11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Մարդկանց խորհուրդ տալու փոխարեն ձեր պաշտոնի գործերով զբաղվեք

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հասարակ բլոգերի նման եթեր է մտնում ու ծնողներին զգուշացնում, որ դեղատուփերը, թունավոր նյութերը, լվացման միջոցները` ժավելի սպիրտը, ացետոնը, այլ քիմիական նյութեր, հեռացնեն երեխաների համար հասանելի տեղերից:

Հրապարակ թերթը գրել է․ «Մենք 1 ամիս է՝ մանրամասն ուսումնասիրում ենք 2025 թվականին մանկական հիվանդացության եւ մահացության պատճառները՝ հասկանալու համար, թե ինչու ունենք աճ: Քայլեր ենք ձեռնարկել, ոչ մի երեխա պետք է չկարողանա հասանելիություն ունենա դեղորայքին, տան կենցաղում օգտագործվող վտանգավոր նյութերին»,- «լայվ է մտել» նախարարը:

Այլ կերպ ասած, նախարարությունն ուսումնասիրություն է կատարել ու հանգել նրան, որ մանկական մահացության աճի համար մեղավոր են ծնողները, ընտանիքը: Որքանո՞վ է սա բացատրում մանկական հիվանդացության եւ մահացության ավելացումը: «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը, ի պատասխան, վիճակագրություն է ներկայացնում. «Այս տարի 69 դեպք կա, իսկ 24 թվին եղել է 42 դեպք, այսինքն՝ շուրջ 64 տոկոսով ունենք ավելացում, ու սա պատճառ է, որ խրատական խոսք ասվի, որ երեխաները հանկարծ ժավել, մաքրման նյութեր չուտեն: Իմ կարծիքով, սա շատ փոքր հատված է, եւ իրականում մանկական հիվանդացության ու մահացության ավելացումը կապված է մանկաբուժական ծառայությունում առկա խնդիրների հետ, որոնք տարեցտարի ավելանում են»: Փորձագետը 2 գլխավոր խնդիր է մատնանշում, որոնց լուծումը կախված չէ երեխաների ծնողներից, այլ կախված է հենց նախարար Ավանեսյանի աշխատանքից:

«Առաջինը՝ նեղ մասնագիտական, մանկական բժիշկների խիստ պակաս կա, մանավանդ՝ մարզային բնակչության համար, մարզային հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում՝ մանկական ակնաբանների, նյարդաբանների, քիթ-կոկորդ- ականջաբանների եւ այլն: Սա էականորեն փոխում է  ախտորոշման որակը, ավելի շուտ հայտնաբերելիությունը, եւ այս խնդիրները խորանում են: Երկրորդն էլ այն է, որ մեծ հարցեր կան՝ բուժակ-մանկաբարձական կետից սկսած, «ամբուլատորիա-պոլիկլինիկա-մարզային հիվանդանոց»՝ այս շղթայի անխափան աշխատանքի հետ կապված, որոնք չեն լուծվում: Մի քանի տարի առաջ մանկաբուժական ծառայությունը մակարդակավորվեց, ունենք 1, 2, 3-րդ մակարդակի ծառայություններ, առանձնացվեցին փաթեթները, գները, թե որ հիվանդությունների ու վիճակների մեջ երեխան որտեղ է բուժվելու, բայց այս ամենը էֆեկտ ու դրական ազդեցություն չի ունեցել: Մինչեւ հորդորելն ու ծնողներին խրատներ տալը, պետք է զբաղվել սեփական, իր կողմից կառավարվող համակարգի մանկաբուժական ծառայություններում առկա խնդիրների վերհանմամբ ու լուծմամբ: Թե չէ, ստացվում է՝ էլի մեղավոր են մարդիկ»: