16/06/2025

Արդյո՞ք Թեհրանն իր հերթին ակնկալել է Երևանից ինչ-որ քայլեր

Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ: Ինչպես Արարատ Միրզոյանը հայտնել է Իքսի իր միկրոբլոգում, Իրանի գործընկերոջ հետ քննարկել են ստեղծված իրավիճակը և հետագա էսկալացիայի ռիսկերի կառավարման կարեւորությունը:

Նշվում է նաև, որ պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության շրջանակներում քննարկումների առնչությամբ:

Ըստ ամենայնի, Հայաստանն Իրանի հետ այս հաղորդակցության միջոցով փորձել է հավաստիանալ, թե արդյո՞ք Թեհրանն ունի բավարար ներուժ և պատրաստակամություն չթուլացնել ուշադրությունը այսպես ասած հյուսիսային սահմանների ուղղությամբ:

Համենայն դեպս, թերևս դրա մասին է վկայում այն, հիշատակումը, որ խոսվել է «ստեղսծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորության մասին»: Թե հատկապես ինչ է խոսվել այդ առնչությամբ, մանրամասներ հայտնի չեն:

Արդյո՞ք Թեհրանն իր հերթին այդ կապակցությամբ ակնկալել է Երևանից ինչ-որ քայլեր կամ մոտեցումներ՝ ռիսկերը կառավարելու և էսկալացիա թույլ չտալու կարևորության համատեքստում:

Վերջին հաշվով, այս հանգամանքը էական է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, որովհետեւ Իրանի համար որևէ կերպ չի կարող օգտակար լինել ամենափոքր մարտահրավերն, իսկ, որ կարող է առաջանալ իր հյուսիսային սահմաններին:

Միաժամանակ, ուշադրության է արժանի, որ հիշատակվում է Ատոմային էներգիայի միջազգային-միջազգային գործակալության շրջանակում քննարկումների մասին:

Թեհրանը, հավանաբար, Երևանից իր հերթին ակնկալում է աջակցություն,երբ ԱԷՄԳ շրջանակում կլինեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող քննարկումներ կամ կձևավորվեն որոշումներ: Անշուշտ, հայ-իրանական հաղորդակցությունը այս փուլում դառնում է առավել կարևոր:

Միաժամանակ նաև էական է շեշտադրել, որ Իրանի հետ Հայաստանի հաղորդակցությունն ու դիրքորոշումները բացարձակապես պայմանավորված չէն Իսրայելի հանդեպ վերաբերմունքով, այլ գերազանցապես ռեգիոնալ էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությամբ:

Իսկ այդտեղ Իրանը Հայաստանի հետ առանցքային շահառու և գործընկեր պետություն է, հետևաբար այդ պետության հետ աշխատանքը Հայաստանի համար ունի շատ էական նշանակություն իր անվտանգային միջավայրում կառավարելիությունը պահպանելու համար: