15/10/2025

Փաշինյանն իրեն առավել հարմարավետ է զգում ԱՊՀ ղեկավարների հետ, ովքեր տասնամյակներով սոսնձված են իրենց աթոռներին

Քաղաքագետ Արսեն Գասպարյանը վերջերս հիշեցրեց, որ Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում բռնապետերը հռչակում էին նոր հանրապետություն, որպեսզի հիմնավորեն իրենց հեղափոխությունը, հեղաշրջումը եւ ապահովեն երկարատեւ կառավարում:

Ավելացնեմ, որ նման պրակտիկա գոյություն ունի նաեւ հետխորհրդային տարածքում, եւ այն կոչվում է «զրոյացում»: Օրինակ, 2020 թվականին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց Պուտինի իրավունքը 5-րդ անգամ (3-րդ անգամ՝ անընդմեջ) ընտրվել ՌԴ նախագահի պաշտոնում, ինչը եւ տեղի ունեցավ 2024 թվականին եւ, կասկած չկա, որ եթե որեւէ ֆիզիկական խոչընդոտներ չլինեն, կրկնվելու է նաեւ 2030-ին:

Պուտինն, այդպիսով, իր գահին է նստած փաստացի 25 տարի: Նրանից հետ չեն մնում ԱՊՀ մյուս ղեկավարները՝ Լուկաշենկոն (31 տարի), Ռահմոնը (33 տարի), Ալիեւը (22 տարի): Առավել «թարմ է» Տոկաեւը (6,5 տարի): Ի դեպ, օգոստոսի 8-ի Օվալաձեւ դահլիճում «պատմական» հանդիպման ժամանակ Թրամփը հարցրեց Ալիեւին՝ քանի՞ տարի է վերջինս ղեկավարում երկիրը: Եվ, ստանալով պատասխանը, ԱՄՆ նախագահը մեկնաբանեց. «Դա նշանակում է, որ նա կարծր է եւ խելացի (tough and smart)»:

Այդ պնդումը, կարծում եմ, հակասում է ԱՄՆ քաղաքական ավանդույթներին, որովհետեւ աթոռին անվերջ սոսնձված մնալը, համենայնդեպս, մեծ խելքի նշան չէ: Կարծում եմ, ԱՊՀ վերոհիշյալ ղեկավարները հենց այն հարազատ միջավայրն են, որում Փաշինյանն իրեն առավել հարմարավետ է զգում:

Թե՛ քաղաքական ռեժիմների առումով եւ թե՛ հավերժ ղեկավարելու ձգտումներով: Ինչպես վերջին հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն՝ «Նիկոլ Վովաեւիչն առանց մեզ չի կարող» («Никол Воваевич без нас никуда»): Եվ դա միայն առաջին հայացքից է կատակ թվում:

Բայց հակառակն էլ է ճիշտ: Ի հեճուկս «արեւմտամետների» դավադրապաշտության՝ Փաշինյանն էլ Պուտինի համար է միանգամայն ձեռնտու դեմք: Բոլոր արտաքին խաղացողների համար է ձեռնտու: Այնպես որ՝ այդ առումով պետք չէ պատրանքներ ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ