18/11/2026

EU – Armenia

Եվրոպական հիվանդանոցներում աճում է մահացու և դեղամիջոցների նկատմամբ կայուն վարակների թիվը

Klebsiella pneumoniae-ի շտամները ձեռք են բերել կայունություն նույնիսկ ամենանոր հակաբիոտիկների նկատմամբ։

Եվրոպական հիվանդանոցներում տարածվում է դեղամիջոցների նկատմամբ կայուն վտանգավոր «սուպերմանրէ» (superbug)․ այն փոխանցվում է պացիենտների միջև, իսկ դրա բուժումը դառնում է գնալով ավելի բարդ։ Այս մասին զգուշացնում է ԵՄ հիվանդությունների վերահսկման գործակալությունը։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC)՝ չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցների համաձայն՝ 2019-ից 2025 թվականներին արձանագրվել է բուժման նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae-ով պայմանավորված արյան վարակների (սեպսիսի) դեպքերի 72% աճ։ Սա խիստ տարբերվում է մինչև 2030 թվականը դեպքերի թիվը 5%-ով կրճատելու նպատակային ցուցանիշից։

Այս բակտերիայի հետ կապված վարակները, որոնց թիվը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում, լուրջ սպառնալիք են հիվանդանոցներում գտնվող պացիենտների համար․ դրանց հետևանքով մահացության ցուցանիշը բարձր է՝ սովորաբար կազմելով 40%-ից մինչև 70%։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ բակտերիայի որոշ շտամներ դառնում են կայուն գրեթե բոլոր հակաբիոտիկների (այդ թվում՝ նորագույնների) նկատմամբ՝ կարողանալով առաջացնել ծանր հիվանդություններ և մահ։

ECDC-ում այս ուղղությունը համակարգող Քրիստիան Գիսկեն մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ բուժման նկատմամբ կայուն Klebsiella pneumoniae-ի վերաբերյալ բացահայտումները «ամենամեծ մտահոգությունն» են առաջացնում՝ Եվրոպայում «սուպերմանրէների» վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրված բոլոր տվյալների շարքում։

Սա հակամանրէային կայունության (երբ բակտերիաներն ու սնկերը ձեռք են բերում դիմադրողականություն դրանք ոչնչացնելու համար նախատեսված դեղամիջոցների նկատմամբ) հետևանքով առաջացող վտանգների օրինակներից մեկն է։ Ըստ գնահատականների՝ այս երևույթը ԵՄ-ում, Իսլանդիայում և Նորվեգիայում ամեն տարի խլում է 35 000 մարդու կյանք։ Գիսկեի խոսքով՝ Եվրոպայի համար սա «հանրային առողջապահությանը սպառնացող լուրջ վտանգ» է։

Չնայած որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին՝ վերջին զեկույցները ցույց են տալիս, որ ԵՄ-ն դեռևս հեռու է 2030 թվականի համար սահմանված՝ դեղակայուն վարակների մակարդակը նվազեցնելու թիրախներին հասնելուց։ Մարտահրավերներից մեկն այն է, որ նման վարակների բուժման համար հասանելի նոր դեղամիջոցների քանակը սահմանափակ է։

Այս տեղեկությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ Եվրոպայում պատրաստվում են դեկտեմբերին ընդունել դեղագործական ոլորտին վերաբերող նոր օրենսդրություն։ Այն ներառում է միջոցառումներ՝ ուղղված նոր հակաբիոտիկների հայտնաբերմանն ու մշակմանը. մասնավորապես՝ դեղագործական ընկերություններին շուկայական մենաշնորհային արտոնություններ տրամադրելու և երկրների կողմից այդ դեղամիջոցների գնման համար կայուն վճարման մոդելներ ներդնելու միջոցով։

Ավելի բարդ պայքար

Հաշվի առնելով, որ Klebsiella-ն (Կլեբսիելա) տարածվում է պացիենտների միջև, դրա աճող տարածվածության դեմ պայքարը պահանջում է վարակների կանխարգելման և վերահսկման ավելի խիստ միջոցառումներ հիվանդանոցներում, զգուշացնում է Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC): Սա ներառում է ձեռքերի հիգիենայի բարելավումը, անհատական ​​պաշտպանիչ միջոցների (օրինակ՝ ձեռնոցների) ճիշտ օգտագործումը, ինչպես նաև շրջակա միջավայրի (մակերեսների) արդյունավետ մաքրումն ու ախտահանումը։

Թեև նմանատիպ միջոցառումները օգնել են զգալիորեն նվազեցնել ԵՄ-ում հիվանդանոցային պայմաններում ձեռք բերված, ավելի հայտնի «սուպերմիկրոբի»՝ MRSA-ի (մեթիցիլին-կայուն Staphylococcus aureus) տարածվածությունը, ապա Klebsiella-ի դեպքում նույնիսկ ամենափոքր մակերեսի բացթողումը կարող է հանգեցնել բակտերիայի տարածմանը։

«Klebsiella-ն աղիքային բակտերիա է, և այն կարող է ավելի հզոր օջախներ ունենալ օրգանիզմում, — ասաց Գիսկեն լրագրողներին մամուլի ճեպազրույցի ժամանակ։ — Այն, ինչ արդյունավետ է MRSA-ի դեմ, կարող է բավարար չլինել Klebsiella-ի պարագայում։ Վարակների կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանումը պետք է լինի շատ ավելի խիստ՝ Klebsiella-ի նման խնդիրը զսպելու համար»։

Տարբեր երկրներ հաջողությամբ պայքարել են MRSA-ով (որը հայտնի է նաև որպես դեղորայքի նկատմամբ կայուն Staphylococcus aureus՝ ոսկեգույն ստաֆիլոկոկ) պայմանավորված վարակների դեմ։ 2025 թվականին այս բակտերիայով հարուցված՝ արյան հունի վարակների (bloodstream infections) ցուցանիշը 19%-ով ավելի ցածր է եղել, քան 2019 թվականին՝ գերազանցելով մինչև 2030 թվականը դրանք 15%-ով նվազեցնելու նպատակային ցուցանիշը։

Ըստ Գիսկեի՝ թեև երկրները հաջողությամբ կիրառում են վարակների վերահսկման միջոցառումներ՝ MRSA-ի տարածվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Klebsiella-ի դեմ պայքարն ավելի բարդ է։

Դժվար է նաև նվազեցնել E. coli-ի (աղիքային ցուցակի)՝ դեղորայքի նկատմամբ կայուն շտամներով պայմանավորված վարակների թիվը. չնայած մինչև 2030 թվականը դրանք 10%-ով կրճատելու նպատակին՝ ԵՄ-ում 2019-ից 2025 թվականներին արձանագրվել է 16,4% աճ։

Հակասական առաջընթաց

Կարևոր է նաև ապահովել հակաբիոտիկների կիրառման կրճատումն ու դրանց նպատակային օգտագործումը, քանի որ դրանցից խուսափելն այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ չեն, կարող է նվազեցնել բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերելու ռիսկը։

Նոր գնահատականները ցույց են տալիս, որ 2019-ից 2025 թվականներին ԵՄ-ում հակաբիոտիկների սպառումը նվազել է 5%-ով, ինչը զգալիորեն ցածր է մինչև 2030 թվականը սահմանված 20%-անոց նպատակային ցուցանիշից։

Միաժամանակ, ԵՄ-ն դանդաղ առաջընթաց է գրանցում հակաբիոտիկների ճիշտ տեսակների կիրառման հարցում։ Այն աստիճանաբար մոտենում է իր նպատակին՝ ապահովելու, որ Եվրոպայում օգտագործվող հակաբիոտիկների առնվազն 65%-ը լինեն ճիշտ դեղամիջոցներ (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումների)․ 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 62,5%-ի։

«Մենք դեռևս հետ ենք մնում հակամանրէային կայունության դեմ պայքարի՝ ԵՄ-ի 2030 թվականի մի շարք նպատակների իրագործման հարցում», — նշել է ECDC-ի (Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոն) տնօրեն Պամելա Ռենդի-Վագները։

Գենոմային հսկողությունը վերջին շրջանի նորամուծություններից է, որն իրական փոփոխություն է բերում։ Ռենդի-Վագների խոսքով՝ սա օգնում է պատկան մարմիններին ավելի արագ գնահատել, թե ինչպես են տարածվում կայունություն ձեռք բերած բակտերիաները։

«Սա, իր հերթին, նշանակում է, որ մենք կարող ենք ավելի շուտ գործել՝ կանխելու տարածումը, ավելի արդյունավետ կերպով ուղղորդել բուժման վերաբերյալ որոշումները և պարզել, թե որտեղ են նոր հակաբիոտիկներն առավել հրատապ անհրաժեշտ», — հավելել է նա։