Սեպտեմբերի 8-ին Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում զետեղվել է սույն տեղեկատվությունը․ «Այսօր, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առիթով, Հաղարծին բնակավայրում վերաօծվեց եւ հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, թեմի հոգեւոր դասը եւ բազմաթիվ հավատավոր զավակներ ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը։
Սուրբ վայրն ի սկզբանե կառուցվել է 1848 թվականին՝ Ոսկան քահանայի նախաձեռնությամբ, եւ տարիներ անց վերականգնվել ու վերակառուցվել է համայնքի ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինն է, որին միացան Հաղարծին գյուղի բնակիչները։
Նրանք իրենց հանգանակություններով եւ միջոցներով ակտիվորեն մասնակցեցին կառուցապատման աշխատանքներին՝ համատեղ ուժերով վերականգնելով գյուղի կարեւոր հոգեւոր օջախը։ Նորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը կարեւոր հոգեւոր իրադարձություն է համայնքի կյանքում, որը միավորեց հավատավոր ժողովրդին եւ նոր շունչ հաղորդեց Հաղարծինի հոգեւոր ու մշակութային կյանքին»։
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այդ առթիվ Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է գրառում, որտեղ մասնավորապես նշված է․ «Սիրելի՛ համագյուղացիներ, գործընկերներ, ես շնորհակալ եմ բոլորիդ` այս կարեւոր նախաձեռնությանը միանալու, ձեր կատարած յուրաքանչյուր աշխատանքի ու ներդրած ջանքերի համար։ Սա բոլորիս համար նշանակալի ու պատմական իրադարձություն է, քանի որ եկեղեցու հիմնադրումից շուրջ 175 տարի անց այն կրկին կանգուն է, կրկին հնչում է աղոթքի ձայնն ու վերակենդանանում հոգեւոր կյանքը։ Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դառնալու է համախմբման ու հավատքի հոգեւոր կենտրոն»։
Սակայն այդ եկեղեցին ոչ թե համախմբման, այլ զինված ռազբորկայի պատճառ է դարձել։ Դիլիջան համայնքից հայտնում են, որ մինչեւ եկեղեցու վերաօծումը, մոտ 1 ամիս առաջ, տեղի է ունեցել մեծ ռազբորկա, հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Եկեղեցու վերանորոգման պատվերը Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը տվել է իր մտերիմ, համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Նարեկ Հարությունյանին, որը հացի փուռ ունի։
Ն․ Հարությունյանը Հաղարծին բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի քեռորդին է: Հաղարծին գյուղում լուրեր են շրջում, որ Նարեկ Հարությունյանը եկեղեցու վերակառուցման համար հանգանակված գումարներից մսխել է։ Այդ կապակցությամբ մեծ ռազբորկա է եղել Հաղարծին գյուղից սերված Ռուսաստանի Խիմկի քաղաքում ապրող գործարար, Հաղարծինի եկեղեցու վերակառուցման համար գումար հանգանակած Սամվել Աղաջանյանի, որը հայտնի է Խիմկիի Սամո կամ Աժոյի Սամո անունով, եւ Նարեկ Հարությունյանի միջեւ:
Տասնյակ մարդիկ են հավաքվել այդ ժամանակ։ Նարեկ Հարությունյանի կողմնակիցներից մեկը` Հաղարծին գյուղի բնակիչ, նախկինում դատված, կրակել է Աղաջանյանի վրա, վերջինս խույս է տվել, գնդակը դիպել է Հաղարծինի բնակիչներից մեկին, որը Խիմկիի Սամոյի կողքին է եղել` վարորդի պարտականություններ է կատարելիս եղել։ Ըստ Դիլիջան համայնքի բնակիչների՝ գնդակը մտել-դուրս է եկել Հաղարածինի բնակչի մարմնի միջով, սակայն նա ողջ է մնացել։ Դիլիջանից ասացին, որ ողջ Հաղարծին գյուղը գիտի այդ զինված ռազբորկայի մասին։ Խիմկիի Սամոն, վախենալով իր կյանքի համար, դրանից հետ հեռացել է Ռուսաստան։ Թեեւ դեպքից անցել է մեկ ամիս, սակայն դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի մասին տեղեկատվություն չկա։
Դիլիջանի «Իռ-Վինգ» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Հաղարծինի բնակիչ Մերուժան Թամրազյանը հրազենային վնասվածքով ընդունվել է ԲԿ, ապա տեղափոխվել Երեւան՝ բուժման։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է