03/12/2025

Խաղաղության պայմանագիր՝ առանց խաղաղության

Երեկ ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ Ալիեւն ու Փաշինյանը կհանդիպեն Միացյալ Նահանգներում եւ կստորագրեն խաղաղության պայմանագիրը (համաձայնագիրը): Մեր պաշտոնյաներն այդ մասին առայժն լռում են:

Կա երեք տարբերակ՝ ա/ դա ֆեյք լուր է, բ/ կհանդիպեն, բայց ոչինչ չեն ստորագրի կամ (որը նույնն է) ինչ-որ բան «կնախաստորագրեն», գ/ կհանդիպեն ու կստորագրեն: Երկրորդ տարբերակն ինձ այս պահին առավել հավանական է թվում: Այս եւ երրորդ տարբերակի դեպքում խոսակցություններ շատ կլինեն:

Նախ՝ Թրամփը, որը չկարողացավ հասնել իր խոստացած խաղաղությանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որոշ չափով կփոխհատուցի իր այդ ակնհայտ տապալումը հայ-ադրբեջանական «կիսահաջողությամբ»: Հայաստանում պաշտոնական, նիկոլական, ՔՊ-ական եւ «արեւմտամետ» քարոզչությունը ծնծղաներ կզարկի՝ «խաղաղության ռազմավարության փայլուն հաղթանակ», «դիվանագիտական աննախադեպ հաջողություն», «շառաչուն ապտակ Կրեմլին»: Ընդդիմությունը կասի՝ «դավաճան», «հողատու», «ծախեցիր»:

ԵՄ-ն ջերմորեն կողջունի: Ռուսաստանը կիսաքաղցր գնահատական կտա՝ թե «իհարկե, նրանց գործն է, բայց այսուհետ ինչ պատահի՝ ԱՄՆ-ն է պատասխանատու»: Մի խոսքով, տեղեկատվական աղմուկը, որն այս իշխանության Ալֆան եւ Օմեգան է, կլինի շատ մեծ: Գործնականում ստորագրումը կամ առավել եւս՝ նախաստորագրումը, ոչինչ էապես չի փոխի:

Ադրբեջանը կշարունակի օգտվել իր ագրեսիայի եւ էթնիկ զտման պտուղներից, գերիները կշարունակեն խոշտանգվել Բաքվում (ի՞նչ խաղաղություն, եթե կան գերիներ), Հայաստանի ինքնիշխան տարածքը կմնա օկուպացված:

Ադրբեջանը չի հրաժարվի իր պահանջներից՝ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, սահմանադրության փոփոխություններ, «վերադարձ Արեւմտյան Ադրբեջան», ռեպարացիաներ եւ այլն: Դա չի նշանակում, որ մոտակա շաբաթներին կամ գուցե ամիսներին պատերազմ է սկսվելու:

Քանի Փաշինյանը ոչ մի հարցում չի ասում «ոչ», պատերազմ կարող է եւ չսկսվել: Բայց պայթյունավտանգ վիճակն, անշուշտ, կպահպանվի: Եվ ոչ մի համաշխարհային առաջնորդ այսօր չի կարող խաղաղություն երաշխավորել:

…Խաղաղության պայմանագիրը նույնչափ գործնական քաղաքական արժեք ունի, որքան Ջենիֆեր Լոպեսի համերգը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am