական իշխանություններն արգելել են երթը և հրահանգել ցրվել այն բանից հետո, երբ բախումներ են սկսվել Մալիվելդում (Malieveld)՝ կենտրոնական զբոսայգում, որտեղ հավաքվել էին մասնակիցները։ Գործողության ընթացքում ձիավոր ոստիկանները մի քանի ձերբակալություն են իրականացրել։
Արդարադատության նախարար Դավիդ վան Վիլը X սոցիալական հարթակում դատապարտել է «զզվելի տեսարանները»՝ կոչ անելով «չափազանց կոշտ» արձագանքել իրավապահների նկատմամբ բռնությանը և ատելության խոսքի կիրառմանը։
«Շնորհակալություն բոլոր այն ոստիկաններին, ովքեր կրկին պաշտպանում են մեր ժողովրդավարական իրավական կարգը», – գրել է վան Վիլը։
Շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունները հաջորդել են մեկ տարի առաջ քաղաքում աջակողմյան ցույցի ընթացքում տեղի ունեցած նմանատիպ բռնություններին, երբ անկարգությունների մասնակիցները հրկիզել էին ոստիկանական մեքենա և թիրախավորել կենտրոնամետ D66 կուսակցության շտաբը, որը ներկայումս գլխավորում է վարչապետ Ռոբ Յետենը։

Բաց մի թողեք
Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում
Իսրայելը սպառնալիք է դարձել ամբողջ աշխարհի համար․ Թուրքիայի արտգործնախարար