Երևանում՝ Մամիկոնյանց 30/1 հասցեում, բացվեց MNTEC-ի` Բժիշկների և բուժքույրերի գերազանցության կենտրոնը։
MNTEC-ը ստեղծվել է առողջապահության ոլորտի մասնագետների մասնագիտական շարունակական զարգացման, հետդիպլոմային կրթության և միջազգային փորձի ու ժամանակակից կրթական մոտեցումների ներդրման նպատակով։

Կենտրոնի ստեղծման հիմքը դրվել է 2024 թվականին՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և շվեյցարական «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։ Այսօր Կենտրոնի միջազգային համագործակցության շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև ֆրանսիական գործընկեր կառույցներին։
Կենտրոնի գործունեությունն ուղղված է առողջապահության ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացմանը, հետդիպլոմային կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու բարելավմանը: Մեր նպատակն է առողջապահության ոլորտում մասնագիտական կրթության միջազգային չափանիշների տեղայնացումը, ապացուցահեն և նորարարական կրթական ծրագրերի ներդրումն ու սիմուլյացիայի վրա հիմնված մասնագիտական ուսուցումը:

Միջոցառմանը կմասնակցեն առողջապահության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, ոլորտի մասնագետներ և կենտրոնի հիմնադիր կառույցների ներկայացուցիչներ։
«Ես երբեք բաց չեմ թողնում գործնական քայլը խրախուսելու հնարավորությունը, ինչքան էլ այն փոքր լինի, քանի որ զարմանալի է, թե որքան հաճախ է նման դեպքերում մանանեխի սերմը ծլում ու արմատանում»․ այս մտքի հեղինակը առողջապահության ոլորտին մեծ բարեփոխումներ բերած բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլն է, որի օրերից ի վեր բժշկական համակարգում շատ բան է փոխվել դեպի լավը, բայց և անփոփոխ է մնացել մարդու առողջության համար մշտապես պայքարող ոգու զորությունը, որի շնորհիվ փոքրիկ քայլերն անգամ, ի վերջո, մեծ ճանապարհ են հարթում։
Թերևս այդպիսի փոքրիկ քայլերից էլ սկսվել է Բժիշկների, բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի՝ MNTEC-ի պատմությունը։ MNTEC -ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և շվեյցարական «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի կողմից։ Կենտրոնի գործունեությունն ուղղված է բժիշկների, բուժքույրերի և թերապիստների շարունակական մասնագիտական զարգացմանը։

Կենտրոնի գլխամասային գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Երևանում՝ առողջապահական, կրթական ոլորտի ներկայացուցիչների, միջազգային գործընկերների, կենտրոնի հիմնադիր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցների թվում էին Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդաթրա Դատտան, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանը։
Ինչպես նշում է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն իր ողջույնի խոսքում, «Արաբկիր» բժշկական համալիրը՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արժանացել է համակարգող կենտրոնի կարգավիճակի, վերջին 38 տարիների ընթացքում իր միջազգային գործընկերների հետ համատեղ մշակել և Հայաստանի առողջապահության համակարգում ներդրել է 42 ծրագիր։ Այդ ծրագրերի մեծ մասն իրականացվել է Շվեյցարիայի գործընկերների հետ համատեղ։
«Մեր համագործակցության շրջանակում իրականացված ևս մի ծրագիր է Բժիշկների, բուժքույրերի և թերապիստների համար նախատեսված գերազանցության այս կենտրոնը, և մեծ ուրախությամբ նշում եմ, որ այս ծրագրին միացել է նաև Ֆրանսիան՝ Նիցցայի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջոցով»,- ասում է պրոֆեսոր Բաբլոյանը։

MNTEC-ի տնօրեն Շուշան Դավթյանն իր բացման խոսքում ընդգծում է՝ կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման կարևորագույն հիմքերից է։ Այն ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածողություն, արժեքներ, պատասխանատվություն ու վերաբերմունք մասնագիտության ու մարդու նկատմամբ:
«Առողջապահական կրթությունն այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի, և այստեղ գիտելիքն ու հմտությունը անմիջականորեն առնչվում են մարդուն՝ նրա կյանքին, առողջությանը, արժանապատվությանը և բարեկեցությանը: Յուրաքանչյուր նոր գիտելիք, ճիշտ ձևավորված հմտություն և գիտակցված մասնագիտական որոշում կարող է փոխել մարդու կյանքի ընթացքը։ Հենց այս գաղափարախոսությամբ և առաքելությամբ էլ ստեղծվեց MNTEC-ը»։
Սակայն, ինչպես նշում է Շուշան Դավթյանը, այսպիսի կենտրոնի ստեղծման գաղափարը մեկ օրում չի ծնվել: Այս ճանապարհը սկսվել է դեռևս 2006 թվականին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրում պրոֆեսոր Արա Բաբլոյանի և Ժան Պիեռ Բեռնարի նախաձեռնությամբ ու Մարլիզ Ֆլյորիի ներգրավվածությամբ ու ջանքերով մեկնարկեց բուժքույրերի շարունակական մասնագիտական կրթության ծրագիրը:

«Տարիների ընթացքում այդ նախաձեռնությունն աճեց, զարգացավ, ընդլայնվեց, և այսօր մենք հասել ենք մի կարևոր հանգրվանի` MNTEC գերազանցության կենտրոնի ստեղծմանը: Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացմանը՝ ստեղծելով ժամանակակից և որակյալ շարունակական կրթության հնարավորություններ: Մեր նպատակն է Հայաստան բերել և տեղայնացնել միջազգային լավագույն փորձը, զարգացնել ապացուցահեն և նորարարական կրթությունը, ներդնել մասնագիտական կրթության ժամանակակից մեթոդաբանություններ և ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք իրական փոփոխություն կբերեն մասնագիտական պրակտիկայում»:
Շուշան Դավթյանը կարևորում է հայաստանյան և միջազգային մասնագետների փորձի միավորումը, իրական մասնագիտական կրթական կարիքների գնահատումն ու դրանց հիման վրա ծրագրերի մշակումը, որոնք թույլ կտան գիտելիքի վրա հիմնված հմտություններ ձևավորելու և կիրառելու։ «Մեր ծրագրերի հիմքում հիվանդակենտրոն, իսկ ավելի լայն իմաստով մարդակենտրոն մոտեցումն է։ Այսօր բացվող տարածքը MNTEC -ի ավելի մեծ ծրագրի միայն մի մասն է` գլխամասային գրասենյակը:
Մեր մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են մասնագիտական տարբեր միջավայրերում, ինչպես օրինակ վերականգնողական- կրթական «Արբես» առnղջության կենտրոնում, իսկ կլինիկական կրթական ծրագրերը՝ «Արաբկիր» բժշկական համալիրում և այլ բժշկական հաստատություններում»: Կենտրոնի բացման արարողությանը հյուրերին ողջունեց նաև MNTEC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պիեռետ Շենեվարը․ «Ամեն ինչ սկսվեց, երբ Մարլիզ Ֆլյորին ինձ զանգահարեց և առաջարկեց հանդիպել Շուշանի հետ։ Մի մարդ, որն այդքան նվիրված է վերապատրաստման գործին։

Շվեյցարիայում գտնվող իմ կենտրոնի օրինակով Շուշանը ցանկանում էր նմանատիպ մի կենտրոն ստեղծել Հայաստանում, և ես դրա համար նրան շատ շնորհակալ եմ։ Այսօր ես ստանձել եմ MNTEC-ի նախագահի պաշտոնը, որը ծանր պաշտոն է, բայց կյանքն ինձ սովորեցրել է, որ կարելի է համոզել և հաջողության հասնել, եթե խորապես հավատում ես քո ձեռնարկած գործի օգտակարությանը։ Առողջապահական մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում։ Ու դրա համար մենք պետք է կարողանանք փոխանակել գիտելիքները, կարողությունները, զարգացումը և համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում։ MNTEC-ը ծնվել է մի պարզ գաղափարից՝ յուրաքանչյուր մասնագետ պետք է հնարավորություն ունենա սովորելու և զարգանալու իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում։
Մեզ համար MNTEC-ը՝ որպես ուսուցում, ծախս չի հանդիսանում, այլ ռազմավարական ներդրում բուժօգնության որակի մեջ։ Վերապատրաստվողների վերապատրաստումը, կլինիկական զարգացումը մեր հիմնական ուղղությունները կլինեն։ Մեր նպատակը ամփոփված է 1 նախադասության մեջ՝ հնարավորություն տալ բոլոր մասնագետներին դառնալու իրենց կազմակերպություններում փոփոխություններ իրականացնող իրական դերակատարներ»։ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Շնայդերն էլ իր ողջույնի խոսքում նշում է․ «Շարունակական կրթության այս կենտրոնը կյանքի է կոչում մի մեծ ցանկություն, այն է՝ գիտելիքների փոխանցման միջոցով երկարաժամկետ ներդրում կատարել Հայաստանի բնակչությանը մատուցվող բուժօգնության որակի մեջ»։ Կենտրոնի բացման արարողությանը հյուրերին ողջունեց նաև Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։
«Այսօր՝ այս հանդիպման ընթացքում ես հիշում եմ այն օրը, որը տեղի է ունեցել ուղիղ 1 տարի առաջ, երբ ես նոր-նոր էի իրականացնում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի իմ առաքելությունը։ Այդ օրը ես երջանկություն ունեցա հանդիպելու այն նույն մարդկանց, ում հետ այսօր իրականացվում է այս կենտրոնի բացումը։ Մեր այդ առաջին հանդիպմանը ես ինձ համար նշեցի այն 2 կարևոր կետերը, որոնք շատ կարևոր են Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններում։ Առաջինը՝ որ մեր մեր բարեկամության հիմքում համերաշխությունն է։ 1988 թ․-ի երկրաշարժի օրերից ի վեր Շվեյցարիան իր օգնությունը, օժանդակությունն է բերել Հայաստանին՝ Հայաստանի կողքին կանգնելով։

Եվ 2-րդն այն է, որ մեր հարաբերությունները չեն սահմանափակում ո՛չ պաշտոնական արարողակարգով, ո՛չ դիվանագիտական հարաբերություններով։ 2 երկրների տղամարդիկ և կանայք հանձնառություն են վերցրել միասին աշխատելու, և յուրաքանչյուր օր իրենց աշխատանքը, իրենց ջանքերը, իրենց ցանկությունը բերում են այդ համագործակցության ամրապնդման, մեծացման համար։ Այսօրվա այս նախագիծը այդ համագործակցության հրաշալի իլյուստրացիան է»,- ասում է տիկին դեսպանն ու ավելացնում․ «Գերազանցության որոնումը, վերապատրաստման ցանկությունը այս նախագծի սրտում են, և նաև սա շատ հոգեհարազատ է մեզ, քանի որ մենք Շվեյցարիայում հատուկ վերաբերմունք ունենք վերապատրաստման և դրանով տրվող արժեքների նկատմամբ»։
Բժիշկների, բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնում շրջայցից և կենտրոնի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալուց հետո փոքրիկ զրույց ունեցանք MNTEC-ի տնօրեն Շուշան Դավթյանի հետ, որը, մեկ անգամ ևս խոսելով կենտրոնի առաքելության մասին, կարևորեց․ «Մեր նպատակը ոչ միայն զուտ տեխնիկական, մասնագիտական հմտությունների զարգացումն է, այլ նաև սոցիալական հմտությունների ձևավորումը, կլինիկական դատողության զարգացումը, մասնագիտական տարբեր իրավիճակներում, տարբեր սցենարների դեպքում բուժքույրերի մասնագիտական պատասխանատվության, սոցիալական պատասխանատվության զարգացումը։
Մեր խնդիրը ոչ միայն առողջապահության մասնագետների վերապատրաստումն է, այլ նաև վերապատրաստողների վերապատրաստումը։ Ապագայում մեծ ծրագրեր ենք նախատեսում հենց առողջապահության ոլորտում վերապատրաստողների համար, ինչպես շատ սիրում ենք ասել, որպեսզի սովորեցնենք իրենց սովորել, և ամենակարևորը՝ ստացված գիտելիքը կիրառելու հմտություն ձևավորել»։


Բաց մի թողեք
Ռուսաստանում «ժանտա՞խտ» է․ ԶԼՄ-ները պնդում են, պետությունը՝ հերքում
Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն. Լուսանկար