26/09/2026

EU – Armenia

6,5 մլն դրամով մեքենա է գնում, բայց տան վարձը Ազգային ժողովն է տալիս

Երևան քաղաքում բնակարան չունեցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին բնակարանի վարձի համարժեք փոխհատուցում ստանալու նպատակով հնարավորություն ունեն ԱԺ աշխատակազմ դիմել։

Գրավոր հարցմամբ տեղեկացանք, որ բնակվարձի փոխհատուցման համար ՔՊ-ական երկու պատգամավոր է դիմել՝ Կնյազ Հասանովը և Նարեկ Ղահրամանյանը։

Ընդ որում, Նարեկ Ղահրամանյանի հայտարարագիրն ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ վերջինս դեռեւս 2022թ-ին է Երևանում նոր կառուցվող շենքում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» կառուցապատող ընկերությունից 32,2 մլն դրամ արժեքով, թեև շենքը մինչ այժմ շահագործման չի հանձնվել։ Ղահրամանյանը հողամաս է հայտարարագրել, որը գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում եւ 2016թ-ին նվեր է ստացել։

Նա նաեւ 2008թ-ի արտադրության Audi մակնիշի մեքենա է հայտարարագրել, որը գնել է 2020թ-ին, իսկ նախորդ տարի 5 մլն դրամով այն վաճառել է, փոխարենը 2021թ-ի արտադրության Mazda մակնիշի մեքենա է գնել՝ 6,5 մլն դրամով։

Նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 2մլն 175 հազար 461 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 2,8 մլն դրամ եւ 2500 դոլար։ Նրա հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 30,8 մլն դրամ։ Եկամուտները կազմել են 20մլն 667 հազար 63 դրամ, որից 3մլն 773 հազար 923 դրամը եկամտահարկի վերադարձից է ստացել, մնացածը՝ Ազգային ժողովից։ Վերջինս իր հայատարարագրում նշել է, որ կինը՝ Դիանա Ավանեսյանը 2021թ-ից գտնվում է ֆիզարձակուրդում։

Ղահրամանյանը նախորդ տարի եւս բնակարանի վարձի համար գումար է ստացել Ազգային ժողովից՝ 1,2 մլն դրամ, այսինքն յուրաքանչյուր ամիս 100 հազար դրամ։