Ադրբեջանի նախագահը իրենց հաղթանակի տոնի առթիվ հայտարարել է, որ Հայաստանը տարիներ շարունակ սպառնացել է Ադրբեջանին նոր պատերազմով և տարածքային պահանջներ ներկայացրել՝ հիշատակելով «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մարտի դաշտում գերազանցություն է ապահովել, իսկ հայկական բանակում, ըստ Հայաստանի ղեկավարության խոստովանության, եղել է շուրջ 12 հազար դասալիք։
Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը խոսում դասալիքների մասին և մեջբերում այն թիվը, որը տարիներ առաջ ասել էր վարչապետի տիկինը։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ Ալիևի այս խոսույթն ունի մի քանի հասցեատեր, և, իհարկե, առաջինը ներհայաստանյան հասցեատերն է։
«Գործող վարչապետի կնոջ ձեռամբ օդից հայտնվեց տասներկու հազար դասալիքի թիվը, ինչը նշանակում է, որ ուզում էին ասել՝ հայերը կռվող չեն, հայերը հաղթող չեն։ Մինչդեռ իրավիճակն իրականում եղել է լիարժեք ու ամբողջականորեն այլ և տարբերվող այդ ներկայացվածից։ Քարոզչական առումով նա նաև իր սեփական հասարակությանն է այսպիսի ուղերձ հղում՝ ես հաղթող եմ, իսկ այն հայերը, ովքեր նախկինում ձեզ հաղթել են, հիմա դասալիք են, նահանջում են կռվից»»,- ասաց Ղևոնդյանը։
Ալիևը 2020 թվականի պատերազմի ելքը կապում է Շուշիի գրավման հետ, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ռազմական գործողությունը ներկայացնում է որպես «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարության վերջնական ամրագրում՝ նշելով, որ հայկական կողմը երկրորդ անգամ կապիտուլյացիայի է ենթարկվել։
«Այսօրինակ հայտարարությունների հաջորդ հասցեատերը, իհարկե, միջազգային հանրությունն է։ Ուզում են նաև ցույց տալ, որ ժամանակին իրենց հաղթած հայերին, ավելի ճիշտ՝ նրանց բանակին ու զինվորականներին, հիմա հաղթել են, նրանք նահանջում են, իսկ Ադրբեջանն իր կարգավիճակով տարածաշրջանի ռազմական և ռազմատեխնիկական առումով ամենահզոր պետությունն է։ Քարոզչական գործիքակազմի տեսանկյունից ճիշտ թիրախավորում է ընտրված՝ սեփական հետագա ախորժակը բավարարելու տեսանկյունից»,- ասաց քաղաքագետը։


Բաց մի թողեք
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Բոլորս այս պահին մետրոպոլիտենում ենք և կշարժվենք տարբեր ուղղություններով. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում