Հռոմի պապ Լևոն 14-րդը նոյեմբերի 28-30 –ը կայցելի Թուրքիա: Այդ մասին, հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությունը, տեղեկագրել է «Անադոլու» գործակալությունը և հավելել, որ Կաթոլիկ եկեղեցու Հովվապետն այդ առթիվ հրավեր ստացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:
Ըստ «Անադոլուի», Հռոմի պապը «կայցելի թուրքական Իզնիկ քաղաք՝ ի նշանավորումն Նիկիայի ժողովի 1700-րդ տարելիցի»: Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ նման պայմանավորվածություն Թուրքիայի և Վատիկանի միջև ձեռք է բերվել դեռևս Ֆրանցիսկոս պապի գահակալության շրջանում՝ 2024 թվականին:
Ըստ աղբյուրների, Նիկիայի առաջին կամ Տիեզերական, ժողովը գումարվել է 325 թվականին: Համարվում է, որ այդ ժողովն է սահմանել քրիստոնեական եկեղեցու առաջին «Հավատո հանգանակը»:
Հայ պատմագիտության մեջ տարածված տեսակետ կա, որ Նիկիայի Տիեզերական ժողովի մասնակից եպիսկոպոսների շարքում եղել է նաև Գրիգոր Լուսավորչի Արիստակես որդին, որ Հայաստան է բերել ընդունված «Հավատո հանգանակը»:
Հռոմի պապի Թուրքիա և, մանավանդ, պատմական Նիկիա այցը, ինչպես հասկացվում է «Անադոլուի» տեղեկատվությունից, ունենալու է քրիստոնեական ներկայությունը փաստելու և միջկրոնական համերաշխությունը խորհրդանշող իմաստ:
Պետք է ենթադրել, որ Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը Նիկիայում պաշտոնական ծիսակատարություն է անցկացնելու: Մամուլում այդ արարողություններին Ամենայն հայոց կամ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, կամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա:
Անշուշտ, Հռոմի պապի Նիկիա այցի և հավանական ծիսակատարության արարողակարգի հետ կապված հարցերը Վատիկանի և Թուրքիայի իշխանությունների պայմանավորվածությունների տիրույթում է:
Բայց քանի որ Նիկիայի Տիեզերական ժողովին Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակես եպիսկոպոսը մասնակցել է, ցանկալի է, որ նրա 1700-ամյակի առթիվ Հռոմի պապի ուխտագնացությանը ՀԱԵ-ն իր ներկայացուցչի ունենար:
Դա խորհրդանշականից զատ կամ դրանից առավել՝ քաղաքական խնդիր է:

Բաց մի թողեք
Կարո՞ղ են Եվրոպական քաղաքացիական նախաձեռնությունները Բրյուսելին դրդել գործել և փոփոխություններ մտցնել
20 պատժամիջոցներից հետո ԵՄ-ն վերջապես տեսնում է Ռուսաստանի տնտեսության ճաքեր
Հունաստանը մեծ խաղադրույք է կատարում MAGA-ի վրա, մինչդեռ ԵՄ մյուս երկրները հեռանում են Թրամփից