28/09/2025

ՀՀ իշխանությունների կեցվածքը ողջ քրիստոնեական աշխարհի վրա սարսափելի տպավորություն է թողնում

Այս շաբաթ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցով գտնվում էր Վատիկանում: Տեղեկացանք, որ երեքշաբթի օրը Հռոմի պապ Լևոն XIV-ը ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսին. սա նրանց առաջին հանդիպումն է, հաղորդում է Vatican News-ը։

Հրապարակ թերթը գրել է․ Քսանհինգ տարի առաջ՝ իր ընտրությունից ամիսներ անց, Գարեգին 2-րդը հանդիպել էր Սուրբ Հովհաննես Պողոս II-ի, Բենեդիկտոս XVI-ի և Ֆրանցիսկոսի հետ։ Երեքշաբթի օրվա հանդիպումը տեղի է ունեցել Վիլլա Բարբերինիում՝ Կաստել Գանդոլֆոյի պապական նստավայրում, որտեղ Լևոն պապը գտնվում է երկուշաբթի երեկոյից։

«Հանդիպումը տեղի է ունեցել եղբայրական և ջերմ մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են տարբեր եկեղեցական հարցեր։ Վեհափառն առանձնահատուկ կարևորել է Արցախի հայերի ճակատագիրը», – հեռախոսազրույցում Vatican News-ին պարզաբանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, որն ուղեկցում է կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Պարսամյանը նաև ասել է, որ կաթողիկոսը Հռոմի պապին հրավիրել է այցելել Հայաստան և երկուսն էլ հաստատել են խաղաղության անհրաժեշտությունը, որը պետք է հիմնված լինի արդարության վրա, ինչպես ընդգծել է Գարեգին կաթողիկոսը։

Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպումից հետո խումբը մեկնել է Վատիկան, որտեղ Վեհափառը հանդիպել է Քրիստոնեական միասնության խթանման դիկաստերիայի պրեֆեկտ կարդինալ Կուրտ Կոխի և մշակույթի և կրթության դիկաստերիայի պրեֆեկտ կարդինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի հետ:

Այցելել են նաեւ Սուրբ Մարիամ Մեծ եկեղեցի, որտեղ Գարեգին II-ը ցանկացել է հարգանքի տուրք մատուցել Ֆրանցիսկոս պապին, որի հետ նա երկխոսության և բարեկամության հարաբերություններ է հաստատել՝ աղոթելով նրա գերեզմանի առջև։ Այնուհետև նա որոշ ժամանակ աղոթել է Salus Populi Romani սրբապատկերի առջև։

Կաթողիկոսն առաջին անգամ Հռոմ է այցելել 2000 թվականի նոյեմբերի 9-10-ին՝ որպես նորընտիր Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս II պապի հյուրն է եղել՝ 2000 թվականի հոբելյանական տարվա առիթով։ Այս այցի ընթացքում ստորագրվել է համատեղ հռչակագիր։

«Միասին մենք խոստովանում ենք մեր հավատը Երրորդության Աստծո և մեկ Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո միածին որդու հանդեպ, որը մարդ դարձավ մեր փրկության համար։ Մենք նաև հավատում ենք Միասնական, Կաթոլիկ, Առաքելական և Սուրբ Եկեղեցուն։ Եկեղեցին, որպես Քրիստոսի Մարմին, իսկապես մեկն է և եզակի է։ Սա մեր ընդհանուր հավատքն է, որը հիմնված է Եկեղեցու Առաքյալների և Հայրերի ուսմունքի վրա», – ասվում է Հռչակագրում։ «Մենք շարունակում ենք աղոթել մեր միջև լիակատար և տեսանելի հաղորդության համար»։

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Հռոմի Պապի և Գարեգին Բ-ի հանդիպմանն ու Նիկոլ Փաշինյանի` Կաթողիկոսի դեմ աննահանջ ու կատաղի պայքարին, նկատում է. «Առհասարակ Կաթոլիկ եկեղեցին և Հայ առաքելական եկեղեցին ունեն հարաբերությունների կայուն բազմաշերտ: Տասնյակ տարիներ է ինչ հատկապես քրիստոնեական եկեղեցիները բավականին հստակ կոնսենսուս ունեն:

Ինչպիսին էլ որ եկեղեցիների տարբերությունները լինեն, բոլորը ընդունում են այն հանգամանքը, որ պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը, ի վերջո` դաստիարակությունը, առաջնային տեղ են զբաղեցնում: Այս առումով Հռոմի Պապը հայրական ուղերձ ուներ այդ հանդիպմամբ:

Նա չի խառնվում քաղաքականության մեջ ուղղակի, սակայն ուղղակի տալիս է հայրական խրատ իր այս քայլով: Իմ մեկնաբանությունը դա է: Հայաստանի իշխանությունների անխրատ կեցվածքը ողջ քրիստոնեական աշխարհի վրա սարսափելի տպավորություն է թողնում: Մի կողմ թողնենք, որ կան աշխարհաքաղաքական շահեր, և այդտեղ կան որոշակի շահերի բախումներ, սակայն Փաշինյանի հակակեղեցական դրսևորումները բարեկրթության նորմերին դեմ են:

Բարեկրթությունը մի բան է, որը փայփայում են արևմտյան քրիստոնեական երկրներում: Դժվար է պատկերացնելը, որ արևմտյան երկրներում երկրի ղեկավարը կարող է եկեղեցու դեմ նման մեջբերումներ անել, այն էլ` այդքան անգրագետ: Աննախադեպ բան է, երբ քաղաքական գործիչը խրատում է եկեղեցականներին, այդպիսի մշակույթ աշխարհում գոյություն չունի:

Կարող եմ հազար թերություն մատնանշել արևմտյան մշակույթում, սակայն կոնկրետ կրոնի հանդեպ խիստ հարգալից են Արևմուտքում: Եկեղեցու մասին կիրթ արտահայտվելը պարզապես պարտավորություն է: Նիկոլ Փաշինյանը, կարծես, ուզում է դառնալ Եվրոպական Միության անդամ, բայց նրա կեցվածքը նման է առաջին դասարանում յոթ տարի մնացած թերուս աշակերտի:

Նա նաև անխրատ է, կեցվածքը` անդաստիարակ: Հակասոցիալական սովորույթներով հանդես եկող տեսակ է նա: Վստահեցնում եմ, որ Հռոմի Պապի ասածները ոչ մի ազդեցություն չեն թողնելու այդ մարդու վրա:

Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով չունի ամոթի զգացում: Այս խումբը` ՔՊ-ականներից կազմված, պատրաստ է բացառապես ամենապղտոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ Հայաստանը տանել ոչնչացման: Նրանց ականջները լսում են այդ պղտոր գլոբալիստական կենտրոններին միայն»:

ՀՀ իշխանությունների կեցվածքը ողջ քրիստոնեական աշխարհի վրա սարսափելի տպավորություն է թողնում