27/09/2025

Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի

Հայկական տեղեկատվական տիրույթում գործող թուրքամետ և իբր խաղաղասեր, ադրբեջանասեր սազանդարները շատ են գրգռվել իրենց տիրոջ՝ Ալիևի խոսքերից, թե իբր «Ադրբեջանը պատրաստ է փոխադարձաբար ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բայց հենց նույն այդ հայկական ազգանուններով պրոադրբեջանական քարոզչության «մարտիկները», որոնք (օ~ զարմանք) նստած են իշխանամետ տեղեկատվական դաշտում, մոռացել են մի քանի կարևոր հանգամանք.

1․ Ալիևը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ռազմավարական հատվածներում, ինչպես նաև Հայաստանի սահմանի ու ժամանակավորապես օկուպացված Արցախի հատման կետերում։

2․ Ալիևը պահանջում է (կան հիմնավոր կասկածներ, որ  արդեն ստացել է համաձայնություն) Հայաստանի հարավի դեսուվերենիզացիայի, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցք` Սյունիքով»։

3․ Օտար, կիսաքոչվոր թյուրքախոս ցեղերի առաջնորդ Ալիևը բացահայտ անվանում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» և պահանջում ստեղծել պայմաններ, որպեսզի հարյուր հազարավոր իր ցեղակիցներ բնակեցվեն Հայաստանում։

4․ Ալիևը չի ճանաչում Հայաստանը՝ այն սահմաններով, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։

5․ Ալիևը պահանջում է Հայաստանի սահմանների վերանայում՝ կեղծ «դելիմիտացիայի» և «դեմարկացիայի» անվան տակ։

6․ Ալիևը ոչնչացնում է Արցախի և Նախիջևանի բնիկ հայկական տարածքներում հայկական ժառանգությունը։

7․ Ալիևը հայերի ցեղասպանությունն Արցախում և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը Ադրբեջան կոչվող տարածքում ներկայացնում է որպես «պատմական հաղթանակ»։

8․ Ալիևը չի ճանաչում որևէ պայմանագիր և պնդում է, թե միջազգային իրավունքը լեգիտիմ ուժ չունի, գործում է միայն ուժի գործոնը։

9․ Ալիևը Հայաստանի մայրաքաղաքը՝ հին հայկական քաղաք Երևանը, հայտարարում է «Ադրբեջանի պատմական ժառանգություն»։ (Այն քոչվոր խումբը, որը մեր տարածաշրջանում հայտնվել է ընդամենը մի քանի դար առաջ, բացում է իր կեղտոտ բերանը հայկական պատմական ժառանգության վրա)։

10․ Ալիևը մեծացնում է իր երկրի ռազմական բյուջեն, որպեսզի Հայաստանը մշտապես պահի ռազմական էսկալացիայի շանտաժի տակ (իր իսկ խոսքով)։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ փաշինյանական իշխանությունը կրճատում է Հայաստանի ռազմական բյուջեն։

Իրականում Ալիևի ստերի ու մանիպուլյացիաների ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց ժամանակս խնայում եմ` ակնհայտ փաստերը թվարկելու համար։

Այսպիսով… Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի։

Արման Աբովյան