Տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու Նախիջեւանի սահմանադրության փոփոխության հարցը: Ըստ տեղեկատվության, Նախիջևանի սահմանադրության նախաբանից կհանվի հղումը 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին:
Նախաբանում նշվում է, որ ինքնավարությունը ստեղծվել է այդ պայմանագրերի հիման վրա: Փաստորեն, հանելով Նախիջևանի սահմանադրության նախաբանից հղումը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին, Ադրբեջանը դե ֆակտո անում է ևս մեկ քայլ Նախիջևանի ինքնավարության լուծարման ուղղությամբ: Ադրբեջանի այդ քայլերը ռուս-թուրքական համաձայնությու՞ն են, թե՞ հակառակը:
Կասկած չկա, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կողմերը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, չեն կարող անտարբեր լինել Բաքվի գործողությունների հանդեպ: Ի վերջո, այդ գործողությունները չեզոքացնում են ռուս-թուրքական առանցքային պայմանագրի առարկան, այլ կերպ ասած՝ ռուս-թուրքական համաձայնության առարկան:
Եթե Ադրբեջանը այդ առումով չեղարկում է ռուս-թուրքական համաձայնությունը, ապա դա կարող է տեղի ունենալ դարձյալ՝ կամ հենց ռուս-թուրքական հավանությամբ, կամ առնվազն կողմերից մեկի հավանությամբ:
Առայժմ թե Մոսկվան, թե Թուրքիան անմիջական հայտարարություններ չեն արել այդ առնչությամբ, ընդհանրապես Նախիջևանի հանդեպ Ալիևի գործողությունների առնչությամբ, որտեղ նա վերջին տարիներին ըստ էության ինքնավարության կառավարման համակարգի «գլխին» նշանակել է նախագահի ներկայացուցիչ:
Մյուս կողմից սակայն, հայտնի է, որ Նախիջևանում ռազմական դե յուրե ներկայություն ունի Թուրքիան, հետևաբար այդ հանգամանքը հիմք է տալիս մտածելու, որ Ալիևի գործողություններն այդուհանդերձ վայելում են Թուրքիայի հավանությունը:
Թուրքիան իր համար ապահովել է իրավա-պայմանագրային «նոր բազա», այդ թվում Նախիջևանի առնչությամբ: Իսկ Ռուսաստա՞նը: Առնվազն Նախիջևանի մասով Բաքվի հետ համաձայնություններ հայտնի չեն:
Ստացվում է, որ ըստ էության լուծարելով ինքնավարությունը, կամ չեզոքացնելով դրա ռուս-թուրքական հիմքը, Ադրբեջանը ևս մի աստիճանով կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը: Դրա դիմաց Պուտինը կստանա՞ կոմպենսացիա:
Բաց մի թողեք
Եկեղեցին եւ ժողովուրդը. Ով իրավունք ունի խոսել ժողովրդի անունից
Կարող է դրվել ընդհուպ Ադրբեջանում իշխանության փոփոխության կամ «ռեսթարտի» հարց
Փաշինյանի այցը Թուրքիա – փաստեր և մամուլի անդրադարձներ