Միայն շարունակական ճնշման միջոցով Եվրոպան կարող է ստիպել Մոսկվային ընդունել հրադադարը։
ՏԱԼԻՆ – Ի պատասխան Մոսկվայի կողմից Եվրոպայի դեմ թշնամական գործողությունների երկարատև սրման, Էստոնիան որոշել է փակել իր ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ։ Սա սահմանային անվտանգությունից ավելին է։ Մենք Եվրոպան դարձնում ենք ավելի անվտանգ, փակելով Ռուսաստանի համար մեր բացությունը շահագործելու հնարավորությունները և մեծացնելով Մոսկվայի վրա ճնշումը՝ Ուկրաինայի դեմ իր ագրեսիան դադարեցնելու համար։
Ամբողջ Եվրոպայում մենք ականատես ենք եղել դիվերսիայի և սպառնալիքի աճող թվի։ Լեհաստանում ռուսական հետախուզական ծառայությունները կանգնած էին Վարշավայի Մարիվիլսկա առևտրի կենտրոնը ոչնչացրած հրկիզման հարձակման հետևում։ Լեհական իշխանությունները նաև երկաթուղային դիվերսիայի երկու ակտ վերագրել են ռուսական հետախուզության հետ համագործակցող անձանց։ Գերմանիայում Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք, որը Գերմանիայի կառավարությունը վերագրել է Ռուսաստանին։ Եվ ընդամենը անցյալ շաբաթ Դանիան ամերիկա-ուկրաինացի քաղաքացու դեմ մահափորձը վերագրել է ռուսական հետախուզական ծառայություններին։
Այս միջադեպերը Ռուսաստանի ավելի լայն արշավի մի մասն են, որը թիրախավորում է ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ իր սահմաններից շատ հեռու գտնվող երկրները։ Նպատակն է խաթարել եվրոպական անվտանգության կարգը, վախեցնել հարևաններին և թելադրել ինքնիշխան պետությունների ընտրությունները։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, բիզնեսները և Ուկրաինային աջակցելու հետ կապված օբյեկտները գնալով ավելի ու ավելի են դառնում թիրախներ։
Ռուսական հետախուզական ծառայություններն օգտագործում են սահմանահատումները՝ հետախուզական տվյալներ հավաքելու, կապեր հաստատելու և անհատներին հավաքագրելու նպատակով՝ թշնամական գործողություններ իրականացնելու համար։ Այս գործողությունները հաճախ միտումնավոր կերպով ծրագրվում են՝ վախ սերմանելու, անվստահություն տարածելու, հասարակությունները պառակտելու և մեր հաստատությունների նկատմամբ վստահությունը ներսից խաթարելու համար։
Սահմանների փակումը լիովին չի վերացնի այս սպառնալիքները, սակայն կսահմանափակի թշնամական հետախուզական գործունեության հնարավորությունները։ Այն նաև կօգնի փակել պատժամիջոցները շրջանցելու ուղիները, ինչը կարևոր քայլ է Ռուսաստանին այն ռեսուրսներից զրկելու գործում, որոնք նա օգտագործում է իր ռազմական տնտեսությունը ֆինանսավորելու և ագրեսիան շարունակելու համար։
Նույն տրամաբանությունը պետք է ընկած լինի Եվրոպայի այն ընդհանուր մոտեցման հիմքում, որի նպատակն է ստիպել Ռուսաստանին հրաժարվել իմպերիալիստական հավակնություններից, որոնք շարունակում են թելադրել նրա գործողությունները։ Հիշենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը նախորդող ամիսները, երբ Մոսկվան վերջնագրեր ներկայացրեց ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին՝ պահանջելով հիմնովին վերանայել Եվրոպայի անվտանգային համակարգը։ Ռուսաստանը ցանկանում էր, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ներկայությունը կրճատի՝ հասցնելով այն 1997 թվականի մակարդակին։ Սա փաստացի մարտահրավեր էր եվրոպական երկրների, այդ թվում՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ինքնիշխանությանն ու անվտանգային ընտրության իրավունքին։
Պատերազմի, մահվան և ավերածությունների հինգ տարիները ոչ մի կերպ չեն փոխել Կրեմլի հավակնությունները։ Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո ռուսական կողմի ներկայացուցիչները կրկին հիշատակել են 2021 թվականի վերջնագրերը՝ նույնիսկ առաջարկելով գնալ ավելի հեռու և ավելացնելով նոր պահանջներ՝ հիմնվելով պատերազմի ընթացքում ձեռք բերված իրենց փորձի վրա։
Սա ոչ մի տեղ չպետք է թողնի պատրանքների համար։ Ռուսաստանն իրականում չի ձգտում վերջ դնել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին։ Փոխարենը, նա փորձում է բանակցությունների միջոցով հասնել այն բանին, ինչին չկարողացավ հասնել ռազմի դաշտում՝ ստիպելով ինքնիշխան պետություններին հրաժարվել իրենց անվտանգությանն առնչվող ընտրությունից և վերականգնելով Ռուսաստանի ազդեցության ոլորտները Եվրոպայում։ Մոսկվան այս պահանջները ներկայացրել էր դեռ հինգ տարի առաջ և շարունակում է ներկայացնել դրանք նաև այսօր։ Եվրոպացի առաջնորդներին Մոսկվա այցելելու և Ռուսաստանի դիրքորոշմանը ծանոթանալու վերջին հրավերը ոչինչ չի փոխում։
Այս ամենը մեկ բան է հստակեցնում. առաջընթացի ուղին Ռուսաստանի վրա ճնշումը շարունակաբար մեծացնելն ու Ուկրաինան հզորացնելն է։ Մենք դեռևս ունենք զգալի գործիքակազմ, այդ թվում՝ պատժամիջոցների խստացումը, դրանց շրջանցման հնարավորությունների վերացումը, ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը, ինչպես նաև ռուս զբոսաշրջիկների և նախկին մարտիկների տեղաշարժի սահմանափակումը։
Միայն հետևողական ճնշման միջոցով կարելի է ստիպել Ռուսաստանին համաձայնել հրադադարի, որը պետք է լինի խաղաղության հասնելու առաջին քայլը. այս մասին վերջերս շեշտվել էր Բեռլինում կայացած «Կամք ունեցողների կոալիցիայի» (Coalition of the Willing) հանդիպման ժամանակ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի սկսել բովանդակալից բանակցություններ՝ Ուկրաինայում տևական խաղաղություն հաստատելու շուրջ։ Եվրոպական անվտանգության ավելի լայն հարցերի շուրջ քննարկումները չպետք է դառնան ռուսական ագրեսիայի դադարեցման նախապայման, և դրանք չպետք է Մոսկվային հնարավորություն տան թելադրելու ինքնիշխան պետությունների անվտանգային կարգավորումները։
Ռուսաստանին նման հաղթանակի հնարավորություն տալը վտանգավոր ազդանշան կլինի աշխարհի համար։ Դա կհուշի, որ ուժի կիրառումը ձեռնտու է, սահմանները կարելի է վերաձևել, իսկ փոքր պետությունների ինքնիշխանությունը՝ դնել սակարկության սեղանին։ Հետևանքները դուրս կգան Ուկրաինայի սահմաններից՝ սպառնալով Եվրոպայի անվտանգությանը և քաջալերելով այլ ավտորիտար ուժերի՝ իրենց հավակնություններն իրականացնել ուժի միջոցով։
Էստոնիայի որոշումը՝ փակել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանային անցակետերը (հետևելով Ֆինլանդիայի՝ 2023 թվականին Ռուսաստանի հետ ողջ արևելյան ցամաքային սահմանը փակելու քայլին), մաս է կազմում Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու և եվրոպական անվտանգությունն ամրապնդելու ավելի լայն ջանքերի։ Անկախ այն բանից, թե ինչ անհարմարություններ կարող է առաջացնել սահմանների փակումը, պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կրեմլը։ Այս միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է հենց Ռուսաստանի թշնամական գործողություններով և ագրեսիայով։
Եվրոպան ունի միջոցներ՝ ստիպելու Ռուսաստանին փոխել իր ընթացքը։ Այժմ մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ դրանք կիրառելու համար։ Այս պատերազմից Ռուսաստանը պետք է դուրս գա՝ բախվելով ավելի ուժեղ Ուկրաինայի, ավելի միասնական Եվրոպայի և այն հստակ գիտակցման հետ, որ մեր անվտանգությանը սպառնալու ցանկացած ապագա փորձ ավելի մեծ գին կունենա։


Բաց մի թողեք
ՌԴ-ն խախտել է Լեհաստանի օդային տարածքը․Վարշավան հավաքում է ուժայիններին
ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել Չինաստանից, ԵՄ-ից և 14 այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը
Գերմանիայում՝ «Կանաչների» գրասենյակում, դիմակավոր անձը հարձակվել է քաղաքական գործչի վրա