08/10/2026

EU – Armenia

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել

Եվրամիության երկրները գաղտնի կերպով պատրաստվում են այն բանին, թե ինչպես է Միությունը դիմագրավելու հիբրիդային հարձակմանը, որի ընթացքում հնարավոր է, որ զոհվեն նաեւ քաղաքացիական անձինք։

Այս թեմայով քննարկումները շատ սահմանափակ անձանց շրջանակում է իրականացվում՝ առանց օգնականների եւ հեռախոսների ֆորմատով։ Քննարկումները սկսվել են, երբ այս տարվա օգոստոսին Լեյպցիգի օդանավակայանում հայտնաբերվել էր պայթուցիկներով ԱԹՍ։

Անցյալ շաբաթ դեսպանների մակարդակով նման քննարկում է եղել հենց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հարցի առնչությամբ։ Ուշագրավ է այն, որ ոչ բոլոր եվրոպական երկրներն են այս ամենին կողմ։ Որոշ եվրոպական երկրներում կարծում են, որ ԵՄ-ն իր առաքելությունից դուրս է գալիս եւ կրկնօրինակում է ՆԱՏՕ-ին։

ՆԱՏՕ-ն մշակել է «Հաղթանակի տեսություն» պլանը։ Այն ներկայացնում է գործողությունների պլան այն դեպքի համար, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել դաշինքի վրա։ Նոր կոնցեպցիան ենթադրում է արագ արձագանք եւ նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառություն։

Պլանի հեղինակն է Եվրոպայում դաշինքի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսիուս Գրինկեւիչը։ Փաստաթուղթը կներկայացվի Լեհաստանում արդեն հոկտեմբերի 12-ին։ Պլանի նորամուծություններից մեկն այն է, որ լայնորեն ներառված են նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը հնարավոր պատերազմական գործողություններում։