21/12/2024

Հայաստանի դեպքում «կազմակերպված պետությանը» կամ «արժանավորների իշխանությանը» վերադարձը որքանո՞վ է նպատակահարմար

Մարզահամերգային համալիրում «Սրբազան շարժման» ֆորմալ առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի և ձևավորվի «ըստ արժանիքների իշխանություն»:

Հայաստանը մի շրջան անցել է, երբ պետությունը կոչվել է «կազմակերպված»: Այսինքն՝ հիերարխիկ, երբ որոշումներ ընդունվում են «վերևից՝ ներքև կատարման ենթակա» սկզբունքով, իսկ ընտրությունները անցկացվում են, որպեսզի իշխանության բրգաձև կառուցվածքը լեգիտիմացվի որպես ժողովրդի «ազատ կամարտահայտություն»:

Դա կիսաամբողջատիրական, բայց հասկանալի համակարգ էր և ուներ հիմնավորում. «Հայաստանում դեպի իշխանություն ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով», — ինչպես ՀՀԿ գործիչներից մեկն էր 2017թ. խորհրդարանական ընտրությունների փուլում ձևակերպել՝ նկատի ունենալով իրենց կուսակցության կենտրոնական գրասենյակի հասցեն:

«Սրբազան շարժումը» սեպտեմբերի 22-ին տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը, և, դատելով հազվագյուտ քաղաքական արտահայտությունների տոնայնությունից ու, հատկապես, Բագրատ արքեպիսկոպոսի կրոնա-բարոյախոսական բնույթի հորդորներից, նախապատրաստվում է Ազգային ժողովի հերթական՝ 2026թ. ընտրություններին:

Դա հուշում է նաև միջոցառման վայրի և ձևաչափի ընտրությունը: Որևէ շարժում կամ կուսակցություն ազատ է իշխանության համար օրինական պայքարի ձևերի, եղանակի և քարոզչահնարքների ընտրության հարցում:

Այս առումով «ըստ արժանիքների իշխանության» թեզը, որ հնչեցրել է Բագրատ արքեպիսկոպոսը, ապրիորի քննադատելի կամ մերժելի չէ: Պետք է փորձենք հասկանալ, թե խոսքն ի՞նչ արժանիքների մասին է՝ անհատակա՞ն, թե՞ գաղափարա-քաղաքական:

Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, և գործադիր իշխանություն ձևավորում է ընտրություններում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը. Այս պայմաններում արժանիքների հարցը պետք է կուսակցությունը լուծի՝ ներքին քննարկումների, բանավեճի և քվեարկության միջոցով որոշելով իր առաջնորդին:

Տպավորություն է, որ «Սրբազան շարժման» առաջնորդը նկատի ունի ոչ թե այս պրակտիկան, այլ խոսում է «արժանավորների իշխանություն» ձևավորելու մասին: Իսկ ով պիտի որոշի, թե ով է արժանավոր: Դարձյալ Մելիք-Ադամյան, թե՞ Հանրապետության փողոցի կուսակցական գրասենյակը?

«Ըստ արժանիքների» կամ «արժանավորների իշխանության» քարոզչությունը վերադարձ չէ՞ «կազմակերպված պետության» ժամանակներին: Ազգերի պատմությունը գիտի անցյալին վերադարձի նախադեպեր: Ամենադասական օրինակը, թերևս, Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գեներալ դը Գոլի երկրորդ ընտրությունն է:

Բայց Հայաստանի դեպքում «կազմակերպված պետությանը» կամ «արժանավորների իշխանությանը» վերադարձը որքանո՞վ է նպատակահարմար, եթե քսանամյա այդ շրջափուլը 2018թ.-ին փլուզվել է և հանրայնորեն արժեզրկվել:

«Ըստ արժանիքների» կամ «արժանավորների իշխանության» քարոզչությունը, ի վերջո, հանգում է անհատի և նրա շուրջ համախմբված թիմի ֆետիշացման: Հայաստանը, մինչդեռ, ունի ներքին արդիականացման և վերափոխման սուր կարիք:

«Արժանավորների իշխանության» քաղաքական մատրիցան Հայաստանը դատապարտում է մի միջավայրի, որտեղ գերակա են ոչ թե քաղաքական սկզբունքները, այլ՝ անհատի կամքը: Լինի նա Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, թե Բիձինա Իվանիշվիլի՝ տարբերությունը մեծ չէ: Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ իր առաջնորդած շարժումը քաղաքական չէ: Ճիշտ է, դա ավելին է, որովհետև փորձում է լուծել Հայաստանի քաղաքակրթական ընտրության հարցը: