Որոշ կառավարություններ կողմ են մասնակի հրադադարներին՝ աստիճանաբար համաձայնության հասնելու համար, մինչդեռ ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է անում ավելի կոշտ դիրքորոշում ընդունել։
ԲՐՅՈՒՍԵԼ – Այն բանից հետո, երբ ԵՄ-ն և նրա դաշնակիցները վիճեցին այն մասին, թե ով պետք է ներկայացնի իրենց Ուկրաինայի շուրջ բանակցություններում, նրանք այժմ կանգնած են ավելի դժվար որոշման առջև՝ կոշտ խաղ խաղալ Ռուսաստանի հետ, թե՞ փորձել ավելի նուրբ մոտեցում։
Ցանկացած բանակցություններում եվրոպական թիմի համար կարմիր գծերի կամ սկզբունքների շուրջ համաձայնության գալու մարտահրավերն արդեն իսկ բաժանարար է դառնում, քանի որ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասն ասում է, որ եվրոպացիները պետք է սկսեն հնարավորինս շատ պահանջելով, իսկ որոշ կառավարություններ, ինչպիսին է Ավստրիան, պաշտպանում են ավելի մեղմ մոտեցում, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցառումներ։
«Կան մի շարք բաներ, որոնք Եվրոպան պետք է հստակեցնի, որ պատրաստ չէ քննարկել», – ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն։
Եվրոպան մեծ մասամբ դուրս մնաց Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անցյալ շաբաթ կայացած բանակցություններից, սակայն Կրեմլն ու Սպիտակ տունը ազդարարեցին, որ դա այդպես չի լինի ապագա հանդիպումների ժամանակ։ Մի քանի օր տևած անհամաձայնություններից հետո ԵՄ առաջնորդները որոշեցին ստեղծել մի թիմ, որը կազմված էր չորս խոշոր երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտոնյաներից, գումարած Մեծ Բրիտանիայից և ՆԱՏՕ-ի, Եվրոպական հանձնաժողովի և Խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներից։
Այժմ «ուշադրությունը պետք է շեղվի «ով»-ից դեպի «ինչ»-ը», — ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը։
Երկուշաբթի օրը կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ տարածված 15 կետից բաղկացած փաստաթղթում Ավստրիան ներկայացրել է վստահության ամրապնդման միջոցառումների հնարավոր օրինակներ․ օրինակ՝ սահմանափակ կամ մասնակի հրադադարների առաջարկում՝ որպես ավելի լայն զինադադարի հասնելու նախապայման, կամ խաղաղ համաձայնագրի կատարմանը հետևելու նպատակով միջազգային հարթակի ստեղծման առաջարկ։
Մայնլ-Ռայզինգերի խոսքով՝ այս առաջարկը «ԵՄ անդամ բոլոր 27 երկրներին ուղղված կոչ է՝ ձևավորելու միասնական դիրքորոշում»։
Նորվեգիան, որը չի մտնում եվրոպական բանակցային խմբի կազմի մեջ, սակայն ուղղակի կապեր է ունեցել Ռուսաստանի հետ, նույնպես առաջարկներ է ներկայացնում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարար Բարթ Էյդեն նշել է, որ Ուկրաինային աջակցող կողմերը կարող են դիմել Սառը պատերազմի փորձին՝ հասկանալու համար, թե ինչպես են Ռուսաստանն ու Արևմուտքը կառավարել ծայրահեղ լարվածությունը․ խոսքը, մասնավորապես, 1975 թվականի «Հելսինկյան համաձայնագրերի» մասին է, որոնք սահմանեցին պետությունների միջև հարաբերությունների հիմնարար սկզբունքները։
«Օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում դաշինքի ուժերի տեղակայման հարցը Ռուսաստանի հետ քննարկման ենթակա չէ», սակայն սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ Սառը պատերազմի շրջանի պայմանավորվածությունները «կարող են արդիական լինել հետպատերազմյան իրավիճակում»։
Նույն համատեքստում՝ բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաները կոչ են անում սահմանել «ճկուն» մանդատ, որը մասնակիցներին հնարավորություն կտա իրական բանակցություններ վարել՝ փոխանակ կաշկանդված լինելու։ ԵՄ երկու պաշտոնյաներ պնդում են, որ մանդատի մշակումը պետք է վստահվի ԵՄ դեսպաններին՝ նրանց կողմից անցկացվող COREPER-ի նիստերի շրջանակում, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարներին։
Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ նման մանդատը կպարտավորեցնի բանակցային սեղանի շուրջ նստած եվրոպական ներկայացուցիչներին (Եվրահանձնաժողովից՝ Բյորն Զայբերտին, Եվրոպական խորհրդից՝ Աննա-Մարիա Բուրային, ինչպես նաև Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի և Գերմանիայի խորհրդականներին), սակայն չի տարածվի Միացյալ Թագավորության կամ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վրա։
Խաղերի տեսություն
Կալասի կարծիքով, սակայն, մանդատը պետք է մշակեն այն արտաքին գործերի նախարարները, որոնց նա ամեն ամիս հավաքում է Բրյուսելում։ Նրա պատկերացմամբ՝ մոտեցումը պետք է ենթադրի Ռուսաստանի կողմից նախնական զիջումների պահանջ, այլ ոչ թե հակառակը։
«Արտաքին գործերի նախարարները պատրաստ են առաջ տանել այս աշխատանքը», — երկուշաբթի օրը լրագրողներին ասաց նա՝ նշելով, որ արդեն իսկ առաջարկել է պահանջների ցանկ։
«Ես իրավաբան եմ եղել, — ասաց նա։ — Ինչպե՞ս են սկսվում բանակցությունները։ Նախ ներկայացնում կամ նախապատրաստում եք այն առավելագույնը, ինչին ցանկանում եք հասնել։ Այնուհետև, ոչ հրապարակայնորեն, որոշում եք, թե որ հարցերում եք պատրաստ… զիջումների գնալ, և որոնք են ձեր «կարմիր գծերը»՝ այն կետերը, որոնք բացարձակապես անընդունելի են»։
Մերձբալթյան, հյուսիսային և արևելյան թևի մի շարք երկրների նախարարներ պաշտպանեցին Կալասի մոտեցումը։
«Մենք պետք է հստակ պահպանենք գործընթացի հաջորդականությունը. նախ պետք է պայմանավորվել հրադադարի շուրջ, և երբ զենքերը լռեն, նոր միայն բանակցել Ուկրաինայում տևական խաղաղության հաստատման համար», — ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարգուս Ցահկնան նույնպես ընդգծեց. «Նախ՝ Պուտինը կարող է հայտարարել հրադադար։ Դրանից հետո կարող են սկսվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցությունները, իսկ եթե խաղաղություն հաստատվի, պետք է քննարկել, թե ինչպիսի անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն Ուկրաինային։ Մեզ նաև անհրաժեշտ են Ուկրաինայի կողմից տրվող անվտանգության երաշխիքներ՝ մեր տարածաշրջանի համար»։
Միակ խնդիրն այն է, որ Եվրոպան, ըստ էության, արդեն համաձայնել է, որ բանակցությունները կշարունակվեն նույնիսկ առանց հրադադարի։ ԵՄ բանակցողները ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին Աբու Դաբիում բանակցությունները կվերսկսվեն, և հույս ունեն, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ միևնույն սեղանի շուրջ կլինեն՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան ամեն օր հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում են ԵՄ երկու պաշտոնյաներ։
«Խոսքը պրագմատիկ լինելու մասին է, — ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով ցանկացավ մնալ անանուն՝ ավելի անկեղծ խոսելու համար։ — Սեղանի շուրջ գտնվող մարդիկ պետք է որոշումներ կայացնելու լիազորություն ունենան»։


Բաց մի թողեք
Նորվեգիան չի վշտանում Ուկրաինայի հարցով եվրոպական թիմից դուրս մնալու համար
Փաշինյանի սիրած «Կարգին հաղորդման» սկեչներից մեկը իրականություն կդառնա
«Brexit-ի վատ տղաները» նոր թափ են ստանում Բերնհեմի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու նախաձեռնության շնորհիվ